ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Լարված իրավիճակ Կիրանցում. գյուղ տանող ճանապարհն այժմ էլ փակ են պահում իրավապահները

Ողջ օրը լարված է եղել իրավիճակը Կիրանցում։ Վաղ առավոտից   Ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացրել տեղում,  բերման են ենթարկվել, ապա ազատ արձակվել մի քանի տասնյակ քաղաքացիներ, որոնք արդեն երկու շաբաթ  հերթապահությամբ փակ են պահում Վրաստան տանող միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը: Նրանք այս կերպ իրենց դժգոհությունն ու անհամաձայնությունն են հայտնում սահմանազատման սկսված գործընթացի հիմքում ընկած մոտեցումների դեմ։ Բերման ենթարկվածներն ազատ են արձակվել, բայց իրավիճակի լարվածությունը չի նվազել։ Կիրանց տանող ճանապարհն այժմ փակ են պահում իրավապահները՝ թույլ տալով միայն տեղական գրանցում ունեցողների և գյուղում գրանցված մեքենաների մուտքը։

«ՀՀ պաշտպանության նախարարությունը Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի ՀՀ Տավուշի մարզի Կիրանց գյուղի և Ղազախի շրջանի Խեյրեմլի գյուղի հատվածում իրականացնում է ականազերծում, պետական սահմանի տվյալ հատվածի վերարտադրության նպատակով Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերի կողմից գեոդեզիական չափումների հիման վրա՝ կոորդինատների ճշգրտման աշխատանքների իրականացումը ապահովելու համար». այս հայտարարությունը տարածվեց մայիսի 2-ի առավոտյան Ներքին գործերի նախարարության կողմից, որտեղ նաև նշվում է, որ ոստիկանությունը Տավուշում ականազերծման գոտիներում իրականացնում է ուժեղացված ծառայություն՝ ականապատ գոտիներ քաղաքացիական անձանց մուտքը թույլ չտալու և նրանց անվտանգությունն ապահովելու համար։

Ավելի ուշ ՆԳՆ-ն երկրորդ հայտարարությունը տարածեց՝ վստահեցնելով, թե ոստիկանությունը Տավուշի մարզում ոչ թե հատուկ գործողություն, այլ ուժեղացված ծառայություն է իրականացրել՝ անվտանգային նկատառումներից ելնելով։

Իսկ Կիրանցում վաղ առավոտից իրավիճակը գերլարված էր։ Նախ հայտնի դարձավ, որ բերման են ենթարկվել Վրաստան տանող միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածն արդեն երկու շաբաթ փակ պահող շուրջ երեք տասնյակ քաղաքացիներ։ Գյուղի բնակիչների խոսքով՝ նրանք բերման են ենթարկվել վաղ առավոտյան՝ բռնություններով և ուժի գործադրմամբ։

«Բռնի ուժով, ծեծելով գցեցին մեքնենաները ու տարան։ Հայկական տարածքը մաքրելով գալիս են, որքան կարելի է։ Մեռնեմ ջանիդ, իմ հողնա մնացել էնտեղ»:

Ավելի ուշ Ներքին գործերի նախարարությունը հերքեց բերման ենթարկվածներին ծեծի ենթարկելու տեղեկությունները՝ պարզաբանելով, թե նրանք իրավապահների օրինական պահանջներին չեն ենթարկվել։ Բերման ենթարկված քաղաքացիներն ազատ արձակվեցին, սակայն փակ մնաց Իջևանից Կիրանց տանող ճանապարհը։  Այժմ այն փակ է իրավապահների կողմից, թույլ է տրվում  միայն գյուղում գրանցված բնակիչների ելումուտը տարածք, մյուս անձանց համար մուտքը փակ է։

Ճանապարհը փակ է նաև հոգևորականների համար, որոնք վերջին օրերին մասնակցում էին բողոքի ակցիաներին, այդ թվում՝ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի:

