ԿարևորՌեպորտաժներՏնտեսական

Քարակերտում ծիրանի բերքը նվազել է. այգիները վնասել են կարկուտից ու պտղաթափից

Արմավիրի մարզի Քարակերտ համայնքի ծիրանի այգիներում համատարած պտղաթափ է: Գյուղացիները երևույթը պայմանավորում են  եղանակի տատանումներով. ապրիլյան շոգ օրերին հաջորդեց մայիսյան ցուրտը, որի հետևանքով բերքի զգալի անկում կա:

Բացի դրանից՝ ծիրանի այգիները տուժել են նաև կարկտահարությունից: Տևական անձրևների հետևանքով բուժումները ժամանակին չեն կատարվել կամ դարձել են անարդյունավետ: Գյուղացիներն այգիները փրկելու միջոցներ են փնտրում:

Մայիս-վայիս․երբեմն ժողովուրդն այսպես է բնութագրում  ամենածաղկուն ամիսը: Այս տարվա մայիսը գյուղատնտեսության համար անբարենպաստ ամիս էր: Թեև տարին լավ էր սկսվել, գյուղատնտեսությունը բնականոն հունով զարգանում էր, սակայն մայիսի եղանակային կտրուկ փոփոխությունները՝ երկարատև անձրևները, քամին ու կարկուտը մեծ վնաս հասցրեցին: Հատկապես տուժել են Քարակերտ գյուղի ծիրանի այգիները: Հայկ Դանիելյանը թափահարում է բերքառատ ճյուղը:

«Թթի պես թափվում է, այս տարի շատ է թափվում ու չգիտեմ, թե վերջն ինչ կլինի: Սկզբում շատ լավ բերք էր բռնել, բայց որ շարունակվի թափվել, ապա բերքի 20 տոկոսն էլ չի մնա ծառին, նույնիսկ ծառ կա, որ ամբողջ բերքն է թափվել»:

Այգեգործներն անսովոր երևույթը չեն կապում սովորական պտղաթափության հետ, որը նկատվում է մայիս ամսին: Պտղի հիմնական մասը դեղնում է, թուլանում  ու անջատվում ճյուղից:  Բուժումներն օգուտ չեն տալիս: Գրիգոր Մկրտչյան.

«Այս տեսակ թափվել մենք առաջին անգամ ենք տեսնում ու  բոլոր այգիներում է այդպես, միայն իմ այգում չի: Մայիսյան պտղաթափություն լինում է, բայց հիմա մենք չենք էլ հասկանում, թե սա ինչից է: Սովորաբար ծառի բերքի 5-6 տոկոսը պետք է թափվի, բայց հիմա բերքի 80 տոկոսն է թափվել: Արդեն 10 օր այս վիճակն է»:

Քարակերտում 320 հա ծիրանի ու սալորի այգիներ կան, գերակշռողը՝ ծիրանենին է: Արդեն 3-րդ տարին գյուղի այգիները տուժում են բնության խաղերից ու քիչ բերք են ունենում: Համատարած  պտղաթափությունը կապում են եղանակի կտրուկ տատանումների հետ. մարտ-ապրիլյան տաք եղանակներից հետո, մայիսին ջերմաստիճանը զգալի նվազեց ու բացասաբար անդրադարձավ պտղատու այգիների վրա:

«Ապրիլին 35 աստիճան տաքություն էր, իսկ մայիսին ջերմաստիճանն իջավ մինչև 4-5 աստիճան: Հնարավոր է, որ դրանից լինի»:

Նույն կարծիքին է նաև գյուղատնտես Հայկասար Անտոնյանը:

«Հիմնականում պայմանավորված է ջերմաստիճանի փոփոխությամբ. ապրիլին 30 աստիճան տաք  էր, իսկ մայիսին՝ գիշերը  4 աստիճան: Իհարկե, խոնավությունն էլ է նպաստում, փոշոտումն էլ: Հնարավոր է բերքի մոտ 3 տոկոսը թափվեր, բայ հիմա շուրջ 99 տոկոսն է թափվում»:

Բացի բերքը թափվելուց ծիրանի այգիները տուժել են նաև մայիսի 5-ի կարկուտից: Թեև այգեգործները դեռ հույսը չեն կտրում բերքից, բայց միաժամանակ  մտածում են ծառերը փրկելու մասին: Գրիգոր Մկրտչյան.

«Կարկուտը  մտավորապես 20 րոպե տևեց: Կարկուտից  մեկ ժամ անց ես եկել եմ դաշտ ու տեսել, որ առուների մեջ կարկուտը նստած էր: Դրան հաջորդեցին անձրևները, 2 օր հետո ծառերը սրսկել եմ, մի անգամ էլ երեկ եմ արել»:

Արթուր Մուրդյանի ծիրանի երիտասարդ  այգին նույնպես կարկտահարվել է, քամին կոտրել՝ երիտասարդ շվերը, որից ծառի բերքատվությունը 1 տարի հետ է ընկնում:

«Հիմա պարզ երևում է ծիրանի վիճակը. ապրանքային տեսք չունեցող բերք է, վաճառքի ոչ ենթակա: Գործարանն էլ կամ կընդունի, կամ չէ: Իհարկե, եթե անցած տարվա գները լինի, չենք հանձնի, որովհետև ձեռք չի տա՝ 1կգ-ը 50 դրամ: Եթե աշխատուժ բերենք, հավաքենք, տեղափոխենք, մի բան էլ մեր գրպանից պետք է դնենք, որ աշխատողներին վճարենք»:

Այգետերերի ուշադրությունը հիմա սևեռված է այգիները վնասատուներից ու հիվանդություններից փրկելու վրա, բայց անձրևները  խանգարում են: Նախորդ տարվա համեմատությամբ բուժման համար ավելին են ծախսում: Ռազմիկ Պողոսյան:

«Չորս անգամ բուժել ենք, հիմա արդեն 5-րդն ենք սկսելու: Անձրևները չեն թողնում, որ ժամանակին բուժումներն անենք, բայց փորձում ենք դեմն առնել: Մնացած բերքի վրա երևում են ծակոտկենները,նորից բուժելու ենք»:

Արթուր Մուրադյան. «Ես 4 օր առաջ եմ բուժել, որ ծառը հիվան դություններից զերծ մնա: Եթե սրսկելուց մեկ ժամ անց տեղումներ լինի, ապա ապարդյուն է դառնում բուժումը, այսինքն ՝ չի ներծծվում ու արդյունավետ չի լինում՝ միջատներին ու սնկերին չի սպանում»:

Քարակերտ գյուղի վարչական ղեկավար Վահրամ Խոսրովյանն ասում է, որ կարկտահարության վնասի չափը ստուգելու համար հանձնաժողով է կազմվել, որոնք եղել են այգիներում, բայց դեռ հայտնի չէ վնասի չափը:

«Կարկտահարված տարածքների ցուցակները լրիվ կազմել ենք, տարածք կա շատ է վնասվել, տարածք կա՝ քիչ: Ընդհանուր վնասվել է 275 հա»:

Նախնական գնահատմամբ կարկտահարության վնասը 30-90 տոկոսի սահմաններում է, իսկ ծիրանաթափության վնասը պարզ կլինի ավելի ուշ:

Back to top button