Մոռացված ֆիլմերի ստվերները

1464 ժամանոց հաճույք՝ Գուժ Մանուկյանի ֆիլմերում․ «Մոռացված ֆիլմերի ստվերները»

Եթե դերասան Գուժ Մանուկյանի բոլոր ֆիլմերը դիտեք, ապա կստանաք մոտավորապես 1464 ժամ հաճույք։ Նրա ֆիլմերի քանակն ու տևողությունը բազմապատկելով ստանում ենք հենց այս թիվը։

Օրերս իր հոբելյանը նշեց ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանը։ Մարդկային ու դերասանական հմայքով օժտված արտիստը թատրոնում և կինոյում կերտած բազմաթիվ հետաքրքիր կերպարների հարուստ պատկերասրահ է ստեղծել։

Ամենատարբեր խառնվածքի, հասարակության տարբեր շերտեր ու հոգեբանություն ներկայացնող նրա հերոսների շուրջ մշտապես ծավալվել են քննարկումներ, նրանց մասին եղել են մասնագիտական վերլուծություններ ու գնահատականներ։

Գուժ Մանուկյանի տանն ենք։ Շնորհավորում ենք հոբելյանի առիթով և խնդրում ենք մեր հաղորդաշարի համար մտովի հետ պտտել ժամանակի անիվը, հիշել հատկապես կինոյում կերտած մեզ հայտնի ու անհայտ կերպարները։ «Դե, եթե կինոյի մասին, ուրեմն կինոյի մասին»,- ժպիտը դեմքին արձագանքեց արտիստը, ձեռքերը խաչեց, մի քանի վայրկյան լուռ մտածեց ու կարծես տեղափոխվեց իր հերոսների աշխարհ։

«Տերտերին ուխտը» ֆիլմը դեբյուտ էր ոչ միայն Գուժ Մանուկյանի, այլև կինոռեժիսոր Հենրիկ Մարգարյանի համար։ Այս ֆիլմում նա վարպետորեն կերտեց գլխավոր հերոսի՝ որսորդ Հակոբի կերպարը։

«Ինձ համար միանգամայն անսպասելի Հենրիկ Մարգարյանից հրավեր ստացա։ Հրավերը՝ հրավեր, ցանկությունը՝ ցանկություն, բայց կերպարը մարմնավորելը բավականին բարդ աշխատանք էր։ Հենրիկ Մարգարյան էլ իր հերթին ներքին անհագստություն ուներ և մի օր ինձ ասաց. «Գո’ւժ, ինձ հանկարծ սևերես չթողնես»։ Ես էլ ասացի, որ եթե ինձ այսպիսի հնարավորություն է տրվել, ուրեմն ես կաշխատեմ արդարացնել սպասումները»,-պատմում է Գուժ Մանուկյանը։

Դերասանուհի Կարինե Սուքիասյանը հայ կինոսեր հանդիսատեսին առավել հայտնի է «Հայրիկ» ֆիլմի Մայայի կերպարով։ Անցյալ դարի 70-ականների երկրորդ կեսին կինոռեժիսոր Հովիկ Հախվերդյանի հրավերով «Ճանապարհին» ֆիլմում նա մարմնավորեց գլխավոր հերոսուհուն, իսկ գլխավոր հերոսի՝ բեռնատարի վարորդ Գեղամի դերում հանդես եկավ Գուժ Մանուկյանը։ Նկարահանման հրապարակում տիրող մթնոլորտը, Գուժ Մանուկյանի համուհոտով հումորները, դերասանուհին հիշում է մինչև օրս։

««Ճանապարհին» ֆիլմի տեսարանները հիմնականում գիշերներն էինք նկարահանում  և հիշում եմ, որ տեսարաններից մեկի նկարահանման ժամանակ, երբ ես գլուխս դրել էի Գուժի ուսին, նա էլ սցենարով նախատեսված երկխոսության իր կտորն էր արտաբերում, ինձ համար անսպասելի ես քնեցի։ Արթնացա նրա հրոցից և նա զարմացած ասաց «Ա’յ աղջիկ, ես էլ գիտեմ դերի մեջ էիր, պարզվում է իսկապես քնած էիր»,-չզսպելով ծիծաղը պատմում է Կարինե Սուքիասյանը։