 «Ուղղակի ամաչում եմ, որ հայ ոստիկանը ճամփան փակում է զուտ գյուղ այցելելու, մարդկանց տեսնելու համար, հասկանալու թե ինչ վիճակում են գտնվում։ Ցավոք սրտի, այսպես է, ուրիշ բան չունեմ ավելացնելու։ Սա էն ստի պատմության խարաններից մեկն է, որ դաջվում է մեր ճակատին»։

Ավելի ուշ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Կիրանցում անհամաչափ ուժ է կիրառվել տեղի բնակիչների նկատմամբ։

«Հուսանք, որ կլինեն կոնկրետ հաղորդումներ հանցագործությունների մասին, որովհետև թե տեղի բնակիչները ում նկատմամբ կիրառվել է բռնություն, վնասվածքներ են ստացել և այդ ֆիզիկական ուժ գործադրումը, որին պետք է նախորդեր պատշաճ հաղորդումը գլխավոր դատախազությանը, որ կիրառվելու է ֆիզիկական ուժ։ Սա հաշվի առնելով կարծում եմ, որ այս գործողությունները անհրաժեշտռություն են»։

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր  Վահե Ղալումյանը ԱԺ ամբիոնից հաստատեց, որ 30 մարդ բերման է ենթարկվել, սակայն հերքեց ուժի կիրառման մասին տեղեկությունները

«Կիրանց գյուղի գրեթե 30 բնակիչ բերման է ենթարկվել ոստիկանություն, այնտեղ եղել են ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչներ, որոնց հետ կապվել եմ և որոնք փաստում են, որ ոչ ոք բռնության մասին չի խոսել»։

Տավուշցի պատգամավորը նաև նշել է, թե որն է Կիրանցում բուն խնդիրը։ 

«Շատ լավ է, որ գնում եք էդ գյուղացիների դարդը կիսելու, բայց նրանց դարդը էն չի, որ ճանապարհը փակ մնա։ Էդ գյուղացիների խնդիրը իրենց վերաբերվող 1-2 տան հարցն է, և ՀՀ վարչապետը մի քանի անգամ ընդունել է նրանց, լսել և ասել, որ այո, դա պետության խնդիրն է, իսկ թե պետությունը ոնց կարա լուծի էդ խնդիրը, ցույց կտա առաջիկայում։ Կիրանց գյուղին վերաբերվող 11 նշակետից  ականազերծման աշխատանքները պետք է կատարվեն առաջիկա օրերին։ 3-4-ը սեփականության վկայականների ուսումնասիրության համար գյուղացիների պահանջով հետաձգվել է։ Պետք է հասկանալ` որն է ճիշտը, որը անել»։

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը կատարվածի առնչությամբ օտարերկրյա  դեսպանների հետ  հանդիպելու անհրաժեշտություն է տեսնում։ Կարծում է` նրանց հանրության այն հատվածի դիտանկյունից, որը սահմազատման որդեգրված մոտեցումները չի կիսում,  իրավիճակը ներկայացնելու կարիք կա։

«Դրանք հիմնականում այն երկրներն են, որոնք այս տարիների ընթացքում իրականացրել են ծրագրեր՝ սկսած ԵՄ պատվիարակության ղեկավաից, ԵԽ-ից   մինչև ԱՄՆ, Գերմանիա, Մեծ Բրիտանիա։ Կան այնքան կուտակված հարցեր, որ անհրաժեշտություն է առաջացել այդ ֆորմատով հանդիպում անելու։ Մեզ համար նախընտրելի է, որ դա կազմակերպվի հնարավորինս շուտ։ Բայց ելնելով որոշակի տեխնիկական հարցերից, որը մեզանից կախված չէ, դժվար է ասել այսօր, վաղը թե մի քանի օրից կկազմակերպվի»։

ՆԳՆ վերջին պարզաբանման համաձայն՝  Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հատկանիշներով իրավախախտում կատարելու համար ոստիկանություն է տարվել 30 անձ, որոնք վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելուց հետո ազատ են արձակվել։

Back to top button