ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Աշխատանքը կորցրած ուսուցիչները դեռ կարող են վերադառնալ դպրոց

Բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչները չեն կարող շարունակել իրենց մասնագիտական գործունեությունը։ Անցած տարի ԿԳՄՍ նախարարությունը հնարավորություն տվեց այդ խմբի ուսուցիչներին մասնակցելու կամավոր ատեստավորմանը և շարունակելու իրենց մասնագիտական գործունեությունը։ Փորձը ցույց տվեց, որ ոչ բոլորը մասնակցեցին կամավոր ատեստավորմանը, իսկ մասնակցածներից ոչ բոլորը կարողացան հաղթահարել անցողիկ շեմը։

Քանի որ տարիների աշխատանքային փորձ ունեցող բազմաթիվ ուսուցիչներ զրկվել են մասնագիտությամբ աշխատելու հնարավորությունից, կառավարությունը նոր ծրագիր է սկսել իրականացնել, որով ֆինանսավորելու է այդ խմբի ուսուցիչներին բարձրագույն կրթություն ստանալու համար։ 

Բարձրագույն կրթություն չունեցող այն ուսուցիչները, որոնք ձախողեցին թե՛ սեպտեմբերին անցկացված ատեստավորումը, թե՛ դրա երկրորդ հնարավորությունը մարտին, դեռ կարող են վերադառնալ դպրոց։ Չնայած մտահոգիչ վիճակագրությանը, ըստ որի դպրոցում դասավանդող ուսուցիչներից ավելի քան 1300-ը բարձրագույն կրթություն չի ունեցել, իսկ ատեստավորումը քչերն են հաղթահարել, կառավարությունը վերջին հնարավորությունն է տալիս նրանց մասնագիտությամբ աշխատելու։

Աշխատանքից ազատված ուսուցիչները կամ պետք է ևս մեկ անգամ փորձեն ուժերը ՝ նախապես վերապատրաստման դասընթաց անցնելով, կամ պետք է բարձրագույն կրթություն ստանան։ Նախնական վերլուծությունները ցույց են տվել, որ ավելի քան 150 ուսուցիչ ցանկություն է հայտնել բարձրագույն կրթություն ստանալու, իսկ շուրջ 500-ը՝ մասնակցելու վերապատրաստումներին։ ԿԳՄՍ նախարարությունում վստահ են՝ կառավարության որոշումից հետո բարձրագույնն ընտրողների թիվը կավելանա։ Կառավարությունը պատրաստ է փոխհատուցելու ամբողջ ուսման վարձը, բայց դա կախված բացառապես ուսուցչի առաջադիմությունից, հայտնեց ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը։

«Առաջին կիսամյակի ուսման վարձավճարները կփոխհատուցվեն, որից հետո փախհատուցումը կախված կլինի ուսանողների առաջադիմության հետ։ ՄՈԳ-ը պետք է 60 տոկոս և ավելի լինի։ Այսինքն՝ մենք վստահ լինենք, որ ուսուցիչը որակյալ կրթություն է ստանում և շահագրգռված է յուրացնել դասընթացների ամբողջ փաթեթը։

Դրանցից հետո շարունակաբար վարձավճարի փոխհատուցումը իրականցվելու է, բացառությամբ այն դեպքերի, երբ ուսուցիչը կընդհատի կրթությունը կամ իր առաջադիմությունը ավելի ցածր կլինի»։

Ի դեպ ուսուցիչները կարող են ընտրել միաժամանակ և վերապատրաստումը և բարձրագույն կրթությունը։ Բարձրագույն կրթություն ստանալու ընթացքում ուսուցիչը չի կարող աշխատել դպրոցում, բայց եթե հաղթահարի ատեստավորումը, կարող է վերադառնալ դպրոց, զուգահեռ շարունակել ուսումը բուհում։