Փողասիրության և մարդասիրության մշտական երկվության մասին պատմող «Սգավոր ձյունը» ֆիլմն էկրան բարձրացավ «Ճանապարհին» ֆիլմից երկու տարի անց։ Անրի Թրուայայի հայտնի վեպը կինոսցենարի, ապա ֆիլմի վերածած Յուրի Երզնկյանն արկածախնդիր Մարսելինի դերում հաստատեց Գուժ Մանուկյանին։ 

«Արմեն Ջիգարխանյանի հետ մենք երկար տարիների ընկերություն ունեինք։ Միասին սովորել էինք, բայց նկարահանման հրապարակում դեռևս չէինք համագործակցել։ Այս ֆիլմն այդ հնարավորությունն ընձեռեց մեզ»,-պատմում է Գուժ Մանուկայնը։

«Սգավոր ձյունը» ֆիլմի նկարահանումներին անմիջապես հաջորդեց «Կյանքի լավագույն կեսը» կինոնկարը, որտեղ Գուժ Մանուկյանը դժվարությամբ, բայց ազնվորեն իր հացը վաստակող Արմենի կերպարը կերտեց։ Ալբերտ Մկրտչյանի հետաքրքիր ռեժիսորական ձեռագրով ստեղծված կինոնկարը նկարահանվել է Խորհրդային Միությանը բնորոշ կոռուպցիայի ծաղկուն տարիներին՝ անցյալ դարի 70-ականների երկրորդ կեսին։ Այս ֆիլմով ռեժիսորն անդրադառնում է խորհրդային չինովնիկների արատներին ու հասարակության արատավոր բարքերին։

Գուժ Մանուկյանի հմայքն ու փայլուն դերասանական խաղը գնահատեցին բազմաթիվ կինոռեժիսորներ։ Բայց կային նաև ռեժիսորներ, որոնց մոտ նկարահանվել նրան չհաջողվեց։ Տարիներ անց նա խոստովանում է, որ դա բաց է իր կինոկենսագրության մեջ։

«Յուրի Երզնկյան ու Ալբերտ Մկրտչյանն այն կինոռեժիսորներն էին, որոնց մոտ ես մի քանի ֆիլմերում նկարահանվեցի։ Եվ զարմանալի կերպով ինձ համար գաղտնիք մնաց, թե ինչու այդպես էլ չգտնվեց մի այնպիսի դեր, որ մարմնավորեի ու հանդես գայի Ֆրունզե Դովլաթյանի ֆիլմերից մեկում։ Ափսոսում եմ, որ Հենրիկ Մալյանի հետ համագործակցությունս սահմանափակվեց միայն «Նահապետ» ֆիլմով։ Մի խոսքով, դրանք իմ կինոգործունեությունում չիրականացված բացեր են»,- ափսոսանքով նշում է Գուժ Մանուկյանը:

Ընդհանուր հայացքով ընդգրկելով Գուժ Մանուկյանի՝ կինոյում մարմնավորած բազմաթիվ կերպարներ, պետք է խոստովանել, որ դրանց շնորհիվ հանդիսատեսի և իր՝ դերասանի համար բացահայտվել են ներքին մեծ կուլտուրայով օժտված արվեստագետ, մտավորական, քաղաքացի Գուժ Մանուկյանի հոգևոր հարուստ շերտերը։ Այսօր համացանցի օգնությամբ հնարավոր է գտնել ու վայելել սիրելի արտիստի մասնակցությամբ ֆիլմերը։

Հանդիպումն ավարտված է։ Հրաժեշտ ենք տալիս ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանին, Հանրային ռադիոյի աշխատակազմի անունից ևս մեկ անգամ շնորհավորում ենք հոբելյանի առթիվ ու մաղթում, որ առողջությունը ների ստեղծագործական նորանոր բարձունքներ նվաճելու համար։

Back to top button