ԿարևորՌեպորտաժներՎերլուծական

Հայաստանի համար շահավետ է Սաուդյան Արաբիայի հետ հարաբերություններ զարգացնելը․ արաբագետ

Հայաստանն ու Սաուդյան Արաբիան սկսել են հետաքրքրություն դրսևորել միմյանց նկատմամբ և դրական են համարում քաղաքական երկխոսությունը երկու երկրների միջև։ Սաուդյան Արաբիայում է Հայաստանի արտգործնախարար Արարտ Միրզոյանը։ Համագործակցությունը զարգացնելու հեռանկարը նախարարի հանդիպումների ու քննարկումների առանցքում է։ Արաբագետները Հայաստանի համար շահավետ են համարում Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունները զարգացնելը։

Հայաստանի ու Սաուդյան Արաբիայի միջև 30 տարի շարունակ հարաբերությունների բացակայությունից հետո քաղաքական, դիվանագիտական ու տնտեսական հարթություններում երկխոսություն է սկսվել։ Հարաբերությունները զարգացնելու համար դա արդեն լավ հիմք է համարում արաբագետ Արաքս Փաշայանը։

«Վերջին 30 տարվա ընթացքում Սաուդյան Արաբիայի ու Ադրբեջանի միջև ձևավորվել են շատը սերտ հարբերություններ, և կարելի է ասել, որ Հայաստանը բաց է թողել այդ 30 տարին, ինչը կապ է ունեցել արցախյան հակամարտության հետ, քանի որ Սաուդյան Արաբիան հրաժարվում էր Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ ձևավորել, պատճառ բերելով արցախյան հակամարտությունը, քանի որ ինքն իրեն համարում է իսլամական աշխարհի շահերը պաշտպանող պետություն»։

ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը Սաուդյան Արաբիա այցի ընթացքում այդ երկրի արտգործնախարարի հետ հանդիպման ժամանակ վստահեցրել է, որ Հայաստանը զարգացնում է քաղաքական երկխոսությունն ու գործընկերությունն արաբական բոլոր երկրների հետ, և այդ առումով կարևորել է Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների բացը լրացնելու ուղղությամբ  քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը: Սաուդյան Արաբիայի Թագավորության արտաքին գործերի նախարար արքայազն Ֆեյսալ բին Ֆարհան Ալ Սաուդն ու Հայաստանի արտգործնախարարը արձանագրել են, որ արդեն գոհացնող է երկու երկրների միջև քաղաքական երկխոսության զարգացման դրական դինամիկան։ Դիվանագիտական հարաբերություններ հաստատելուց հետո բարձր մակարդակի այցը համագործակցությունը խորացնելու ցանկության վկայություն է:  

«Սաուդյան Արաբիան հանգուցային երկիր է արաբական, իսլամական աշխարհում, Մերձավոր Արևելքում և անդին։ Սաուդյան Արաբիան մի շարք ազդեցիկ կազմակերպությունների հիմնադիր է և անդամ, այդ թվում՝ «Արաբական երկրների լիգայի», «Իսլամական երկրների համագործակցություն» կազմակերպության, «Ծոցի համագործակցության խորհուրդ»։ Այն ռեուրսային հսկա պետություն է և մեծ ազդեցություն ունի միջազգային հարաբերություններում հակամարտությունների և այլ խնդիրների կարգավորման կամ դրանց վրա ներազդեցության առումով»։

Արաբագետ Արաքս Փաշայանը նկատռում է, որ Սաուդյան Արաբիան որոշակի ընդհանուր հետաքրքրություններ ունի Ադրբեջանի հետ, որոնք պայմանավորված են Իրանի հետ հարաբերություններով։ Հիմա սակայն,  որոշակի նպաստավոր պայմաններ են ստեղծվել հայ–սաուդական հարաբերություններ հաստատելու և զարգացնելու համար։ Արաբագետը նշում է, սակայն, որ Սաուդյան Արաբիան որոշակի զգուշավորություն է դրսևորում, և շատ մեծ դինամիկա առայժմ չկա Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման առումով, չնայած որ երկու երկրների միջև խորքային հակասություններ, հատկապես քաղաքական ոլորտում, փաստացի գոյություն չունեն։

Հայաստանի արտգոծնախարարի՝ Սաուդյան Արաբիա այցի ընթացքում ուշադրության առանցքում են եղել առևտրատնտեսական, զբոսաշրջության, կրթության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում, ինչպես նաև մշակութային արժեքների պաշտպանության հարցերում համագործակցության զարգացմանն առնչվող հարցերը:

Արարատ Միրզոյանն ու Ֆեյսալ բին Ֆարհան Ալ Սաուդը քննարկել են միջազգային կազմակերպությունների շրջանակներում, բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցեր, այդ թվում՝ «World Expo 2030» -ի անցկացման համատեքստում:

Իսկ Սաուդյան Արաբիայի Էկոնոմիկայի և պլանավորման նախարար Ֆեյսալ բին Ֆադլ բին Մուհսին Ալ-Իբրահիմի հետ հանդիպման ժամանակ սաուդական կողմն առաջարկել է փոխհամաձայնեցնել երկու երկրների հետաքրքրություններն արտացոլող «ճանապարհային քարտեզ»՝ առկա ներուժի առավելագույն արդյունավետ իրացմանհամար։ Մասնավորպես շեշտվել է առևտրատնտեսական կապերի ամրապնդման կարևորությունը, գործարար շրջանակների միջև անմիջական կապերի խթանումը, պարբերական ուղիղ ավիաչվերթների իրականացումը։ Կողմերը պայմանավորվել են անհրաժեշտ իրավապայմանագրային հիմքեր մշակել այդ ուղղությամբ։

Նախարար Միրզոյանը ներկայացրել է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը և առաջարկել է դիտարկել դեպի Սև ծով կոմունիկացիաների զարգացմանն ուղղված Ծոցի երկրներին ընձեռնվող հնարավարությունները։

Արաբագետը «Ռադիոլուրի» հետ զրույցում ասաց, որ արդեն իսկ այդ երկրում նկատել է հայկական կերակրատեսակների նկատմամբ մեծ հետաքրքրություն. «Մեծ հետաքրքրություն կա Սաուդյան Արաբիայում հայկական խոհանոցի նկատմամբ, և վերջերս մի շարք ռեստորաններ են բացվել։ Այնպես որ, կարծում եմ, որ շատ ոլորտներ կան, որտեղ կարելի է համագործակցել, բայց ինչ-որ մի կետից պետք է սկսել, զարգացնել, որպեսզի դրանք գնան ճիշտ ուղղությամբ և նպաստեն երկու երկրների հարաբերությունների նորմալացմանն ու զարգացմանը»։

Back to top button