Գործի նկատմամբ սրտացավ մարդը. այսպես կարող ենք բնորոշել Արկադի Հայրապետյանի «Գործուղում առողջարան» ֆիլմի հերոսին։ Խորհրդային դարաշրջանի մասին այս կինոնկարը ըստ էության մարդու եւ համակարգի միջեւ եղած հակասության պատմությունն է։ Բանվոր Բաղդասարը զոհում է իր արձակուրդը` գործը մինչեւ վերջ հասցնելու համար` վերջում պարզելով, որ այդ գործը ոչ մեկին պետք չէ։
Կինոյով ապրող ու կինոն պաշտող Արկադի Հայրապետյանը հետաքրքիր ռեժիսորական ձեռագրի, կազմակերպական ու ստեղծագործական մեծ տաղանդի տեր անձնավորություն էր։ Նրա մուտքը կինոյի աշխարհ նշանավորվեց «Կրակ» կարճամետրաժ ֆիլմով։ Դրա էկրան բարձրանալուց հինգ տարի անց Արկադի Հայրապետյանը Խորեն Աբրահամյանի հետ նկարահանեց «Սարոյան եղբայրներ» ֆիլմը, որը հանրապետական մրցանակի արժանացավ։
«Ժայռը», «Արևիկ», «Շեկ ինքնաթիռ» ֆիլմերի նկարահանմանը հաջորդեց «Գործուղում առողջարան» կինոնկարը, որի ստեղծման աշխատանքների ընթացքում միմյանց հետ ծանոթացան և մտերմացան կինոռեժիսոր Հրանտ Հակոբյանն ու Արկադի Հայրապետյանը։ Երիտասարդ ու դեռևս լիամետրաժ ֆիլմերի մեջ նկարահանման փորձ չունեցող Հրանտ Հակոբյանը Արկադի Հայրապետյանի հրավերով ներգրավվեց որպես ռեժիսորի ասիստենտ։ Նա ասում է, որ ուժեղ ինտուիցիայով, խիստ անմիջական ու մարդկանց միշտ օգնելու պատրաստ ռեժիսորի մասին «Հայֆիլմում» այն ժամանակ լեգենդներ էին պատմում։
Արձակագիր, կինոսցենարիստ Մանուկ Մնացականյանը «Հայֆիլմ» կինոստուդիայի պատվերով «Բաղդասար» վիպակը վերածում է կինոսցենարի։ «Գործուղում առողջարան» վերնագրով սցենարի նկարահանումը վստահվում է կինոռեժիսոր Արկադի Հայրապետյանին։ Մանուկ Մնացականյանի գրականության սիրահար ռեժիսորը երկար տարիներ մտմտում էր ֆիլմ նկարահանել նրա մեկ այլ՝ «Խաշ» վիպակի հիման վրա, բայց, ինչպես նշում է ռեժիսորի դուստրը՝ Անահիտ Հայրապետյանը, նրան վիճակված էր հենց այս կինոսցենարով ֆիլմ ստեղծել։
«Խորհրդային տարիներին «Հայֆիլմը» տարեկան չորսից հինգ ֆիլմ էր նկարահանում: Կինոսցենարները հաստատվում էին «Հայֆիլմ» կինոստուդիայի խմբագրական կոլեգիայի կողմից, որից հետո դրանք բաշխվում էին տվյալ տարի ֆիլմ նկարահանելու հայտ ներկայացրած ռեժիսորների միջև: Այդ տարի որոշվեց, որ Մանուկ Մնացականյանի կինոսցենարի հիման վրա ֆիլմ պետք է նկարահանի հայրս» ,- պատմում է Անահիտ Հայրապետյանը։
Ֆիլմը բանվոր Բաղդասարի մասին է, որի հանգստյան տուն գնալը վերածվում է գործուղման։ Հանգստանալու և բուժվելու փոխարեն նա սկսում է իր հիմնարկի խնդիրներով զբաղվել։ Անահիտ Հայրապետյանը նշում է, որ արտադրական թեմաներ շոշափելուց բացի, Արկադի Հայրապետյանի և Մանուկ Մնացականյանի մտահղացմամբ, ֆիլմում բարձրացվեց նաև Մեծ եղեռնի թեման:
«Այդ տարիներին գրեթե չէին անդրադառնում Եղեռնի թեմային: Այս ֆիլմում հայրս ու Մանուկ Մնացականյանը վարպետորեն անդրադարձան դրան և կարծում եմ իրենց հաջողվեց ֆիլմում ճիշտ շեշտադրությամբ ներկայացնել այդ անմարդկային ոճրագործությունն ու դրան հաջորդած ժամանակահատվածը»,- ասում է Անահիտ Հայրապետյանը:
Կինոռեժիսոր Ներսես Հովհաննիսյանի մասնակցությամբ նկարահանված տեսարանը յուրահատուկ գրավչություն է հաղորդում ֆիլմին։ Տեսարանը նկարահանվում էր Մինսկի շուկաներից մեկում, որտեղ անսպասելի հայտնվում է գնումներ կատարող տատիկ։
«Ներսես Հովհաննիսյանն այս ֆիլմում հանդես եկավ կանաչի վերավաճառողի՝ «սպեկուլյանտի» դերում։ Նկարահանման հրապարակում հայտնված տատիկը իհարկե չէր նկատել միացված լուսարձակները, օպերատորական խցիկները։ Մոտեցավ և ռուսերենով հարցրեց, թե ի՞նչ արժի կանաչին։ Արկադին, որը տարված էր փորձով, որպեսզի շուտ հեռացնի տատիկին նկարահանման հրապարակից, պատասխանեց. «երեք ռուբլի»։ Տատիկը զարմանքից բղավեց ասելով` խելագար միլիոնատեր եք»,- չզսպելով ծիծաղը պատմում է Հրանտ Հակոբյանը։
«Ֆիլմը մեծ ոգևորությամբ ընդունվեց։ Հիշում եմ` առանձնակի ջերմությամբ ու ծափերով հանդիսատեսը ողջունեց բեմ բարձրացող Խորեն Աբրահամյանին։ Հայրս էլ իրեն բնորոշ առանձնահատկությամբ ներկայացրեց և նկարահանող խմբին, և դերասանական խմբին, ինչը, կարծում եմ, էլ ավելի ոգևորեց հանդիսատեսին»,- ասում է Անահիտ Հայրապետյանը։
Արկադի Հայրապետյանի «Գործուղում առողջարան» ֆիլմը խորհրդային երկրի «ամենակարևոր»` բանվոր դասակարգի ու գործի նկատմամբ հասարակ աշխատավորի սրտացավության մասին է։ Խորհրդային երկրի փլուզումից հետո կապիտալիստական տնտեսության ու բարքերի հաստատումից հետո կարծես պակասել է գործի նկատմամբ սրտացավություն ունեցողների թիվը։ Այդպիսի մարդկանց ես հանդիպում ու գնահատում Արկադի Հայրապետյանի` Պետրովիչի, ինչպես ընկերներն էին սիրում նրան անվանել, այս ֆիլմում։ Ֆիլմ, որն իր ժամանակի հայելին է։