ԿարևորՔաղաքական

Ալմաթիում՝ Ալմա-Աթայի հռչակագրի մասին․ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների խորհրդանշական հանդիպումը

Ալմաթիում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, որի ընթացում Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը կքննարկեն Խաղաղության համաձայնագրի նախագիծը։ ԱԳՆ-ն հաղորդում է, որ նախարարների հանդիպման արդյունքներով մամուլի հաղորդագրություն կտարածվի։

Իսկ մինչև երկկողմ շփումները հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների ղեկավարած պատվիրակությունները։

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել  նաև Ղազախստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Մուրատ Նուրտլաուի հետ։ Վերջինը Ալմաթի քաղաքում արտգործնախարարների հանդիպումը խորհրդանշական է համարել՝ հաշվի առնելով հարաբերությունների կարգավորման, այդ թվում՝ սահմանազատման գործընթացում 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի նշանակությունը։

Խորհրդանշական հանդիպում՝ այսպես է բնութագրում ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը Ալմաթիում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպումը։

«Հիրավի, շատ խորհրդանշական է, որ մենք այսօր հանդիպում ենք այս գեղեցիկ քաղաքում՝ Ալմաթիում, ավելին, այն նույն կառույցում՝ «Բարեկամության տանը», որտեղ 1991թ. ստորագրվել է Ալմա-Աթայի հռչակագիրը»։

Միրզոյանը հիշեցնում է, որ խոսքն այն փաստաթղթի մասին է, որը ստորագրեցին նախկին ԽՍՀՄ տանսմեկ հանրապետությունները՝ խորհրդային ադմինիստրատիվ սահմանները ճանաչելով որպես միջպետական սահմաններ։

«Կարևոր է, որ վերջին երկու տարվա ընթացքում և Հայաստանի վարչապետը, և Ադրբեջանի նախագահը տարբեր ձևաչափերով մի քանի անգամ վերահաստատել են Ալմա-Աթայի հռչակագրին հանձնառությունը, վերահաստատել են նաև Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը, ինչպես նաև վերահաստատել են, որ սահմանազատման գործընթացը պետք է իրականացվի հենց Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։ Ըստ էության, դա նշանակում է, որ սահմանազատման գործընթացում պետք է վերարտադրվեն այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել ԽՍՀՄ փլուզման պահին»։

Մինչև հայ-ադրբեջանական բանակցությունները Ալմաթիում կողմերին ողջունել է Ղազախստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Մուրատ Նուրտլաուն։ 

Ղազախական կողմն ընդգծում է, որ թեև հանդիպումը տեղի է ունենում Ալմաթիում, սակայն ղազախական կողմը միջնորդի դեր չի ստանձնում։

ԱՄՆ-ն ողջունել էր Ղազախստանի առաջարկը՝ Ալմաթիում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներին հյուրընկալելու և  երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններն առաջ մղելու նպատակով։ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը, որի անունը չի հրապարակվում, Ալմաթին կարևոր, խորհրդանշական վայր է անվանել ու նշել, որ ոգևորված են Հայաստանի ու Ադրբեջանի միջև մինչ օրս ձեռք բերված առաջընթացից և աջակցում են երկու երկրներին, որոնք շարժվում են դեպի խաղաղության համաձայնագիր՝ ի շահ ողջ տարածաշրջանի։

Քաղաքական վերլուծաբան Մանվել Ղումաշյանը նույնպես խորհրդանշանակն է  որակում Ղազախստանում՝ Միրզոյան-Բայրամով հանդիպումը՝ մատնանշելով բանակցություններում 1991 թ-ին ընդունված հռչակագրի առկայությունը։

«Կարծում եմ, այսպես ասենք՝ քավորը այս հանդիպման նույն Միացյալ նահանգներն են ու Եվրոպան, հակառակ դեպքում Ալմաթին չեմ կարծում, թե լիներ։ Եվ Ալմաթին կարևոր է հենց իր անվանման հետ կապված, որովհետև մենք գիտենք, որ սահմանազատման ու սահմանագծման հիմքում Ալմա-Աթայի հռչակագիրն է դրված։ Դա ադրբեջանցիները մեկ ընդունում են, մեկ չեն ընդունում, մեկ՝ հերքում են, ռուսական կողմը ընդհանրապես չի ընդունում Ալմա-Աթայի հռչակագիրը։ Շատ սիմվոլիկ է հանդիպումը Ալմաթիում, որովհետև երկու կողմն էլ կհաստատեն, որ շարժվելու են Ալմա-Աթայի հռչակագրի շրջանակներում և այն վերջին իրավական ուժ ունեցող քարտեզներով։ Կարծում եմ, որ հիմնական նպատակն ու արդյունքը դա է լինելու»։

Ջեյհուն Բայրամովն ու Արարատ Միրզոյանը վերջին անգամ հանդիպել են մոտ երկու ամիս առաջ Գերմանիայում: Բեռլինում երկու օր տևած քննարկումներից հետո, սակայն, Երևանն ու Բաքուն այդպես էլ շոշափելի առաջընթացի մասին չհայտարարեցին: Ալմաթիի հանդիպումից առաջ Հայաստանի արտգործնախարարն ասել էր, որ զգուշավոր լավատեսությամբ է տրամադրված առաջիկա բանակցություններին։

Back to top button