Երկրորդ շնչառություն

«Հիշողության սրճարանը»՝ տարեց մարդու համար կյանքի նոր փուլ․ «Երկրորդ շնչառություն»

Երաժշտության աշխարհում հագեցած կեսդարյա գործունեությունից հետո 80-ամյա երաժիշտ Վալերի Փիրումյանի կյանքն այս փուլում նոր իմաստ է ստացել «Հիշողության սրճարան» այցելելուց հետո:

Հիշում է՝ Շվեդիայում ապրող աղջիկն է համոզել, որ միասին գնան ու տեսնեն, թե ինչ են առաջարկում այդ սրճարանում: Սկզբնական շրջանում նստում էր հեռու, ուսումնասիրում, հետո արդեն մոտեցավ, ընկերացավ, երեք ամիս է այցելում, արդեն երկու անգամ մեծ շուքով ծնունդը նշել են:

«Հիշողության սրճարան»-ն ապահով, ջերմ ու հանգիստ միջավայր է տարիքով մարդկանց համար, որտեղ նրանք հաստատում են նոր սոցիալական կապեր, գտնում են նոր ընկերներ»,- ասում է «Ալցհայմերի խնամք Հայաստան» կազմակերպության «Հիշողության սրճարան»-ի հոգեբան Օլյա Ղալեչյանը:

Նրա խոսքերով, բուռն գործունեությունից հետո կենսաթոշակի անցած անձանց համար շատ սթրեսային է սոցիալական կապեր կորցնելը, և Հիշողության սրճարանը սփոփանք է դառնում նրանց համար: Վ.Փիրումյանն ասում է, որ Հիշողության սրճարանում սկսել է ավելի հանդուրժող ու ներողամիտ դառնալ մարդկանց հանդեպ:

Թեև այլևս չի նվագում, բայց ուրախանում է, երբ մյուս մասնակիցները վայելում են երաժշտությունը: «79 տարեկանն ինչ տարիք է, որ: Հետ եմ նայում ահռելի ժամանակ է, բայց հեչ պետքս չէ»,- անկեղծանում է պարոն Վալերին՝ ավելացնելով, որ շատ մեծ գործ է արվում տարեցների համար:

Մասնակիցների համար օգտակար են նաև այն բոլոր վարժությունները, որոնք միտված են ուղեղի աշխատանքի խթանմանը, ինչպես նաև մասնագիտական զրույցներն առողջ սննդի, ապրելակերպի վերաբերյալ: Հոգեբան Օ.Ղալեչյանը տեղեկացնում է, որ Երևանից բացի, երեքշաբթի օրերին Հիշողության սրճարան գործում է նաև Գյումրիում, եկող տարի կբացեն նաև Իջևանում, իսկ հունվարից սկսած Լոֆթ-Երևան կենտրոն հանդիպումներ նախատեսում են կազմակերպել նաև ուրբաթ օրերին:

Back to top button