Սփյուռքի ձայնը

Լեհաստանում Սփյուռքի գործերի հանձնակատարը` հայ համայնքի, ավանդույթների ու խնդիրների մասին. «Սփյուռքի ձայնը»

Սփյուռքի հանձնակատարի գրասենյակը տարբեր երկրներում հայկական սփյուռքի աշխատանքները կազմակերպված իրականացնելու համար մի քանի ամիս առաջ որոշեց տեղում սփյուռքի հանձնակատարներ նշանակել: Գործընթացը սկսվեց Լեհաստանի հայ համայնքից, որը հարյուրամյակների պատմություն և ավանդույթներ ունի։

Լեհաստանի Սփյուռքի գործերի հանձնակատար Դիանա Հովակիմյանը, որը մոտ 8 տարի առաջ է Հայաստանից տեղափոխվել Լեհաստան, նշում է, որ ըստ պաշտոնական և տարբեր տեղեկությունների` Լեհաստանում այսօր ապրում է 30-40 հազար հայ։ Դիանան թեև մի քանի տարի առաջ է ծանոթացել հայկական այս համայնքին, սակայն ներգրավված լինելով լեհահայ կազմակերպություններից մեկի աշխատանքներին` այսօր քաջատեղյակ է հայության  խնդիրներին, հնարավորություններին և այլն։

«Հայերը Լեհաստանում ունեն 600 տարվա պատմություն։ Դեռևս  դարեր առաջ Կաժիմիշ Մեծը տվել է հայերին արտոնություն՝ աշխատելու, սեփական եկեղեցին ունելնալու և դիվանագիտություն ստեղծելու համար։ Հենց այդ ժամանակներից  էլ սկսվել է հայկական համանքի ձևավորումը։ Այսօր Լեհաստանում գոյություն ունի հայկական երկու համայնք՝ նոր և հին հայերից բաղկացած։ Հին հայերը հիմնականում չեն տիրապետում հայերենին, չունեն հայկական ազգանուններ, սակայն գիտեն իրենց արմատների մասին։ Նորերը, որոնք համայնք են ձևավորել Հայաստանի անկախությունից հետո, զբաղվել են հիմնականում առևտրով։ Նրանց մի մասը ամուսնացել է ազգությամբ լեհերի հետ՝ մնալով այդ երկրում։ Մյուս մասը պահպանել է հայկական ավանդույթները՝ կազմելով հայկական ընտանիք։  Նոր հայերի նոր սերունդը տիրապետում է հայերերնին, մասնակցում է հայ առաքելական եկեղեցու պատարագներին և այլն»,-ասում է Դիանա Հովակիմյանը։

Երկու համայանքների միջև բաժանարարը արդյոք չի՞ խանգարում միասնական համայնքի ձևավորմանը։ «Իհարկե, խանգարում է։ Նախ եկեղեցիների տարբեր ուղղություններին՝ առաքելականին ու կաթոլիկին հետևելն արդեն խոչընդոտ է», – ասում է Դիանան։

Նա նշում է, որ Լեհաստանում, որտեղ հայությունը բավականին ցրված է,  գործում է 20-ից ավելի հայկական կազմակերպություն։ Նրանցից  քչերն են գործուն՝ավելացնում է։  «Պետք է նշեմ, որ հայությունը ցրված է ողջ Լեհաստանի տարածքով։ Սա ևս խանգարում է համայնքների միավորմանը, թեև թե՛ եկեղեցին, թե՛ հայկական շաբաթօրյա և կիրակնօրյա դպրոցները ամեն բան անում են հայապահպանության համար։ Ի դեպ, թե՛ նոր, թե՛ հին հայերի երեխաները նախընտրում են հայկական դպրոցներ հաճախել, ինչը մեծ նշանակություն ունի հետագայում իրենց կայացման գործում»։

Դիանա Հովակիմյանը մի քանի ամիս առաջ է ստանձնել այս պաշտոնը։ Նշում է, որ մինչ իր նշանակումը Լեհաստանի հայկական շրջանակներում աշխատանքներ տարվել են։ Ինքը փորձելու է համակարգել աշխատանքները՝ համագործակցելով թե՛ հայաստանյան, թե՛ լեհական կառավարական ու մասնավոր օղակների հետ։ 

Back to top button