ԿարևորՄշակույթ

Կամրջելով դպրոցներն ու թանգարանները. մեկնարկում է «ԴասԱրվեստ» ծրագիրը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ այսօր ՀՀ Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղի Զորավար Անդրանիկ Օզանյանի անվան հմ. 5 հիմնական դպրոցում կմեկնարկի «ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրը:

Ծրագրի հիմնական նպատակն է կամրջել թանգարաններն ու կրթական հաստատությունները, նպաստել արվեստ և կրթություն կապի ամրապնդմանը:

Ծրագրի առաջին փուլը տեղի կունենա մայիսի 2-ից 17-ը: Կմասնակցեն Հայաստանի տարբեր համայնքների, այդ թվում՝ ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի, Ջանֆիդա գյուղի, ՀՀ Արարատի մարզի Դվին, Գետազան համայնքների, ՀՀ Կոտայքի մարզի Նուռնուս և Բջնի, ՀՀ Տավուշի մարզի Հաղարծին և Աչաջուր, ՀՀ Լոռու մարզից Գյուլագարակ, Ամրակից, Արդվի, Օձուն գյուղերի և ՀՀ Արագածոտնի մարզից Ապարան քաղաքի և Ծիլքար գյուղի հանրակրթական ուսումնական հաստատությունների աշակերտները:

Ծրագրում ընդգրկված են 19-րդ դարի երկրորդ կեսի և 20-րդ դարի հայկական կերպարվեստի առանցքային հեղինակների հայտնի ստեղծագործությունները: Դպրոցների կրտսեր, միջին և ավագ տարիքային խմբերի համար նախատեսված են մի քանի թեմատիկ ծրագրեր` «Գույների աշխարհում», «Մոնումենտալ արվեստը», «Իմ Կոմիտասը», «Ազգային էպոս», «Բեմանկարչության արվեստը», «Գեղանկար տարածության մեջ»: Յուրաքանչյուր թեմատիկ ծրագրի շրջանակում կներկայացվեն համապատասխան ստեղծագործություններ, կկազմակերպվեն կրթական ծրագրեր և դասախոսություններ, որոնք կվարեն Հայաստանի ազգային պատկերասրահի մասնագետները:

«ԴասԱրվեստ» ծրագրի շրջանակում կազմակերպված թեմատիկ ցուցադրությունների, դրանց նվիրված կրթական ծրագրերի և դասախոսությունների միջոցով աշակերտները կճանաչեն հայ կերպարվեստի խոշոր ներկայացուցիչներին, ձեռք կբերեն կերպարվեստին վերաբերող տարրական գիտելիքներ (կերպարվեստի տեսակներ ու ժանրեր, գեղանկարի և գրաֆիկայի տեխնիկաներ, նյութ և այլն), կծանոթանան թանգարանագետի և արվեստաբանի մասնագիտություններին, ինչպես նաև տեղեկություն կստանան Հայաստանում կերպարվեստի և աշխարհում հայկական կերպարվեստի հավաքածու ունեցող թանգարանների պատմության մասին:

Ծրագիրը միտված է թանգարանային գործունեության ապակենտրոնացմանը և կրթական հաստատությունների ու թանգարանների միջև կապի ամրապնդմամբ առավել զարգացած ու մշակութային հասարակության ձևավորմանը:

Ծրագրի երկրորդ փուլի մեկնարկը կտրվի 2024 թվականի սեպտեմբերի 10-ին ՀՀ Վայոց ձորի մարզից:

Back to top button