ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Գիտական հետազոտությունից՝ շուկա. երկակի նշանակության գիտական նախագծերի ուղին

Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն «Երկակի նշանակության գիտական նախագծերի» դրամաշնորհային մրցույթ է հայտարարել։ Մրցույթի արդյունքում ֆինանսավորվելու են գիտական հետազոտություններ, որոնք պետք է պատրաստի արտադրանքի վերածվեն։ Յուրաքանչյուր հետազոտության համար տրամադրվող առավելագույն գումարը 40 մլն դրամ է՝ երկու տարվա համար։ Մրցույթի նպատակն է գիտական և ռազմաարդյունաբերական համալիրի ներկայացուցիչների միջև համագործակցություն ձևավորել։

Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն 20-ից ավելի դրամաշնորհային մրցույթներում իբրև վերջնարդյունք ակնկալում է ստանալ գիտական հոդվածներ։ Մինչդեռ «Երկակի նշանակության գիտական նախագծերի» մրցույթում 2022թ-ից ակնկալում են տեխնոլգիաների պատրաստվածության մակարդակի 5-րդ աստիճան։ Տեխնոլոգիանների պատրաստվածության մակարդակը դեռևս 1960-ականներին NASA-ի կողմից ստեղծված սանդղակ է՝ բաղկացած 9 մակարդակից։ Այն պատկերում է գիտելիքից մինչև բիզնես ճանապարհը։

 Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մովսիսյան․

«Սովորաբար, հետազոտական մասը մինչև երրորդ-չորրորրդ մակարդակն է, երբ արդեն լաբարատորիայում աշխատող նմուշ կա։ Այս մրցույթի շրջանակում մենք նաև տեխնոլոգիաների պատրաստվածության հինգերորդ մակարդակն ենք դրել , որը ենթադրում է միջավայրում փորձարկված նմուշ։ Քանի որ երկակի նշանակությունը նաև ռազմական է, դա նշանակում է, օրինակ՝ պալիգոնում փորձարկված։ Այն միջավայրում, որտեղ այդ ապագա տեխնոլոգիան պետք է կիրառվի»։

4-7 հոգանոց գիտական խմբում պետք է առնվազն մեկ կազմակերպություն լինի ռազմաարդյուաբերության և մեկը՝ գիտական համալիրից։ Մովսիսյանի համոզմամբ՝ այս համագործակցությունից գիտելիքահեն ու շուկայում կիրառելի արտադրանք կստեղծվի։ Հետազոտության ուղղություններն են՝ բնական գիտություններ, ճարտարագիտություն և տեխնոլոգիաներ, համակարգչային գիտություններ և ինֆորմատիկա, մեքենաշինություն, էլեկտրոտեխնիկա, մեքենագիտություն, քիմիական տեխնոլոգիաներ, նյութագիտություն, նանոտեխնոլոգիաներ և այլն։

«Ծրագիրը երկու տարով է։ Երկու տարի անց ի՞նչ է լինելու այս նախագծերի հետ։ Հետազոտությունը հաջողությամբ ավարտելուց հետո իրենք կունենան հնարավորություն դիմելու Ռազմարդյունաբերության կոմիտեի գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական ծրագրերին»։

Կայքում լրացնում են հայտը և կցում անհրաժեշտ փաստաթղթերը։ Հայտի տեխնիկական ստուգումից հետո կոմիտեն այն ներկայացնում է մասնագիտական-փորձագիտական խորհրդին։ Վերջինս հարցազրույցի միջոցով գնահատում է ծրագրի իրականացման իրատեսական լինելը և իրականացնողներին՝ այսինքն թիմին։ Հարցազրույցին ընդգրկվում են նաև Ռազմարդյունաբերության կոմիտեի գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական ծրագրերի ենթահանձնաժողովների անդամները։ Ըստ էության, այդպիսով նախապես տեղեկանում են հետագա համագործակցության պոտենցիալ ունեցող նախագծերին։

«Շատ կարևոր է, որ այս ծրագրի օգնությամբ նաև այն նախագծերը, որ իրականացվում են գիտահետազոտական կազմակերություններում և ռազմական կիրառությունների պոտենցիալ ունեն, հասկական, թե ինչ քայլեր պետք է հաղթահարեն, որ դա արդյունք դառնա։ Այն, ինչ աշխատում է լաբարատորիայում, դա դեռ շատ հեռու է պրոդուկտ կոչվելուց, դրանից հետո պակաս աշխատանք չկա կատարելու»։

Հայկանուշ Դարբինյանը ավարտել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Կիբեռնետիկայի ֆակուլտետը։ 2020թ-ին դարձել է Կառավարման համակարգերի ամբիոնի վարիչը։ Դարբինյանը 2021թ մասնակցել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի «Երկակի նշանակության գիտական նախագծերի» դրամաշնորհային ծրագրին։

