ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Դուրս գալ «լինել ֆորպոստ, կամ չլինել» բանաձևից․ սահմանազատում՝ տարբեր մոտեցումներով

Աշխարհի տասնյակ երկրներ, միջազգային կազմակերպություններ ողջունել են Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը` սահմանազատում իրականացնել Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա. ողջունել են  Ամերիկայի Միացյալ Նահանգները, Եվրամիությունը, ՄԱԿ-ը, բազմաթիվ այլ երկրներ։ Ինչ-որ առումով սա նաև դարձել է դիվանագիտական միջազգային կոնտեքստ, և Հայաստանը շարունակելու է այս ճանապարհով գնալ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին Հանրային հեռուստաընկերությանը տված ծավալուն հարցազրույցում անդրադարձել է իրականացվող և սպասվող աշխատանքներին։

Սահմանազատման քայլերի հաջորդականության հարցում, ըստ վարչապետի՝ կա հստակ պայմանավորվածություն․ առաջինը՝ լուծվելու է սահմանազատվող հատվածներում սահմանի պահպանությունը սահմանապահ զորքերին հանձնելու հարցը։ Իսկ Արծվաշենի և Հայաստանի 31 գյուղերի հարցը լինելու է հետագայում սահմանազատման գործընթացում։

Մինչդեռ խորհրդարանական ընդդիմությունը ԱԺ ամբիոնից ձևակերպում էր այլ անելիքներ, որոնք անհրաժեշտ է համարում և պնդում է, որ այս փուլում պետք է կասեցնել և դանդաղեցնել սահմանազատման գործընթացը։

Կա՞ արդյոք պայմանավորվածություն Հայաստանի և Ադրբեջանի միջև, որ Տավուշի հատվածում սահմանազատվող տարածքից հայկական դիրքի հետքաշմանը զուգահեռ պետք է տեղի ունենա նաև մեր ինքնիշխան տարածքում գտնվող ադրբեջանական մեկ դիրքի հետքաշում․ Հանրայինի եթերում այս հարցին վարչապետ Փաշինյանի պատասխանից պարզ է դառնում, թե Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատված հատվածներում իրարից որքան հեռու են լինելու կողմերը։

«Քարտեզի մասշտաբից կախված այս գիծը գետնի վրա ունի լայնություն։ Կարող է լինել 40 մետր լայն, կարող է լինել 15 մետր և այլն։ Սահմանազատված հատվածներում ՊՆ-ն ծառայություն չի իրականացնելու սահմանի պահպանության համար։

Սահմանի պահպանության հարցը ամբողջությամբ իրականացնելու են ԱԱԾ սահմանապահ զորքերը, որովհետև սահմանապահ զորքերի մանդատն է իրականացնել ՀՀ սահմանի պահպանությունը։ Այսինքն՝ այդ հատվածում սահմանի վրա, մենք ՊՆ դիրքեր չենք ունենալու։ Այո, կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ, բայց այդ դիրքը դուրս է գալիս, որովհետև ՊՆ-ն այդ գծի վրա այլևս ծառայություն չի իրականացնելու, ծառայություն իրականացնելու է ՀՀ սահմանապահ զորքերը»։

Փաշինյանի խոսքով՝ ինքը տեղյակ չէ, թե սահմանազատման աշխատանքները Տավուշից հետո որտեղ են շարունակվելու։ Վկայակոչում է փոխվարչապետների ապրիլի 19-ի պայմանավորվածության ժամկետները և կարևորում մինչև հուլիսի 1-ը համատեղ աշխատանքի կանոնակարգի մշակումն ու հաստատումը։ Ըստ վարչապետի՝ այդ փաստաթուղթն ու Մհեր Գրիգորյան-Շահին Մուստաֆաև հետագա հանդիպումներն են հստակեցնելու աշխատանքների հաջորդականությունը։

Փոխարենը՝ վարչապետ Փաշինյանի ուշադրությունը գրավել է ընդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը՝ Հայաստանի Կադաստրի կոմիտեից փաստաթղթերի անհետացման մասին։ Պատգամավորը պնդում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերջին երկկողմ ստորագրված ակտը «Հայկական ԽՍՀ և Ադրբեջանական ԽՍՀ առանձին հողօգտագործողների միջև սահմանի ճշգրտման մասին» 1988 թվականի արձանագրությունն է։ Դրան կցված է եղել 182 սահմանազատման քարտեզ, որոնք վերաբերում էին 975 կմ սահմանի երկայնքին։ Կոնկրետ Տավուշում սահմանազատվող հատվածների առնչությամբ կարևոր փաստաթուղթ է, պնդում է ընդդիմադիր պատգամավորը՝ վկայակոչելով Կադաստրի կոմիտեից ստացված գրությունները։ 2022-ին Կադաստրի կոմիտեում այդ փաստաթղթերը եղել են, իսկ 2024-ին նույն կառույցը այլևս չի կարողացել տրամադրել դրանք։

