Վերնատուն

Սկսել ենք ոչ միայն ինտենսիվ թարգմանել, այլ նաև ավելի լավ․ Զավեն Բոյաջյան. «Վերնատուն»

Թարգմանիչ, «Անտարես» հրատարակչության խմբագիր Զավեն Բոյաջյանն ամփոփում է անցնող թարգմանական տարին։ Ասում է, որ վերջին տասնամյակի թարգմանական բումը հնարավորություն տվեց լցնել հայերեն թարգմանական գրականության ահռելի բացը՝ ծանոթացնելով բազմաթիվ գրողների ու մտածողների և ստեղծվելով հետաքրքիր մատենաշարեր, օգնեց, որ ավելի քաղաքակիիրթ դառնանք։

«Եթե զգուշավորությունը մի կողմ թողնենք, առանց չափազանցության կարող եմ ասել, որ այս տասնամյակի ընթացքում մենք ահռելի թռիչք ենք գործել։ Բայց այդ մեծ փոփոխությունները բավարար չափով չեն ֆիքսվել, չեն արձանագրվել և չեն վերլուծվել։ Դա ցույց կտար, թե որտեղից ուր ենք եկել և ինչի պակաս ունենք, ինչ կարող էինք անել, որ չենք արել», – ասում է Զավեն Բոյաջյանը։

Զավեն Բոյաջյանը կարևորում է նաև, որ այս տարիներին 99 տոկոսով հաղթահարվել է միջնորդ լեզվից թարգմանությունը, որ մենք այլևս կառչած չենք ռուսերենից։ «Երբ մենք թարգմանում ենք միջնորդ լեզվից, մենք ակամայից ընդունում ենք ուրիշի խաղի կանոնները», – ասում է նա։

Թարգմանիչը նշում է, որ ռուսական թարգմանական դպրոցը սեփական առանձնահատկություններն ունի, դա շատ հաճախ վերաշարադրանքի դպրոց է, որտեղ հաճախ տեքստը տնայնացվում է՝ ռուս մարդու համար առավել հասկանալի դարձնելու համար։ Խոսելով հայկական թարգմանական դպրոցի մասին՝ նշում է, որ մեզանում բնագրի հանդեպ ավելի մեծ հարգանք կա, ճշգրիտ թարգմանելու ձգտումը նույնիսկ ծայրահեղության է հասնում։

Զավեն Բոյաջյանն ասում է, որ մենք ոչ միայն սկսել ենք ինտենսիվ թարգմանել, այլ նախկինի համեմատ ավելի լավ՝ հավելելով, որ ունենք գեղարվեստական թարգմանության բում, բայց չունենք բուհեր, որտեղ գեղարվեստական թարգմանիչներ են պատրաստվում։

«Սա ցույց է տալիս, որ մեր կրթական համակարգը կամ հետամնաց է, կամ խուլ։ Իրական կյանքի արձագանքները տեղ չեն հասնում», – ասում է նա։ Նշում է, որ վերջին տարիներին երիտասարդ շնորհալի թարգմանիչների թիվն ավելացել է. «Ես շատ զգայուն եմ վերաբերվում երիտասարդներին և ուզում եմ, որ երիտասարդ, պատրաստված, գիտակ թարգմանիչներ ունենանք, ես իմ ուժերի չափով աշխատում եմ նպաստել դրան։ Գրական թարգմանիչ լինելը մի քիչ ավելի գայթակղիչ դարձավ, քան նախկինում էր։ Հուսով եմ նրանց քանակն ավելի կշատանա և թարգմանությունն ավելի հաճելի զբաղմունք կհամարվի»։

2023–ը քաղաքական ծանր տարի էր, նպաստավոր պայմաններ չստեղծվեցին, խանգարող հանգամանքները շատ եղան, որ նախորդ տարիների նման ավելի առատ գրականություն հրատարակվի։ Այնուհանդերձ՝ երկու նոր մատենաշար հիմնվեց՝ «Նոբելյանից հինգ պակաս» և «Դետեկտիվ և ընկերություն», ավարտին հասցվեց Այզեկ Ազիմովի «Ակադեմիա» եռագրությունը,Ռոբերտ Մուզիլի «Մարդը առանց հատկությունների» վեպը՝ Աշոտ Ալեքսանյանի թարգմանությամբ։ Լույս տեսավ Օսկար Ուայլդի հայտնի «Դորիան Գրեյի լուսանկարը»՝ լավ հայերենով, Էմիլի Բրոնթեի «Մոլեգին հողմերի դարավանդը»՝ նոր խմբագրությամբ, Ֆրիդրիխ Հյոլդեռլինի «Հիպերիոն կամ ուխտավորը Հունաստանում»՝ Հակոբ Մովսեսի թարգմանությամբ, Ջոն Ֆաուլզի «Հավաքորդը» հոգեբանական թրիլլերը՝ Զավեն Բոյաջյանի թարգմանությամբ և այլն։

Զավեն Բոյաջյանը ասում է, որ կուզենար, որ Հայաստանում ավելի շատ կարդային ժամանակակից գրականություն, ծանոթանային ժամանակակից հեղինակներին՝ դասական գրականությունը թողնելով ուսումնական ծրագրերին։

Back to top button