«Այն ժամանակ առանձին հարցազրույց թեմայի վերաբերյալ չի եղել , թեման ներկայացրել ենք, հայտը ձևակերպել, անկախ փորձագետները հայտն ուսումնասիրել են, վերջում արդյունքներից տեղյակ են պահել»։

Ներկայացված նախագծի թեման՝ ուղղաձիգ վերթիռով և վայրէջքով անօդաչու թռչող սարքի ինտելեկտուալ կառավարման համակարգի մշակումն էր։ Հայաստանւմ չկան անհրաժեշտ դետալներ արտադրող ընկերություններ։ Դրանք պատվիրել են Չինաստանում, ԱՄՆ-ում ու Եվրոպայում։ Ըստ Դարբինյանի՝ պետական գնումների օրենքը պետք է հնարավորություն տա, որ տարվա ընթացքում մի քանի գնում կարողանան կատարել։  

«Քանի որ այդ սարքերը համարվում են ռազմաարդյունաբերության համար օգտագործվող, մաքսազերծումը երկար է տևում։ Արդյունքում սարքերի մեծ մասը ստացել ենք թեմայի ավարտից երկու-երեք ամիս առաջ։

Գնումների ուշացումը թույլ չի տալիս՝ ունենալ հավելյալ ժամանակ ծախսերը վերանայելու համար։ Կամ փորձարկել մի արդյունքը, որը եթե չաշխատեց ժամանակ ունենանք, որ մեկ այլ հավելյալ տարբերակ կարողանանք բերել։ Փաստացի երկու տարվա ընթացքում հնարավոր է միայն մեկ անգամ մեծ գնում անել»։

Խոսքը հիբրիդային կառուցվածքով անօդաչու սարքի մասին է, որն իր կառուցվածքում պարունակում է թե՛ թևավոր, թե՛ կոպտերային բաղադրիչներ։ Կոպտերի կառուցվածքը սարքին հնարավորություն է տալիս ոչ թե թռիչքուղու վրա որոշակի ճանապարհ անցնելուց հետո օդ բարձրանալ, այլ միանգամից, տեղում ուղղաձիգ վերթիռ կատարել։

Ինտելեկտուալ կառավարման համակարգն իրենից ներկայացնում է նեյրոնային ցանցերով գործող հանգույց, որն ապահովում է ԱԹՍ-ի կառավարումը։ Այսինքն, անցումը վերթիռից դեպի ինքնաթիռային կառուցվածքի թռիչք և հակառակը, համակարգն ինքնուրույն է անում՝ առանց օպերատորի։

Հայկանուշ Դարբինյան․ «Այն արգելքը, որն ունի թևավոր կառուցվածքը, փորձում ենք հաղթահարել կվադրակոպտերի այսինքն՝ քառապտուտակի միջոցով։ Արդյունքում այդ հիբրիդային կառուցվածքը հնարավորություն է տալիս մեկ տեղում օգտագործել երկու տարբեր անօդաչու թռչող սարքերի առավելությունները»։

Որքան էլ նախագծման փուլում հստակեցնում են կառուցվածքը, միևնույն է հաշվարկներն ու իրականությունը տարբեր են լինում։ Հետազոտության համար դաշտային փորձարկումների կարիք ունեին, սակայն ռեսուրսների պակասը խնդիրների առջև էր կանգնեցրել։ Մյուս խոչընդոտը մատակարար կազմակերպությունների հետ է, որոնք չեն պատկերացնում, թե նշված հստակ բնութագիրն ինչ է իրենից ներկայացնում։ Պատվիրված սարքը կարող է չհամապատասխանել պահանջներին։

Հայկանուշ Դարբինյան․ «Մատակարար կազմակերպությունների բացն էլ կա, որովհետև շատ դեպքեր ենք ունեցել, երբ հստակ բնութագիրը տրված է եղել, բայց եկել է մի ուրիշ բան, որը կամ պետք է մերժեինք, կամ պետք է վերցնեինք ու փորձեինք հարմարվել։ Եթե հետ վերադարձնեինք, երեք ամիս ժամկետում դա էլ չէինք ունենալու»։

Չնայած առկա խոչընդոտներին, Հայկանուշ Դարբինյանն այս տարի ևս դիմել է ծրագրին, արդեն ռազմաարդյունաբերական կազակերպության հետ համատեղ։ Նախատեսում են նախագծել 10կգ բեռ տեղափոխող թևավոր անօդաչու թռչող սարք։ Նախորդ թեմայի 2 տարվա հետազոտության համար տրամադրվել էր 31 մլն դրամ, այս տարի կտրամադրվի 40 մլն դրամ։  

Back to top button