Սփյուռքի ձայնը

Տիգրան Չուխաջյանի «Արշակ Երկրորդ» օպերայի ոդիսականը. «Սփյուռքի ձայնը»

Տիգրան Չուխաջյանի «Արշակ Երկրորդ» օպերայի ամբողջական տարբերակը ներկայացվել է հայկական բեմում։ Նախատեսվում է բեմադրության պրեմիերա նաև Իտալիայում:

Մարտի 22-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում «Արշակ Երկրորդ» օպերայի չուխաջյանական ու թերզյանական տարբերակի պրեմիերան էր։

Ի՞նչ ճանապարհ է անցել Չուխաջյանի համանուն ստեղծագործությունը, և ի՞նչ դերակատարում ունի ֆրանսաբնակ բեմադրիչ, դերասան և «Չուխաջյան» կենտրոնի  հիմնադիր Ժիրայր Բաբազյանը:

«25 տարի շարունակ զբաղվել եմ այս գործի ուսումնասիրությամբ ու բնօրինակի փնտրման աշխատանքներով: Ոդիսկան կարելի է համարել Տիգրան  Չուխաջյանի «Արշակ երկրորդ» օպերայի ճակատագիրը: Այն կոմպոզիտորը գրել է 1868 թվականին, այնպիսի մի  ժամանակաշրջանում, երբ արդեն սկսվել էին Օսմանյան կառավարության արգելափակումներն ու զրկանքները: Վատ էր նաև դրամական վիճակը Պոլսում, և շատ հարուստներ գումար չէին տալիս ներկայացումների համար: Հենց այդ պատճառով էլ այս ներկայացումը բեմ չբարձրացավ: Տիգրան Չուխաջյանը գրաքննությունից ազատվելու համար անգամ փոխել էր օպերայի անվանումը՝ այն կոչելով Արշակի բյուզանդացի կնոջ՝ Օիմպիայի անունով: Սակայն դա էլ չօգնեց նրան, և նա ստիպված մեկնեց Փարիզ՝ իր հետ տանելով նոտաները: Ֆրանսահայ մեծահարուստներից մեկը Չուխաջյանին  խոստացել էր հովանավորել՝ օպերան բեմադրելու համար, սակայն մինչ նա հասել էր Փարիզ, մեծահարուստը վախճանվել էր», — պատմում է Ժիրայր Բաբազյանը:

«Արշակ Երկրորդ» օպերայի համար լիբրետտոն գրել էր թատերագիր Թովմաս Թերզյանը՝ իտալերեն և հայերեն բնօրինակով: Այն չընդունվեց Հայաստանում: Իսկ պատճառն այն էր, որ Արշակի կերպարը նկարագրված էր բացասական:

«Երաժշտագետները կարծում էին, որ դեմ կլիներ Ստալինի հայացքներին, և գրվեց նոր լիբրետտո՝ թատերագիր Գուլակյանի կողմից: Լիբրետտո, որը կապ չուներ Թովմաս Թերզյանի բնագրի հետ: Ի վերջո, 1945 թվականին օպերան բեմ բարձրացավ: Իսկ ամենացավալին այն է, որ այս օպերայում փոխվեց նաև Չուխաջյանի երաժշտությունը», — պատմում է Ժիրայր Բաբազյանը:

«Արշակ Երկրորդ» օպերան, ի վերջո, 2000-ական թվականներին բեմադրվեց թերզյանական ու չուխաջյանական տարբերկով Սան Ֆրանցիսկոյում: Այն թեև ներկայացվեց հայերենով, սակայն աղճատված կերպարներով ու երաժշտությամբ՝ ասում է Բաբազյանը, որի շնորհիվ այս օպերան թարգմանվեց ու տրամադրվեց Սան Ֆրանցիսկոյի օպերային մեծ թատրոններից մեկին:

Վերջերս էլ օպերայի բնօրինակը իտալացի ու հայ մասնագետների կողմից թարգմանվեց, մշակվեց ու ներկայացվեց Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում:

«Իտալացի մասնագետները հիացած էին Չուխաջյանի երաժշտությամբ ու նշում էին, որ այն կներկայացվի Իտալիայում», — ավելացնում է բեմադրիչ Ժիրայր Բաբազյանը:

Back to top button