
Տավուշի մարզում 4 ուղղությամբ իրականացվող սահմանազատումը Հայաստանի և Ադրբեջանի միջև ոչ միայն ներքաղաքական խնդիրներ է առաջացրել, այլև վեր է հանել քաղաքացիների իրավունքի դաշտում առկա խնդիրները: Խոսքը սեփականության իրավունքի մասին է:
Բնակիչները ահազանգում են, կառավարությունը հաստատում է՝ սահմանազատման արդյունքում Ադրբեջանի հսկողության տակ անցնող տարածքներում կան տներ և հողատարածքներ, որոնց սեփականության վկայականները քաղաքացիները ստացել են ՀՀ-ից: Այժմ սահմանազատման գործընթացին զուգահեռ փորձ է արվում լուծել նաև այս խնդիրը:
Այս պահին հստակ թիվ չկա, թե Տավուշի մարզում, օրինակ, Կիրանցի հատվածում տեղի ունեցող սահմանազատման գործընթացի արդյունքում այդ գյուղի քանի՞ բնակչի սեփականության իրավունքն է խախտվելու: Գյուղացիների և իշխանության ներկայացրած տվյալները տարբեր են: Եթե Կիրանցի բնակիչները տեղում ցույց են տալիս երեք տասնյակի հասնող սեփասկանության իրավունք, որոնք ըստ սահմանազատվող քարտեզի՝ վտանգված են, ՔՊ խմբակցության անդամ Վահե Ղալումյան, օրինակ, այլ թվեր է հրապարակում ԱԺ ամբիոնից:
Կիրանցի բնակիչներ. «Սա այն սեփականության վկայականներն են, որ լրիվ անցնում է Ադրբեջանին: Համագյուղացիների սեփական հողերն են 45 տարով վարձակալել են համայնքից: Այսքանը տալիս են: Կա, որ ամբողջությամբ են տալիս, կա, որ կեսն են տալիս:
-Հիմա դե թող գան, այս կադաստրային որոշումների պատասխանը տան»:

Վահե Ղալումյան. «Շատ լավ է, որ գնում եք գյուղացիների դարդը կիսելու, բայց այդ գյուղացիների դարդը այն չէ, որ միջպետական ճանապարհը փակ մնա, անհասկանալի պահանջներ առաջադրվեն: Այդ գյուղացիների խնդիրը իրենց վերաբերող 1-2 տան հարցն է, որին ընդառաջ 4 անգամ Հանրապետության վարչապետը ընդունել է այդ գյուղացիներին»:
Կիրանցի բնակիչ Խանում Թամրազյանի տունը, օրինակ, ամբողջությամբ հայտնվելու է Ադրբեջանի վերահսկողության տակ: Նա ցույց է տալիս իր սեփականության վկայականը, որը նա Կադաստրի կոմիտեից ստացել է 2023 թվականի սեպտեմբերին:
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հայտարարում է, որ ուշադրության կենտրոնում է պահում Կիրանցի բնակիչների սեփականության իրավունքի խախտման հարցերը: Անձամբ եղել է սահմանամերձ տարածքներում, նաև Կիրանցում:
«Ես սա հաղորդել եմ նաև պետական մարմիններին: Այս դեպքում նույնիսկ, եթե անձինք չունենան սեփականության իրավունքի վկայական, բայց տարիներ շարունակ իրացրած լինեն որևէ անշարժ գույքի տիրապետման, օգտագործման իրավազորությունը, միևնույն է, պետությունը ունի այս դեպքում պարտավորություններ։ Անկախ նրանից, թե ով է իշխանությունը, պետությունն է թույլ տվել, որպեսզի այդ իրավազորությունների իրացումը տեղի ունենա, և բնականաբար, պետությունը պարտավոր է կրել սրա հետ կապված բոլոր հետևանքները, այդ թվում՝ փոխհատուցման և տարբեր ձևաչափերի միջոցով»:

