Վերջին շրջանում անընդհատ խոսվում է կրթության ոլորտում փոփոխությունների կամ բարեփոխումների անհրաժեշտության մասին։ Ովքե՞ր պետք է դա իրականացնեն, ի՞նչ գիտելիքներ ու հմտություններ նրանք պետք է ունենան։
Մի խումբ գիտնականների կողմից գրվեցին և կրթության ոլորտի շահառուներին ներկայացվեցին «Կրթության կառավարում» խորագրով «Մասնագիտական կրթության կառավարման հիմունքներ», «Կրթության կառավարման օրենսդրական կարգավորումներ», «Ֆինանսական կառավարումը բուհերում» և «Կրթության որակի ապահովումը բուհերում» գրքերը։ Սա լրացնում է լրջագույն մի բաց՝ այս դասագրքերը հայալեզու են և օգնելու են ուսանողներին սովորել, հետո մուտք գործել կրթության կառավարման ոլորտ։
«Առաջին բանը, որ ես կարող եմ հստակ շեշտել, դա այն է, որ հայալեզու ձեռնարկ ունենք։ Որովհետև, երբ ոլորտն ուսումնասիրում ենք, մենք հասկանում ենք, որ այս ոլորտի հետ կապված՝ գուցե մի քանի գիտական հոդվածներ կան, բայց հայալեզու ձեռնարկներ չկային, որոնք կօգնեն ուսանողին ուղղակի մտնե՛լ այս ոլորտի մեջ և ծանոթանալ։ Երկրորդ կարևոր բանը՝ սա հնարավորություն է դաշտում հավաքել բոլոր այն գիտնականներին, մարդկանց, ովքեր մասնագիտական կրթության որակի հետ կապված ունեն որոշակի հմտություններ, որոշակի փորձառություն և սա քննարկումների կբերի և արդյունքում, գուցե հետագայում ստեղծվի նաև համակարգային այնպիսի դասագիրք, որը ԿԳՄՍ նախարարության կողմից կհաստատվի, կերաշխավորվի և դա կլինի բոլորի համար ընդհանուր»,– ասում է բանասիրական գիտությունների թեկնածու,ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դոցենտ, «Մասնագիտական կրթության կառավարման հիմունքներ» գրքի համահեղինակ Աստղիկ Ավետիսյանը։
«Շատ կարևոր է, հատկապես կառավարման համակարգում, ուշադրություն դարձնել և՛ կրթության որակի, և՛ դասավանդման արդյունավետության վրա, որը կարող է նպաստել կրթության որակի բարձրացմանը»,– ասում է ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի կրթության կառավարման բաժնի շրջանավարտ, Երևանի Միքայել Նալբանդյանի անվան թիվ 33 հիմնական դպրոցի հ․լեզվի և գրականության ուսուցչուհի Նաիրա Աբրահամյանը։
«Որպես մագիստրոսական կրթական ծրագրի ուսանող կարող եմ նշել, որ ձեռնարկները ոլորտի ներկայացուցիչների համար կարևոր էին օդ ու ջրի նման, որովհետև չկար հայալեզու համապատասխան գրականություն կրթության կառավարման գործընթացների վերաբերյալ։ Եվ, երբ ես ու կուրսընկերներս իմացանք ձեռնարկների մասին և հասկացանք, որ դրանք ընդգրկում են կրթության հիմնական սյուները, այսինքն՝ ամբողջ կրթության համակարգը, ֆինանսավորումը, օրենսդրությունը և կրթության որակի ապահովումը, մենք հասկացանք, թե ինչ կարևոր զինանոց է հայտնվել մեր ձեռքի տակ», – ասում է ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի ուսանող, մագիստրոս Մարգարիտա Ոսկանյանը։
«Դպրություն» հաղորդման հյուրեն են՝ Բանասիրական գիտությունների թեկնածու,ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դոցենտ Աստղիկ Ավետիսյանը, ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի կրթության կառավարման բաժնի շրջանավարտ, Երևանի Միքայել Նալբանդյանի անվան թիվ 33 հիմնական դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Նաիրա Աբրահամյանը և ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի ուսանող, մագիստրոս Մարգարիտա Ոսկանյանը։