ԿարևորՄիջազգային

Թբիլիսին խնդրահարույց օրինագծով ինքնիշխանությունն է պաշտպանում․ փորձագետ

Վրաստանի իշխող ուժի հակաարևմտյան հռետորաբանությունը վտանգում է երկրի եվրաատլանտյան ինտեգրմանը և խաթարում է ԱՄՆ-Վրաստան գործընկերությունը, հայտարարում է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակ Մեթյու Միլլերը: Փորձագետների կարծիքով, սակայն, պաշտոնական Թբիլիսին ոչ թե քաղաքական կուրսի փոփոխություն է ուզում, այլ երկրի ինքնիշխանության պահպանում։

Այսօր Վրաստանի ինքնիշխանությունը կարևոր է այդ երկրի իշխանությունների համար, «Ռադիոլուրի» հետ զրույցում ասում է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը՝ վերլուծելով հարևան Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունները։ Թբիլիսիում մի քանի օր է՝ լարված է իրավիճակը՝ բողոքի բազմամարդ  ակցիաներ, բերման ենթարկվածներ, բախումներ ցուցարարաների ու ոստիկանության միջև, մեկ տասնյակից ավելի հոսպիտալացված մարդիկ․․․

Վրաստանի խորհրդարանը, չնայած երկրում բողոքի ալիքին, երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» խնդրահարույց օրինագիծը։

«Օտարերկրյա կազմակերպությունների ազդեցությունը երկրի տարածքում այն աստիճան է աճել, որ սկսել է լուրջ մտահոգել իշխանություններին, որ նրանք կորցնում են իշխանությունը երկրում։ Այստեղ հարցը ոչ թե իշխանությունների մասին է, այլ պետության, և նրանք սկսեցին սահմանափակել ոչ պետական կազմակերպությունների գործունեությունը, որպեսզի այդ կազմակերպությունները զեկուցեն, թե ինչի վրա են գումարները ծախսում և անցնեն այդպիսով կառավարության համար վերահսկելի դաշտ։ Սա, իհարկե, դուր չի եկել Վրաստանի արևմտյան գործընկերներին, և նրանք սկսեցին տարբեր եղանակներով ճնշումները»։

Խնդրահարույց, այսպես ասած՝ «օտարերկրյա գործակալների» օրինագծի դեմ լարվածության այս ֆոնին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հրաժարվեց է մեկնել Միացյալ Նահանգներ, ինչի մասին տեղեկացրեց ԱՄՆ դեսպանատունը։ Ավելի ուշ արդեն Վրաստանի ԱԳՆ-ն պարզաբանեց, որ Վրաստանի վարչապետը հրաժարվել է մեկնել ԱՄՆ, քանի որ Վաշինգտոնը «օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի հետ կապված պայման էր առաջադրել։

«Վրաստանի վարչապետը հրավիրվել է ԱՄՆ՝ վերապահումով, որ մինչ այցը Վրաստանի խորհրդարանը պետք է ժամանակավորապես դադարեցնի «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագծի քննարկումը, ինչը չի համապատասխանում գործընկերային հարաբերությունների ոգուն՝ հիմնված փոխադարձ հարգանքի ու փոխվստահության վրա»,- նշվում է Թբիլիսիի հայտարարությունում։ Քաղաքագետը այս օրինագծի ընդունումը ոչ թե քաղաքական վեկտորի փոփոխություն է համարում, այլ վերահսկողություն Վրաստանում օտարերկրյա ֆինանսավորմամբ աշխատող կազմակերպությունների ու անհատների նկատմամբ։

«Ես չէի անվանի, որ սա շրջադարձի փորձ է, Վրաստանի իշխանությունները չունեն նպատակ փոխելու իրենց արտաքին վեկտորը դեպի ռուսական, այլ փորձում են ներկա իրավիճակում արևմտամետ դիրքորոշման մեջ ավելի մեծ ազատություն ձեռք բերել։ Բացի այդ, Վրաստանը վաղուց է արևմտյան վեկտորը վերցրել, բայց շատ համեստ էին արդյունքները, և սա լուրջ դժգոհություն է առաջացնում թե՛ երկրի ներսում, թե՛ իշխանությունների մոտ։ Այսինքն, խնդիրն այն է, որ Արևմուտքը ունակ չէ այս պահի դրությամբ ավելին առաջարկել»։

Սրան զուգահեռ ԵՄ արժեքների էվոլյուցիան, ըստ Հրանտ Միքայելյանի, շատ արագ է տեղի ունենում, իսկ Վրաստանը հավատացյալ երկիր է, ինչը լուրջ անհանգստություն է առաջացրել երկիր «նոր արժեքների» ներթափանցման հարցում։

Վրացի մեկնաբանները նշում են, որ եկեղեցին գործնականում այս հարցում սատարում է իշխանությանը, քանի որ, ըստ հոգևորականների, իշխանությունը պաշտպանում է երկրի ավանդական արժեքները:

Վրաց ուղղափառ եկեղեցին ստեղծված իրավիճակում իշխանությանն ու ընդդիմությանը բանակցությունների սեղանի շուրջ նստելու կոչ է արել:

Արդյո՞ք Վրաստանում տեղի ունեցողը նշանակում է, որ խզում է առաջանում Թբիլիսիի ու Վաշինգտոնի հարաբերություններում, ինչի մասին բավականին ակտիվ  են արտահայտվում ոչ միայն փորձագետները։

ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը հայտարարում է, որ պետքարտուղար Բլինքենն ուշադիր հետևում է տեղի ունեցող իրադարձություններին։ Միլլերը նշում է, որ ԱՄՆ դատապարտում է պետական պաշտոնյաների կողմից հակաարևմտյան հռետորաբանությունը պաշտպանելու համար կիրառվող կեղծ փաստարկները: Միլլերը հստակեցնում է, որ այն դեռ օրինագիծ է և Վաշինգտոնը մտահոգված է և լրջորեն է վերաբերվում հարցին։

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն էլ  X-ում գրում է, որ դատապարտում է բռնությունները Թբիլիսիի փողոցներում։ Վրացի ժողովուրդը եվրոպական ապագա է ցանկանում գրել է նա, հստակեցնելով, որ Վրաստանը խաչմերուկում է և պետք է մնա դեպի Եվրոպա տանող ճանապարհին:

Այն, ինչ կատարվում է Վրաստանում, Հրանտ Միքայելյանի կարծիքով Վրաստանի ապագայի պայքարի մի մասն է դառնում, քանի որ հոկտեմբերին Վրաստանում խոհրդարանական ընտրություններ են սպասվում, որոնք էլ կորոշեն Վրաստանի զարգացման հետագա ուղղությունը։

Կարդացեք նաև

Back to top button