ԿարևորՌեպորտաժներՎերլուծական

Հայաստանին Ադրբեջանը հավելյալ պահանջներ կներկայացնի․ փորձագետ

ՀՀ վարչապետը բրիտանական մի շարք հեղինակավոր լրատվամիջոցներին տված հարցազրույցում ֆիքսել է, որ տարածքային ամբողջականության ճանաչումը արձանագրված է «Խաղաղության օրակարգի» հիմնարար սկզբունքներում։ Նա անհանգստություն է հայտնել Հայաստանի Զինված ուժերում  ընթացող բարեփոխումների դեմ Բաքվից հնչող ագրեսիվ հայտարարությունների առնչությամբ։ Այս հայտարարությունները վերլուծելով՝ փորձագետներն արձանագրում են, որ գործընթացում  ծուղակներ կան, Բաքուն անընդհատ նոր պահանջներ է ներկայացնելու Հայաստանին։

Հայաստանի Զինված ուժերի դեմ ադրբեջանական հայտարարություններից մինչև տարածքային ամբողջականության ճանաչման մասին արձանագրություններ ու ՀԱՊԿ հետ հարաբերություններ. ՀՀ վարչապետը բրիտանական լրատվամիջոցներին պարզաբանումներ է ներկայացրել «Խաղաղության օրակարգի» շուրջ։ Նա շեշտել է, որ հետևողականություն է անհրաժեշտ «Խաղաղության օրակարգում» արձանագրվածը իրականացնելու առումով։

«Արձանագրենք, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության երեք հիմնական սկզբունքները արձանագրված են, առաջինը՝ Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչում  են 1991 թ Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, երկրորդը՝ Հայաստանն ու Ադրբեջանը 1991 թ Ալմա-Աթայի հռչակագիրը վերցնում են որպես քաղաքական հենք սահմանազատման գործընթացի համար և երրորդը՝ տարածաշրջանային կոմունիկացիաները , հաղորդուղիները պետք է բացվեն երկրների ինքնիշխանության, իրավազորության ներքո՝փոխադարձության ու հավասարության սկզբունքի հիման վրա»։

Քաղաքագետ Արա Պողոսյանը, սակայն, Բաքվից հնչող հայտարարությունները համադրելով վարչապետի թեզերին, վտանգավոր միտումներ է արձանագրում։

«Տարածքային ամբողջականության ճանաչումը քաղաքական գործընթաց է կամ այլ կերպ ասած քաղաքական ակտ է, երբ որևէ պետություն ճանաչում է։ Սրան հաջորդում է արդեն իրավական ու տեխնիկական ընթացակարգերի փուլը։ Բայց այստեղ մենք ծուղակում ենք հայտնվել թե բառային և թե ընթացակարգային իմաստով։ Այդ ընթացակարգերից մեկը ստեղծված հանձնաժողովների աշխատանքի կանոնակարգն է։ Արդյո՞ք սա հաստատված է։ Հաստատված չէ, բայց մենք կատարում ենք միակողմանի զիջում այն պարագայում, երբ Ադրբեջանից արդեն որերորդ անգամ հայտարարում են, որ այն դիրքերը, որ գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ՝ չեն զիջվելու»։

ՀՀ վարչապետը անհանգստացնող է որակել Ադրբեջանի ագրեսիվ արձագանքը Հայաստանի ԶՈՒ բարեփոխումներին և սպառազինության ու տեխնիկայի ձեռքբերումներին, թեև դրանք ունեն բացառապես պաշտպանական նշանակություն։ Որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը՝ ասել է վարչապետը։

«Պետք է արձանագրենք, որ մարտունակ բանակ ունենալը, այո, երբեմն օգտագործվում է պատերազմի համար, բայց մարտունակ բանակ ունենալը կարևոր է նաև խաղաղության համար, ուժերի ճիշտ բալանս ձևավորելու համար»:

Վարչապետը նաև բրիտանական ԶԼՄ–ներին պարզաբանել է, որ  Բաքվին առաջարկվել  է  չհարձակման մասին համաձայնագիր ստորագրել անգամ մինչև խաղաղության պայմանագրի շուրջ համաձայնություն ձեռք բերելը՝ ելնելով այն իրողությունից, որ փոխադարձաբար տարածքային ամբողջականությունները ճանաչվել են և միմյանց նկատմամբ տարածքային նկրտումներ չկան։ Այս նկատառման վերաբերյալ էլ, քաղաքագետի կարծիքով, մտահոգություններ կան՝ հաշվի առնելով հանգամանքը, որ Բաքուն պատրաստ էլ չէ օկուպացված հայկական տարածքներից հեռանալ․

«Հայկական քաղաքական օրակարգ բերված այն թեզը, որ Ադրբեջանը այս, կամ այն սպառազինության առումով ունի վերապահումներ՝ ինքնին խոսում է ՀՀ ինքնիշխանության պակասի կամ դեֆիցիտի մասին, որովհետև յուրաքանչյուր պետություն ունի սուվերեն իրավունք այս կամ այն ձևով ռազմական ուժեր ունենալու, բարեփոխումներ անելու, սպառազինություն ներմուծելու։Կարծեք ինքնախոստովանական էր նաև, որ Ադրբեջանը, ըստ էության, ՀՀ-ից ունի հավելյան պահանջներ, որոնք ոչ թե փաթեթային այլ փուլային տարբերակով ներկայացվում են ՀՀ իշխանություններին։ Ասել է թե յուրաքանչյուր հերթական պահանջի բավարարումից հետո մենք ականատեսն ենք լինում և լինելու հերթական նոր պահանջների»։

ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների մասին հարցին անդրադառնալով՝ ՀՀ վարչապետը հիշեցրել է, որ երբ Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանն ագրեսիայի դիմեց, հայկական կողմը սահմանված կարգովձեռնարկեց ճգնաժամային իրավիճակներում ՀԱՊԿ արձագանքի մեխանիզմները գործարկելու հնարավորությունները։ Դրանք, սակայն չգործարկվեցին պատճառաբանությամբ, որ սահմանները դելիմիտացված չեն:

 «Սահմանը կա և բոլորը գիտեն սահմանի տեղը։ Ըստ էության նրանք ասում են, որ ՀԱՊԿ պատասխանատվության գոտի ՀՀ-ում իրենք չեն կարող ցույց տալ։  Սա, կներեք, նշանակում է, որ իրենք ասում են, ՀԱՊԿ  ըստ էության չկա, որովհետև դելիմիտացված չի նաև օրինակ սահմանը՝ Ռուսաստանի և Ճապոնիայի միջև»:

Եթե այսպես շարունակվի վերամասնակցությունը ՀԱՊԿ-ին գործնականում կդառնա անհնարին՝ ասել է Փաշինյանը:

Back to top button