Երաժշտական եռանկյունի

Արսեն Ներսիսյանի ժամանակը․ «Երաժշտական եռանկյունի»

Քիչ են այն երաժիշտները, որոնք ստանալով ֆունդամենտալ ակադեմիական երաժշտական կրթություն, ունենալով մեծ կատարողական փորձ դասական երաժշտության ոլորտում՝ նույնչափ արհեստավարժ են ջազային երաժշտության բնագավառում:

Տիրույթները շատ տարբեր են, քանի որ ակադեմիական երաժշտությունը ձևավորվել է հարյուրամյակների ընթացքում, ունի ժանրային և ժամանակաշրջանների հետ կապված պայմանականություններ և օրինաչափություններ: Ի տարբերություն սրան՝ ջազը ազատ մոտեցումների, ձևերի բազմազանության և իմպրովիզացիոն արվեստի տիրույթ է:

«Երաժշտական եռանկյունու» մեր հյուրը՝ Արսեն Ներսիսյանը, բացահայտել է իր երաժշտական տաղանդը՝ սիրահարվելով հարվածային գործիքներին:

«Փոքր հասակում բոլոր իրերը ինձ համար ծառայում էին որպես թմբուկ, և պատկերացրեք, մինչ օրս հարևաններս «տառապում են» այդ իմ առաջին սիրո պատճառով: Միայն մի տարբերությամբ, հիմա բնակարանս լեցուն է ամենատարբեր դասական և էթնիկական հարվածային գործիքներով»,- ասում է Արսեն Ներսիսյանը:

Երաժիշտն անցել է կրթական աստիճաններվ և Կոնսերվատորիան ավարտելուց հետո՝ տարիներ շարունակ աշխատել է Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբում: Բայց ջազի ազատությունը և հրապուրանքը ստիպեցին նրան փոխել ոչ միայն ժանրային տիրույթը, այլ մղեցին նրան դեպի նոր երաժշտական ասպարեզներ, նոր նվագարաններ:

Արսենը փայլուն դաշնակահար է և սաքսոֆոնահար, նաև զբաղվում է գործիքավորմամբ ամենատարբեր կազմերի համար՝ ջազային տրիոյից մինչև սիմֆոնիկ նվագախմբի:

Ինչպես պատմում է մեր հաղորդման հյուրը, իր կյանքում առանցքային նշանակություն ունի Բիթլզի ստեղծագործությունը: Տարիների ընթացքում նա պարբերաբար անդրադառնում է Փոլ Մակարտնիի և Ջոն Լենոնի երգերին՝ ներկայացնելով դրանք նորովի, այլ՝ ջազին բնորոշ գույների մեջ:

Որպես երաժիշտ կատարող Արսեն Ներսիսյանը համագործակցել է գրեթե բոլոր սերունդների հայկական ջազային երաժիշտների հետ, եղել է «Չիկո ենդ ֆրենդս» լեգենդար խմբի կազմի մեջ, նվագել է Վահագն Հայրապետյանի հետ և ստեղծել բազմաթիվ սեփական նախագծեր՝ համագործակցելով ջազային երգչուհիների հետ:

Այն հանգամանքը, որ Արսեն Ներսիսյանը գալիս է երաժիշտների ընտանիքից, մինչ օրս պայմանավորում է նրա ստեղծագործական դրսևորումները:

Ընտանեկան արխիվում հայտնաբերելով իր տատիկի՝ երգչուհի Արփինե Աճեմյանի հին ձայնագրությունները, նա մշակել է Մասնեի ստեղծագործություններից մեկի վերջինիս կատարումը՝ տասնամյակներ անց գործիքավորելով և նրբագեղ կերպով ի հայտ բերելով երգչուհու ձայնը:

Մշտական ստեղծագործական ընթացքը Արսեն Ներսիսյանին բերեց սիմֆոնիկ ֆորմայի, և իր ստեղծած կոմպոզիցիան Սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ ձայնագրվեց Հանրային ռադիոյի 6-րդ ստուդիայում: Այն առաջին անգամ հնչում է մեր հաղորդման եթերում՝ ի թիվս այլ ձայնագրությունների՝ երաժշտի մշակմամբ և կատարմամբ։

Back to top button