Մտքի ուժը

Եզակի ու անհրաժեշտ․ Հայաստանն ունի շարժական լաբորատոր մեքենա. «Մտքի ուժը»

Հայասաստանի առաջին ու միակ շարժական լաբորատոր ավտոմեքենան Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային լաբորատորիայի բակում է կանգնած։ Այստեղ գիտնականները հպարտությամբ են խոսում ու ցույց տալիս իրենց եզակի ձեռքբերումը։ Այն երթևեկության մեջ կամ որևէ մայրուղու վրա հնարավոր չէ չճանաչել՝ գոնե համալսարանի տարբերանշանով։

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի քաղաքային տնտեսության և էկոլոգիայի ֆակուլտետի դեկան Վալերիկ Հարությունյանը բացատրում է՝ լաբորատոր մեքենան գնահատելու համար է․ «Տվյալ տեսակի ավտոմոբիլ ՀՀ-ում չկա։ Այն եզակի է։ Շատ անհրաժշետ է այն և՛ գիտական, և՛ ուսումնական հետազոտություններ իրականցնելու համար»։

Վալերիկ Հարությունյանը ՀԲ-ի ու ճանապարհային դեպարտամենտի հետ համատեղ  Հայաստանի կենսական ավտոճանապարհների աուդիտ է իրականացրել։ Բայց այդ, ընթացքում ամեն ինչ չէ, որ կարողացել են կատարել՝ ճանապարհի կցման գործակցի, ու այլ պարամետրերի չափումները, օրինակ, ըստ էության չեն կարողացել իրականացնել, պայմանական են թվերը։

Բացատրություն կա․ «Դրանք բոլորը պայմանական են գրվել։ Բայց հստակ չենք իմացել, թե տվյալ ճանապարհի կցման ու կարճման գործակիցները բավարարում են, թե ոչ։ Բոլոր ճանապարհների մասին է խոսքը։ Միայն ակնադիտական է կատարվում, ուստի այս շարժական ավտոմոբիլով կկարողանանք հստակ ու փաստացի տվյլաներ ստանալ»։

Վալերիկ Հարությունյանն ասում է, որ մեքենայի կիրառման հնարավորությունները շատ են, ոլորտները՝ նույնպես․ «Շարժական լաբորատորիան ստուգում է ճանապարհի այն պարամետրերը, որոնք ապահովում են ավտոմոբիլի երթևեկության անվտանգությունը՝ կուրսային կայունությունը։ Սա կարևոր ցուցանիշ է։ Կարճման գործակիցը արգելակումների ժամանակ, շրջադարձերի շառավիղներն ու դրանց վրա խորդուբորդությունները, քանի որ ավտոմոբիլի երթևեկության ժամանակ առաջ են բերում ճանապարհահատվածի ալիքաձև տեսք։ Շարժական լաբորատորիան ունի գերբարձր զգայուն լազերային տվիչներ, որոնք անհարթությունները գրանցում են»։

Գիտնականը 2023-ին հինգ միջպետական ավտոճանապարհների ու Երևանի ճամապարհային ցանցի երթևեկության ավտանգության հետազոտություն է կատարել։  Գիտի՝ ինչից են շատացել վթարները․ «Շատ վթարներ կողասահքի պատճառով են տեղի ունենում։ Ճանապարհածածկը մաշվում է, հատկապես բարձր արագության ժամանակ ավտոմոբիլը շրջվում է։ Հատկապես Երևան-Սևան մայրուղու վրա ենք հանդիպում, երբ ավտոմոբիլը դուրս է եկել երթևեկելի գոտուց, գլորվել է ձորը», — ասում է Վալերիկ Հարությունյանը։

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալասրանի Ավտոտրանսպորտային հաղորդակցուղիների և երթևեկության անվտանգության գիտահետազոտական կենտրոնի գլխավոր մասնագետ Կարո Մոսիկյանի խոսքով՝ շարժական լաբորատորիան ստուգում են ճանապարհային երթևեկության կարևորագույն պարամետրերը։

Գիտնականը կարևորում է լեռնային ճանապարհների ուսումնասիրության հարցերը. պետք է հասկանալ, թե լեռնային պայմաններում ի՞նչ ընթացքային կայունություն ունեն մեքենաները, ինչի՞ց են վթարները առաջանում։ Գուցե ճանապարհը պատճառ չդառնա, բայց առիթ դառնա, որ վարորդը չկարողանա կառավարել մեքենան՝ բացատրում է մասնագետը: «Հայաստանում  7500 կմ-ից ավելի ճանապարհ կա, ոչ մեկը ուսումնասիրված չէ երթևեկության համար։ Տարիների ընթացքում ասֆալտի շերտը մաշվում է, դառնում է ողորկ։ Դա անվադողի հետ կցումն ավելի սահուն է դարձնում։ Դրա պատճառով ավտոմոբիլի անիվը կսահի ու վթար տեղի ունենա»։

Շարժական այս մեքենան հնարավորություն կտա նաև գտնելու ճանապարհների մութ կետերն ու ինչ-որ չափով կանխելու օրեցօր ավելացող վթարները։ Որո՞նք են Հայաստանի ճանապարհների «մութ կետերը»․ դրանք այն վայրերն են, որտեղ ամենաշատն են վթարներ լինում։ Ամենավտանգավոր մայրուղային հատվածն, ըստ գիտնականի, Երևան-Պռոշյան հատվածն է։ Հետազոտությունները կատարել են հիմնական բոլոր մայրուղիների վրա։

Back to top button