Դպրություն

Աղմուկ «Առողջ ապրելակերպ» դասընթացի շուրջ․ «Դպրություն»

Այսօր հանրության կողմից աղմուկ է բարձրացել «Առողջ ապրելակերպ» թեմայի շուրջ։   Քննադատվում են 5-րդ դասարանում դասավանդվող թեմաները։ Ի՞նչ աղմուկ է, ի՞նչ խոցելի թեմաներ կան։

«2007 թվականից, հանրապետության բոլոր դպրոցներում պետական պարտադիր ժամաքանակի հաշվին, ֆիզկուլտուրա առարկայում ներառված դասավանդվում է «Առողջ ապրելակերպ» դասընթացը՝ 8-11-րդ դասարաններում։ Այժմ էլ շարունակվում է դասավանդվել, քանի որ նոր չափորոշիչը 5-րդ և 7-րդ դասարաններում է ներդրվել։ Ըստ նոր չափորոշիչների՝ կարիք եղավ իջեցնելու շեմը և 5–րդ դասարանից ներդնելու «Առողջ ապրելակերպ» խմբակի գործունեությունը», – ասում է Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի (ԿԶՆԱԿ) գնահատման, մշակման և զարգացման բաժնի պետ, «Առողջ ապրելակերպ» աշխատանքային խմբի ղեկավար Լուսինե Ալեքսանյանը։

«Սեռական դաստիարակության եզրույթը, որը շատ է շոշափվում և շատ են դրա մասին խոսում, թե՛ չափորոշիչներում, թե՛ ծրագրում վստահ չեք գտնի։ Այստեղ խոսքը գնում է սեռական և վերարտադրողական առողջության մասին։ Եվ այդ վերարտադրողական առողջության թեմաները բաշխված են ըստ դասարանների՝ 5-11-րդ դասարան, հաշվի առնելով երեխաների զարգացումը և այդ տարիքին բնորոշ  թեմաների անհրաժեշտությունը»,– ասում է «Արաբկիր» բժշկական համալիրի երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի մանկաբույժ, դեռահասների առողջության ծրագրերի համակարգող Մարինա Մելքումովան։

«Այն ուսուցիչները, ովքեր պատրաստ են պարապել «Առողջ ապրելակերպ» խմբակում, պետք է մնան և վերապատրաստվեն։ Իսկ այն ուսուցիչները, ովքեր ըստ էության զգում են, որ չեն կարող կամ դժվարանում են առարկայի մեթոդաբանության և այլնի մեջ, իրենք պետք է հրաժարվեն։ Ցավոք սրտի, նախկինում ֆիզկուլտուրայի ուսուցիչները, ովքեր պարապում էին այս առարկան, բազմաթիվ թեմաներ կային, որ շրջանցում էին։ Այնինչ այդ թեմաները բավական կարևոր էին սովորողների համար։ Իմ վերապատրաստած ուսուցիչները այսօր շատ լավ դասեր են անցկացնում, և արձագանքներ եմ լսում, որ «Առողջ ապրելակերպ»-ի խմբակի օրերին դպրոցում  տոն է»,– վստահեցնում է Ծաղկաձորի միջնակարգ դպրոցի հասարակագիտության ուսուցչուհի, «Առողջ ապրելակերպ»-ի խմբակավարներ վերապատրաստող մենթոր Արփինե Հովհաննիսյանը։

Back to top button