ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Անձրևը ծեծած տեղն է ծեծել․ մայրաքաղաքի փողոցների փոսերն այս տարի կրկնակի շատ են

Մայրաքաղաքի փողոցներում առկա փոսերը անցած տարվա համեմատ գրեթե կրկնակի ավել են․ փաստն արձանագրում են ոչ միայն քաղաքացիներն ու վարորդները, այլև քաղաքային իշխանությունը։ Առանց այն էլ ավելացած ծավալներին գումարվել է նաև անբարենպաստ եղանակը՝ հերդառատ անձրևները։ Սրա հետևանքով ավելացել են ոչ միայն նորոգման կարիք ունեցող հատվածները, այլև վերանայման կարիք ունեն արդեն փոսալցված հատվածները։ Քաղաքապետարանը նախատեսում է աշխատանքներն ավարտել մինչև հունիսի սկիզբը։

Քաղաքապետարանը խոստանում է առաջիկա 2 շաբաթում մայրաքաղաքի փողոցներից վերացնել փոսերն ու ավարտել նորոգման աշխատանքները։ Մինչ այդ արձանագրում են՝ այս տարի անձրևը, այսպես ասած, ծեծած տեղը ծեծեց։ Քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետի նորանշանակ պաշտոնակատար Արմեն Հարությունյանը աշխատանքային առաջին օրը հենց «փոսային» զեկույցով է սկսում։

«Հաշվի առնելով այս տարվա աննախադեպ եղանակային պայմանները ու այդ ծավալի անձրևաջրերը` խնդիրներ ունենք փոսերի հետ։ Արդեն իսկ 70 տոկոսն արվել է, բայց փաստացի փոսեր ունենք, հատկապես համեմատաբար մեծ վարչական շրջաններում՝ Արաբկիր, Կենտրոն, Նոր Նորք, Էրեբունի շրջաններում ունենք գույքագրած փոսային տարածքներ»։

Քաղաքային իշխանությունը գույքագրել ու այս տարվա համար նախատեսել էր վերանորոգել ավելի քան 104 հազար քառակուսի մետր փոսային տարածք։ Չնայած մի մասն արդեն արված է, վերանայման ու որոշ տեղերում նաև կրկին նորոգման կարիք կա։ Հարությունյանն ասում է՝ հենց հաջորդ գիշերվանից տեղումների պատճառով դանդաղած գործընթացը նոր թափ կառնի։ Քաղաքապետ Ավինյանն արձանագրում է՝ այս տարի գույքագրված փոսերը նախորդ տարվա համեմատ կրկնակի ավելի են եղել։

«Հաշվի առնելով եղանակային պայմանները, սահմանափակվեցին մեր աշխատանքային օրերը, այսինքն, չկարողացանք առկա փոսերը վերանորոգել, ինչն էլ հանգեցրեց նրան, որ ունեցանք ավելի մեծ չափերի փոսեր։ Այսինքն, եղանակային պայմանները համ սահմանափակեցին մեր աշխատանքային օրերը, որ կարողանայինք մեր փոսային նորոգման աշխատանքներն անեինք, համ էլ ստեղծեցին նոր փոսեր, որոնք մենք չունեինք»,– արձագանքում է շինարարության և բարեկարգման վարչության պետի նորանշանակ պաշտոնակատար Արմեն Հարությունյանը։

Մայիսյան հորդարատ անձրևները ոչ միայն փոսային խնդիրներ այլև հեղեղումներ բերեցին մայրաքաղաքին։ Ամսվա սկզբին ուժեղ անձրևից հետո Էրեբունի վարչական շրջանում հունից դուրս էր եկել Ողջաբերդ գետն ու հեղեղել մի քանի փողոց, տասնյակ առանձնատներ ու բակեր։ Քաղաքապետարանի վերահսկողության վարչությունը ուսումնասիրություն է սկսել՝ պարզելու գետի հենապատի փլուզման պատճառները։ Վարչության պետի պաշտոնակատար Աննա Գևորգյանը մանրամասնում է՝ Էրեբունի վարչական շրջանում Նոր Արեշի 50-րդ փողոցի 45 հասցեում փլուզված հենապատի մոտ շինարարություն է ընթանում, կառուցապատողը հասարակական նշանակության շինություն է կառուցում։ Ուսումնասիրության արդյուքնում պարզվել է, որ շինաշխատանքները գետից սահմանված հեռավորության վրա չեն, ինչն էլ փլուզման ու հետո նաև հեղեղումների պատճառ է դարձել։

«Կառուցվող օբեկտը, տեղակայված լինելով Ողջաբերդ գետի անմիջական  սահմանային հատվածում, գետի լանջապաշտպան բետոնային շերտի եզրագծից գտնվում է 40-80 սմ հեռավորության վրա։ Փոսորակի փորման ժամանակ շինարարի կողմից չի պահպանվել տվյալ խորությամբ փոսորակի փորման նորմատիվ տեխնոլոգիական պահանջները, ինչի արդյունքում էլ տեղի է ունեցել փլուզումը»։

Մինչ հորդառատ տեղումներն ու վերջնական փլուզումը նշված հասցեում փոսորակի փորման աշխատանքների ժամանակ ևս փլուզում է եղել։ Քաղաքապետարանի տեղեկություններով՝ կառուցապատողը որոշել է սեփական միջոցնորվ վերացնել խնդիրը, արդյունքում նեղացել է գետի հունն ու պակասել թողունակությունը։

«Հորդառատ անձրևի հետևանքով ջրի մակարդակը բարձրացել է, հասնելով գետահունի մեջ լցված հողաշերտին, ճնշման տակ լվացել է հողաշերտը և հաշված րոպեների ընթացքում լցվել փոսորակի մեջ, ապա շրջակա հատվածներ՝ հեղեղելով, Նոր Արեշ 50 փողոցը ու հարակից փողոցները։ Փլուզված հենապատը ի սկզբանե գոյություն չի ունեցել»,– մանրամասնում է Գևորգյանը

Քաղաքապետարանն առայժմ կշարունակի ուսումնասիրել՝ պարզելու նաև պատասխանատուների շրջանակը։ Մինչ այդ Երևանը հետագա հեղեղումներից ապահովագրելու համար քաղաքապետարանը նոր հեղեղատարերի կառուցման ծրագիր կմշակի։

Back to top button