ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Երևանում եկամտահարկի վերադարձի չեղարկմանը դեռ մի քանի ամիս ժամանակ կա

Հունվարի 1-ից Երևանում ամբողջությամբ կդադարի գործել եկամտահարկի վերադարձի դրույթը։ Փորձագիտական դաշտում կարծում են, որ դրանից հետո անշարժ գույքի շուկայում գների որոշակի անկում կլինի։ Մինչ այդ, սակայն, աճը շարունակվում է։

Եռամսյակային տվյալներով՝ շուկայում աճ է արձանագրվել։ Հայաստանում 2024թ.-ի առաջին եռամսյակում առքուվաճառքի գործարքների ամենաբարձր տոկոսը՝ 43.1%, գրանցվել է հողերի, իսկ ամենացածրը՝ 1.1%, արտադրական նշանակության շինությունների նկատմամբ։

Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում ՀՀ անշարժ գույքի շուկայում գործարքների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 17 տոկոսով։ Փորձագիտական դաշտում ընդգծում են՝ սա վերջին տասը տարվա ընթացքում բացարձակ թվով ամենաբարձր արդյունքն է։

Աճ արձանագրվել է Երևանում և ութ մարզում, մյուս երկու մարզում նվազում կա, բայց փոքր՝ ընդգծում է «Օրբելի» վերլուծական կենտրոնի փորձագետ Էլիզա Մաթևոսյանը.

«Շիրակում և Սյունիքում նվազումը փոքր է եղել՝ կազմելով համապատասխանաբար 2․7 տոկոս և 0․2 տոկոս»։

2024թ.-ի առաջին եռամսյակում անշարժ գույքի շուկայում գրանցվել է առքուվաճառքի 13 հազար 131 գործարք, ինչը նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ ավել է 20․1%-ով, մինչդեռ նախորդ եռամսյակի համեմատ՝ պակաս է 6․3%-ով: Շարունակել են աճել նաև Երևանում անշարժ գույքի շուկայական միջին գները․ բնակելի շենքերում բնակարանների գները անցած տարվա առաջին եռամսյակի համեմատ աճել են 12․9%-ով, իսկ 2023թ․-ի չորրորդ եռամսյակի համեմատ՝ 1․7%-ով։ Մարզերում առքուվաճառքի գործարքների տոկոսային բաշխվածությամբ ամենաբարձր տոկոսաչափերը բաժին են ընկել Կոտայքին (16.6%),Արմավիրին (9.6%), Արարատին (9.4%), Արագածոտնին (7.3%)։ Ընդ որում՝ բնակարանների գների աճ է գրանցվել Երևանի բոլոր վարչական շրջաններում։

«Վերջին երկու տարիներին առքուվաճառքի բարձր աճի տեմպը իր անմիջական ազդեցությունը թողել է շարունակական աճի վրա։ Ճիշտ է, առաջիկայում գների աճի որոշակի անկման միտում ակնկալվում է, սակայն այն տեղի ունենալու պարագայում կարճաժամկետ բնույթ է կրում»։

Շուկայում ակտիվությունը դեռ կպահպանվի՝ եկամտային հարկի վերադարձի դրույթով պայմանավորված։ 2015-ից մեկնարկած ծրագրով պետական բյուջեի միջոցներից վերադարձվող գումարները ավելի քան տասն անգամ ավելացել են․

«Պետական բյուջեից վերադարձվել է ավելի քան 141 մլրդ դրամ։ Միաժամանակ տարեցտարի աճել է նաև ծրագրից օգտվող շահառուների թիվը՝ 2023-ին հասնելով շուրջ 39 հազարի։ 2029ին ծրագրի ամբողջական չեղարկում է նախատեսվում՝ բացառութմաբ միայն կառավարության ցանկում հաստտաված սահմանամերձ բնակավայրերի»։

2025թ հունվարի 1–ից Երևանում այլևս չի գործի ծրագիրը, դրանից հետո այն կշարունակվի մարզերում մինչև 2029թ։ Անշարժ գույքի շուկայի ակտիվությունըեկամտահարկի վերադարձով է պայմանավորում նաև կառուցապառող ընկերություններից մեկի հիմնադիր Արմեն Սաքապետոյանը։

«Այս հանգամանքով պայմանավորված, մենք տարին պայմանական բնորոշում ենք որպես «սև ուրբաթի» տարի։ Կարծում ենք, որ ակտիվությունն ավելի է մեծանալու, և բնակարան գնելու ցանկություն ունեցող անձինք շտապելու են օգտվել այս վերջին հնարավորությունից»։

Բայց ոլորտի մեկ այլ մասնագետ  Արայիկ Գոջաբաշյանը ընդհանրապես կադաստրի պաշտոնական թվերի հետ կապված որոշ վերապահումներ ունի։ Նա նշում է՝ ներկայացված թվերը, որոնք գերատեսչությունը համարում է հունվար-փետրվարին տեղի ունեցած առուվաճառք, իրականում երկու-երեք տարի առաջ վաճառված բնակարաններն են։

«Այսինքն, մարդիկ կառուցվող շենքից գնման իրավունք են ձեռք բերել, վճարել են վարկեր, կամ գումարի մոտ 80-90 տոկոսը փոխանցել են կառուցապատողի հատուկ հաշվին և փոխանցման ակտի ժամանակ ընդամենն ընդունել են պատրաստի բնակարանները։ Չորս տարի տարի առաջ, մինչև կորոնավիրուսը, պատերազմը, շուկան այլ էր, մարդիկ տուն են գնել։ Եվ դա վերագրել այսօրվան ու ասել, որ գործարքներ ավելացել են, ես սխալ եմ համարում»։

Հայաստանում 2024թ.-ի առաջին եռամսյակում առքուվաճառքի գործարքների ամենաբարձր տոկոսը՝ 43.1%, գրանցվել է հողերի, իսկ ամենացածրը՝ 1.1%, արտադրական նշանակության շինությունների նկատմամբ։

Back to top button