Նման խնդիրներ միայն Կիրանցում չէ, որ կան: ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը նաև այլ օրինակներ է բերում.
«Շուռնուխի բնակայրերի մասին է խոսքը, որտեղ կան սեփականության կոնկրետ վկայականներ, և որոնք կառավարությունը ընդունել է, որ դա ՀՀ տարածք է և փոխհատուցման գումար է նախատեսվում այդ անձանց, երբ փաստացի համաձայնություն է տվել, որպեսզի ադրբեջանական զորքերը կամ հիմա ձևակերպում են տալիս իբր սահմանապահ ուժերը գտնվում են այդտեղ»:
Կառավարող ուժը այս պահին պատասխանում է Կիրանցի հետ կապված խնդիրներին: ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը պնդում է՝ Կիրանցում սեփականության իրավունքի խախտման մասին հայտարարությունները չափազանցված են.
«Այնտեղ դեռ տեղի չի ունեցել սահմանազատման գործընթաց և այդ տների վերաբերյալ դեռ որևէ հստակ բան հնարավոր չէ ֆիքսել»:

Ինչ է սա նշանակում՝ հասկանալի է դառնում վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքից: Կիրանց գյուղի հատվածում կա սահմանազատման ենթակա 11 կետ։
Առաջիկա օրերին սկսվելու է այն հատվածի սահմանազատումը, որը չի վիճարկվում, այդ թվում՝ Կիրանցի ժողովուրդի կողմից, ասում է վարչապետը: Մյուս 3-4 կետերի շուրջ լուծումներ են փնտրում:
«Այդ 4 կետերի շուրջ աշխատանքը կշարունակենք, մինչև գանք ինչ-որ մի հայտարարի և կարողանանք սեղանին դնել համոզիչ փաստարկներ, որոնք կընդունվեն որպես ճշմարտություն»:
Փաշինյանն ասում է, որ գյուղացիների հետ հանդիպմանը ուղիղ ասել է, թե ինչ խնդիրների են բախվում, օրինակ, քարտեզի վրա և տեղում՝ գետնի վրա GPS համակարգով աշխատելու դեպքում:

«Մենք մոտավորապես ենք խոսում քարտեզի, գծի մասին, բայց մենք չգիտենք, դա տեղում ոնց է լինելու, ոնց է արտահայտվելու: Ոսկեպարի և Բերքաբերի փորձը մեզ դա է ցույց տվել: Մենք մտածել ենք տեղ, ենթադրենք ինչ-որ մի կետից կլինի 50 մետր հեռավորության վրա, հետո սարքը ցույց է տվել, որ այդտեղ 100 մետր հեռավորության վրա է: Տեղ կա, որ մենք մտածել ենք, որ 150 մետր հեռավորության վրա կլինի, սարքը ցույց է տվել, որ 30 մետր հեռավորության վրա է: Մետրերի մասին կարող է խոսք լինել, բայց կիլոմետրերի մասին չի կարող խոսք լինել: Մենք գիտենք, եզրային սահմանը անցնում է գյուղի առնվազն պռնկով: Եթե ամայի տարածք լիներ, նույնիսկ տասնյակ մետրեր այս կողմ, այն կողմ, ոչ մի հույզ չէր առաջացնի: Մենք չգիտենք՝ ինչ է գետնին վիճակը, պետք է գետնի վրա աշխատենք, որ հասկանանք: Բայց ես ասել եմ հրապարակային՝ եթե հանկարծ ծագի այդ կարգի խնդիրներ, դա իրենց խնդիրը չէ, դա իմ և կառավարության պրոբլեմն է: Այո, սեփականության վկայագրեր կան, փաստաթղթեր կան: Մենք չենք կարող ասել՝ ոչ, չկա այդպիսի բան: Պետք է առնչվենք, պետք է խոսենք մարդկանց հետ, պետք է հասկանանք, պետք է հիմքերը պարզենք»:
Վարչապետի խոսքում նույնպես չկա հստակեցում, թե քանի սեփականության իրավունքի խնդիր կարող է առաջանալ:
Հայաստանի կառավարությունից Կիրանցի համայնքային ղեկավար Կամո Շահինյանին 60% երաշխիք են տվել, որ գյուղի որևէ տուն չի հայտնվի Ադրբեջանի տարածքում: Համայնքապետի խոսքով՝ նախնական հաշվարկով, սահմանազատումից հետո Ադրբեջանին էր անցնում 2 տուն, բայց ևս 8-9 տուն շատ մոտ է այդ սահմանին։




