ԿարևորՌեպորտաժներՎերլուծական

Մոսկվան ու Բաքուն դարձյալ թարմացնում են միջանցքի թեման

Պուտին-Ալիև հանդիպումից հետո դարձյալ  ակտիվացել են Նախիջևանը Ադրբեջանին կապող ճանապարհի մասին քննարկումները։ Վերջին օրերին այս թեմայով հայտարարություններ են հնչել թե Բաքվից, թե Մոսկվայից։ Ալիևը խնդրին անդրադարձել է իր երկրում ընթացող բնապահպանական  ֆորումի շրջանակում։ Նոյեմբերի 9-ի հայտարարության թեման թարմացրել է նաև Կրեմլը։ Փորձագետները  ուշադրություն են հրավիրում ոչ միայն այս, այլ նաև հանգամանքին, որ հայտարարություններն ավելի սուր են դարձել ապրիլի 5-ին Բրյուսելում տեղի ունեցած ԱՄՆ-ՀՀ-ԵՄ հանդիպումից հետո։

Ուշադրության արժանի է ոչ այնքան Ալիևի հայտարարությունների բովանդակությունը, որքան իրադարձությունների հաջորդականությունը՝  ասում է քաղաքական վերլուծաբան Մանվել Ղումաշյանը՝ մեկնաբանելով Բաքվից ու Մոսկվայից  նոյեմբերի 9-ի փաստաթղթի  մասին հիշատակումները։

«Դե Մոսկվայից հետո ի՞նչ պետք է ասեր, հատկապես, որ ապրիլի 5-ի նախօրեին Բլինքենը զանգահարել էր իրեն, որին հաջորդեց այն, որ ասաց, որ ընդունում է Ալմա-Աթայի հռչակագիրը։ Դրանից հետո պարզ է որ պետք է ռևերանս աներ Ռուսաստանի կողմը։ Ալիևն այսօր կապված մարդ է, շատ վատ վիճակում է՝ մի կողմից Ռուսաստանն էհարվածում, մյուս կողմից՝ Արևմուտքը։ Դրա համար պետք չէ լուրջ ընդունել այդ հայտարարությունները, եթե մի այլ իրադարձություն սպասվի, օրինակ բանակցություններ Արևմուտքում կամ ԱՄՆ–ում,  լրիվ ուրիշ բաներ կասի։ Բայց հիմա դե Մոսկվա էր գնացել առավել ևս ռուսները զորքերը հանել են խաղաղապահ, պարզ է որ պետք է սիրաշահի Պուտինին»։

ՌԴ նախագահի հետ հանդիպումից հետո Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրս բերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչն արդյունքում ամրապնդել է Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները:

Պուտին-Ալիև հանդիպումից հետո Մոսկվան ու Բաքուն թարմացրել են նաև  «Զանգեզուրի միջանցքի» թեման։  Ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանի կարծիքով՝ Բաքուն միջազգային հանրությանը իրողությունները խեղաթյուրված է ներկայացնում։  

«Ալիևը նշել է, որ իրենց դիրքորոշումը շատ հստակ է՝ 2020 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հռչակագիրը պետք է հարգվի, և Ադրբեջանից Հայաստանի տարածքով Նախիջևան ցամաքային մուտքը պետք է ապահովվի միջազգային վերահսկողության և անվտանգության մեխանիզմով»։

Նոյեմբերի 9-ի հայտարարությունը հարգելու մասին խոսում են այն երկիրները, որոնք չեն իրագործել դրա դրույթները՝ հիշեցնում է վերլուծաբան Ղումաշյանը։ Լաչինի միջանցքի փակումն արդեն իսկ հակասում էի նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթներին՝ ասում է վերլուծաբանը՝ հիշեցնելով, որ դրան հաջորդեցին Արցախում էթնիկ զտումները։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը նույնպես խոսել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մասին։ Այն  շարունակում է գործել և եռակողմ պայմանավորվածությունների փաթեթը, որն ընդունվել է Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների կողմից, պահպանում է իր արդիականությունը։ Երեք կողմերից որևէ մեկը այդ պայմանավորվածությունները չի չեղարկել՝ ասել  է Մարիա Զախարովան:

«Բոլորն էլ հասկանում են թե Բաքվում և թե Մոսկվայում, որ նոյեմբերի 9-ի հայտարարություն չկա, ըստ էության։ Նույնիսկ այն փաստը, որ Գորիսից հանեցին ռուսական հենակետը, հիշում եք, որ մի երկու օր առաջ Գորիսից մտան ռուսական խաղաղապահները, հետո պարզվեց, որ իրենք եկել էին այդտեղ տեղակայված կայանները հավաքելու, իսկ դրանք տեղակայված էին մեկ նպատակով, որպեսզի ապահովեին այսպես կոչված «զանգեզուրյան միջանցքը և եթե դա էլ տարան, ուրեմն։  Թե Մոսկվայից, թե Բաքվից ու նույնիսկ Երևանից կարող են խոսքեր լինել, բայց իրական քաղաքականությունը գնահատելու համար պետք է հետևել Բրյուսելի ու Վաշինգտոնի ռեակցիային»։

Նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետում նշվում է, որ տարածաշրջանում բացվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը։ Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի և Նախիջևանի արևմտյան շրջանների միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել երթևեկություն կազմակերպելու նպատակով։

Հայաստանը բազմիցս նշել է, որ այս դրույթի իրագործումը  պատկերացնում է այդ ճանապարհի նկատմամբ  իր իրավազորության շրջանակում։

Back to top button