«Առաջիկա երեք ամսվա ընթացքում հավաքագրելու ենք տեղեկատվությունը և ունենանք պատկեր։ Շարունակականությունը կախված կլինի նրանից, թե որքան շահառուներ կմնան այս գործընթացից դուրս։ Արդյունքում մենք պետք է վերլուծենք, թե որքան ուսուցիչ մասնակցեց կամավոր ատեստավորմանը ու հաղթահարեց այդ շեմը և որքան մարդ է, որ դիմել է և կրթությունը շարունակում է ԲՈՒՀ-երում։ Փաստացի կարող է ունենանք այնպիսի իրավիճակ, որ ծրագրի անհրաժեշտությունը չլինի, որովհետև մարդիկ այս կամ այն ձևով դրանից արդեն օգտված լինեն»։

Բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչները հիմնականում դասվարներ են, տեխնոլոգիայի, երաժշտության, կերպարվեստի և շախմատի ուսուցիչներ։ Անհամեմատ քիչ են բնագիտական առարկաներ կամ լեզուներ դասավանդող ուսուցիչները։ Փորձագետ Սերոբ Խաչատրյանը համաձայն է, որ դպրոցում պետք է դասավանդեն բարձրագույն կրթություն ստացած մասնագետները, բայց երբ դպրոցներ ունենք, որտեղ մասնագետների լուրջ բաց կա, նման կոշտ քայլն ավելի մեծ խնդիր կարող է առաջացնել։

«Մենք դպրոցում ունենք առարկաներ, օրինակ՝ տեխնոլոգիան, ֆիզկուլտուրան, արվեստը, որտեղ մարդ կարող է շատ լավ ձեռք ունենալ և լավ ուսուցիչ լինել։ Ես չեմ ասում՝ եկեք միջին մասնագիտությամբ ուսուցչին ասենք՝ արի մաթեմատիկա կամ քիմիա դասավանդիր, պարզ է, որ այդ առարկաները պետք է բարձրագույն կրթությամբ մասնագետները դասավանդեն։ Բայց կան առարկաներ, որոնք իսկապես կարող է միջին մասնագիտությամբ ուսուցիչը դասավանդել։ Եթե լավ վարպետ է, ինչո՞ւ չի կարող դասավանդել դպրոցում»։

Չնայած առարկայական առանձնահատկություններին՝ «Հանրակրթության մասին» օրենքում սահմանումը հստակ է. ուսուցչի կրթական նվազագույն աստիճանը պետք է լինի բարձրագույն: Ըստ վերջին վիճակագրության, դպրոցում դասավանդող ուսուցիչներից ավելի քան 1300-ը բարձրագույն կրթություն չի ունեցել։ Կամավոր ատեստավորման համակարգը, համաձայն որի՝ բաձրագույն կրթություն չունեցող ուսուցիչները կամավոր ատեստավորման շեմը հաղթահարելու դեպքում կարող էին շարունակել աշխատանքը, միջանկյալ լուծում էր և 894 ուսուցիչ է դիմել ծրագրին: Սակայն ատեստավորումը չանցած ուսուցիչներին թիվն ավելի մեծ է եղել, քան հաղթահարածներինը։

Կառավարության աջակցման ծրագիրը հենց այդ ուսուցիչների համար է։ Վարդուհի Ասատրյանը 2014 թվականից դասավանդում է Փարաքարի միջնակարգ դպրոցում։ Շախմատի ուսուցչուհին բարձրագույն կրթություն չի ստացել և աշխատանքը չկորցնելու համար պետք է կամավոր ատեստավորման մասնակցեր։ Արտահերթ ատեստացիան 83 տոկոսով հաղթահարած ուսուցչուհու առաջին փորձն անհաջող էր։ Հարցերը շատ բարդ էին, հիշում է նա «Ռադիոլուրի» հետ զրույցում։

«Գրոսմայստերական բարդության էր, կային նաև սխալներ, թերություններ։ Այդ թեստը հաղթահարելի չէր հանրակրթական դպրոցում դասավանդող ուսուցչի համար։ Իսկ արտահերթ ատեստացիան զգալիորեն թեստը բարելավված էր, կարգավորված էր, սխալներ չկային։ Ես հաղթահարեցի 83,3 տոկոսով և վերականգնեցի իմ աշխատանքը»։

Աշխատանքը կորցնելու վտանգն անցել է, բայց շախմատի ուսուցչուհին այնքան է սիրում ու գնահատում իր աշխատանքը, որ որոշել ապահովագրել այն նաև բարձրագույն կրթությամբ։

Back to top button