Վարչապետին հետաքրքրել է այս հարցը․ «ՊՆ-ն իր գործառույթներն իրականացնելու համար այդ փաստաթղթերը խնդրել է Կադաստրի կոմիտեից և այն տրամադրվել է ՊՆ-ին, ենթադրում եմ, գաղտնիության ավելի բարձր աստիճանով, և երբ երկրորդ անգամ Կադաստրի կոմիտեին դիմել են, Կադաստրի կոմիտեն ասել է, որ իրենց ձեռք տակ այդ փաստաթղթերը չկան։ Ենթադրում եմ՝ թյուրիմացությունները կարող են կախված լինել այդ ռեժիմների հետ։ Բոլոր փաստաթղթերը, բնականաբար, կան, ՀՀ կառավարության տրամադրության տակ են։ Մենք կարող ենք ունենալ տարբեր տեղերի համար տարբեր փաստաթղթերի տրցակներ, որովհետև պրոցեսները մի երկրի մեջ է եղել՝ Խորհրդային Միության։ Հիմա մենք պետք է սկզբունք որդեգրենք, թե ինչ սկզբունքով ենք սահմանազատումը իրականացնում։

Մենք այդ տարբեր տրցակներից վերցնում ենք այն թղթապանակները, որոնք իրար հետ լեգիտիմ կապ ունեն, և այդ լեգիտիմ կապով մենք ոչ թե մեկ առանձին վերցրած հատվածի խնդրի տրամաբանությամբ ենք նայում, այլ, որ մեր սահմանի ամբողջ երկայնքի լեգիտիմ վերարտադրումը կարողանանք ապահովել»։

Ընդդիմության համար, սակայն, այս բացատրությունները բավարար չեն, նրանք շարունակում են պնդել, որ իշխանությունը սխալ ճանապարհ է ընտրել, որը խորհրդարանական ընդդիմությունը անվանում է ոչ թե «սահմանազատում», այլ՝ «միակողմանի զիջումներ»։ Ի՞նչ կաներ նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, եթե այսօր ունենար իշխանություն։ Աժ ամբիոնից նա խոսեց իր պատկերացրած ճիշտ դիվանագիտության, համախմբվածության, Հայաստանը ապաշրջափակելու ծրագրերի մասին։ Հիշեց, որ պատերազմից հետո ազգային անվտանգության ռազմավարությունը և ռազմական դոկտրինը չեն վերանայվել և շարունակում են մնալ նույնը։

«Ամենաառաջին քայլը, այսօրվա իրավիճակից ելնելով, պետք է անհապաղ բեկում մտցնել սահմանազատում և սահմանագծում գործընթացի մեջ։ Կասեցնել, դանդաղեցնել և իրական սահմանագծում և սահմանազատում իրականացնել, որը այսօրվա իրականության մեջ արտահայտվում է ԵԱՀԿ քարտուղարության փաստաթղթերի պահանջների համաձայն՝ իր սկզբունքներով, գործողությունների իր հերթականությամբ։ Դրա արդյունքը չի կարող հանդիսանալ ապագա լարվածության և ապակայունացման աղբյուր։ Պետք է գալ համատեղ այնպիսի պայմանավորվածությունների, որ պատերազմը ոչ մի կողմի համար ձեռնտու չլինի։ յուրաքանչյուր կողմ հասկանա, որ նշված իրավիճակում իր կողմից ցանկացած խախտում կարող է կործանարար լինել և կարող է հարված ստանալ հակառակորդից»։

Խորհրդարանական մեծամասնությունը, սակայն, այս խորհուրդները ժամանակավրեպ է համարում։

ԱԺ ՔՊ խմբակցության անդամ Վաղարշակ Հակոբյան․ «Ես զարմանում եմ, իսկապես։ Գալիս այստեղ կանգնում, ասում եք՝ գնացեք միջազգայիններին այսպես ասեք, ասեք՝ սա ենք անում, նա ենք անում, այսպես է մեզ հարմար։ Այ, ձեր ցավը տանեմ, 30 տարի դուք էիք, գնայիք, ասեիք, անեիք, մեզ էլ ասեիք՝ մենք այս հարցը լուծել ենք։ Ունեցել եք այդ հնարավորությունը։ Դուք անհասկանալի իշխանություն եք եղել։ Սահմանազատման և սահմանագծման մասով դա որևէ մեկի ցանկությունը չէ։ Գոյություն ունեն միջազգային նորմեր, նորմատիվներ, որոնց համապատասխան տեղի է ունենում սահմանազատում։ Տիգրան Գալստյանն ասում էր՝ դուք բացում եք մեր երկրի առաջ թշնամու դուռը։ Ընդհակառակը, մենք սրանով փակում ենք մեր երկրի առաջ թշնամու դուռը, որովհետև այնտեղ, որտեղ սահմանը գծվում է, այնտեղ այլևս զինվոր չի լինելու, սահմանապահներ են լինելու»։

Ինչ վերաբերում է իրադարձությունների հետագա ընթացքին, ապա դրանք գլոբալ առումով նկարագրեց Նիկոլ Փաշինյանը։ Ըստ վարչապետի՝ այն ամենը, ինչ տեղի է ունենում, Հայաստանի ինքնիշխանության մասին է։ Ասում է՝ Հայաստանը փորձում է դուրս գալ «կամ պետք է լինես ֆորպոստ, կամ պետք է չլինես» տարիներ շարունակ պարտադրված բանաձևից։

Back to top button