Սփյուռքի ձայնը

Սփյուռքի լրատվամիջոցների դերը՝ Հայաստան-Սփյուռք հարաբերություններում. «Սփյուռքի ձայնը»

Սփյուռքի մամուլը սփյուռքի ձևավորման առաջին տարիներին սկսեց ձևավորվել ու հայապահպանությանն ուղղված հոդվածներ ու տեղեկատվություն հրապարակել։ Մամուլի աշխատանքը՝ հատկապես այս օրերին

Ինչպիսի՞ն է մամուլի աշխատանքն այս օրերին և արդյո՞ք մամուլը կատարում է իր առաքելությունը՝ տեղեկատվության տրամադրումն ու հայկական շրջանակներին միավորելու գործընթացը։

Իրանահայ հայրենադարձ, «Նոր Սփյուռք» պարբերականի հիմնադիր, Իրանի «Արաքս» և Հունաստանի «Հայաստան» թերթերի հետ համագործակցող Դավիթ Այվազյանը նշում է, որ սփյուռքի մամուլը ժամանակի ընթացքում չի կարողացել ձևավորել աշխատանքային ու համագործակցային այնպիսի միջավայր, որը հայանպաստ հարցերում դերակատար կլիներ։

«Միջազգային մամուլը արագ զարգացման փուլում է, ինչը չենք կարող ասել սփյուռքի հայկական մամուլի մասին։ Հենց այդ պատճառով էլ հայ հանրությւոնը նախընտրում է միջազգային մամուլը»,- ասում է Դավիթ Այվազյանը։ Մամուլը, որը սփյուռքում երկու մասի է բաժանված՝ անկախ և կուսակցական, գործունեության թերացումներ ունի նաև այս պատճառով։

«Կուսակցական մամուլը ներկայացնում է միայն իր գաղափարախոսությունը՝ իր էջեր չթողնելով անկուսակցական մտավորականներին։ Անկախ մամուլն էլ, ունենալով տարբեր խնդիրներ՝պրոֆեսիոնալիզմի բացակայություն և ֆինանսական, հետ  է մնում օպերատիվ լրատվությունից»,- նշում է  Դավիթ Այվազյանը։

Նա նաև կարևորում է սփյուռքի լրատվական դաշտի դերը միջազգային համագործակցություններում՝ նկատելով, որ եթե սփյուռքի մամուլը կարողանար իր աշխատանքը ճիշտ իրականացնել, ապա «հայկական շատ հարցերում միջազգային տարբեր կազմակերպությունների ու տարբեր երկրների տեսակետներից և գործելաոճից զարմանք չէր լինի»։

Դավիթ Այվազյանը, կարևորելով հայկական մամուլի դերը բոլոր ժամանակներում և առավել ևս այսօր, նշում է, որ եթե այն չվերանայի իր գործողությունների առաջնահերթությունները, ապա որոշ ժամանակ անց ամբողջությամբ կկորցնի իր կարևորությունը սփյուռքի կյանքում։

Back to top button