
Անգլիայի ազգային բալետը առաջին անգամ հյուրախաղերով Երևանում է։ Լեգենդար թատերախումբը մայիսի 10-ին և 11-ին աշխարհահռչակ «Ժիզել» բալետային ներկայացմամբ հանդես կգա Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։ Երևանյան առաջնախաղից առաջ անգլիական բալետային պատվիրակությունը հանդիպել է լրագրողների հետ․ անգլիսցիներն արդեն տպավորված են երևանյան այցով ու հանդիսատեսի ջերմ ընդունելությամբ։ «Ժիզել» բալետային ներկայացմամբ մայրաքաղաքում մեկնարկում է «Երևան բալետ ֆեստ 2024»-ը։
Պարարվեստի 21-րդ դարի գլուխգործոցը Երևանում է հայ հանդիսատեսի ու մայրաքաղաքի հյուրերի համար։ Անգլիայի ազգային բալետն առաջին անգամ է հյուրախաղերով հանդես գալիս Երևանում՝ ներկայացնելով աշխարհահռչակ «Ժիզել» բալետը՝ լեգենդար Ակրամ Խանի բեմադրությամբ: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Գոշ Սարգսյանը մինչև երևանյան առաջնախաղը լրագրողների հետ զրույցում ասում է՝ այս ներկայացմամբ մայրաքաղաքում տրվում է «Երևան բալետ ֆեստ 2024-ի» մեկնարկն է տրվում։
«Երևանը, լինելով աշխարհի հնագույն մայրաքաղաքներից մեկը և լինելով հիրավի մշակութային մայրաքաղաք, չէր կարող չհրավիրել Անգլիայի՝ շուրջ 80 տարվա պատմություն ունեցող թատերախմբին՝ ազգային բալետին, որը տասնյակ հազարավոր մարդկանց սրտեր է նվաճել»,-ասում է Սարգսյանը։

Այս հյուրախաղերը պատմական են Հայաստանի ու տարածաշրջանի համար՝ նկատում է Սարգսյանն ու ընդգծում՝ աշխարհի մեծագույն բեմեր նվաճած թատերախումբը վստահաբար լավագույն հիշողություններն ու տպավորություններն է պարգևելու նաև հայաստանյան հանդիսատեսին։
«Սա մի ներկայացում է, որը անպայման պետք է տեսնել, սա մի ներկայացումը է, որը կյանքը բաժանում է երկու մասի մինչև այս ներկայացումը դիտելը և դրանից հետո։ եվ մենք լիահույս ենք որ այս պատմական հյուրախաղերը կլինեն շարունակական»։
2016թ անգլիական Մանչեստերում տեղի ունեցած պրեմիերայից հետո «Ժիզել»–ը հասցրել է գրավել աշխարհում ավելի քան 150 հազար մարդկանց սրտեր ու հանդես գալ 10 երկրների ավելի քան 15 քաղաքներում։ Անգլիայի ազգային բալետի գեղարվեստական ղեկավար Աարոն Վոտկինը ուրախությամբ արձանագրում է, որ այսուհետ թատերախմբի հյուրախաղային քարտեզում նաև Հայաստանը կլինի։
«Մենք մեր նպատակն ենք համարում համաշխարհային լավագույն ներկայացումները հնարավորինս մասսայական դարձնելը, և բնականաբար նման հյուրախաղեր ունենալը այդ նպատակի մի մասն է։ Մենք իսկապես շատ ուրախ ենք ձեզ հետ «Ժիզել»–ը վայելելու համար։ Երևանը շատ ջերմ է ընդունել բոլորիս, շատ ուրախ ենք, որ տեսնում ենք Հայաստանի ու Երևանի հարուստ պատմամշակութային ժառանգությունը»,– ասում է Աարոն Վոտկինը։

Գլուխգործոց համարվող Ժիզելը երկար ճանապարհ է անցել։ Գեղարվեստական տնօերնը պատմում է՝ տարիներ շարունակ աշխատել են յուրաքանչյուր կերպարի վրա՝ փորձելով հետաքրքիր ու ամենակարևորը նորարարական լուծումներ տալ։ Վստահ են, որ այն, ինչ ստացել են, հուզելու է հանդիսատեսին։
«Մեր առաջնային նպատակն հանդիսատեսի հոգուն «Ժիզելի» արտառոց ու բացառիկ էմոցիաները հասցնելն է։ Ցանկանում ենք, որ հանդիսատեսը ցնծա, մենք նրան էմոցիոնալ մարտահրավեր ենք նետում, ուզում ենք, որ բացառիկ զգացողություններ ապրեք»։
Չնայած թատերախումբը հայ հանդիսատեսի հետ դեռ դեմ առ դեմ չի հանդիպել, բայց արդեն զգացել է հայկական հյուրընկալությունն ու ջերմությունը։ Ներկայացումներից բացի՝ ժամանակ ունեն նաև հայկական մշակույթին ծանոթանալու համար։ Գեղարվեստական ղեկավար Աարոն Վոտկինը շեշտում է՝ հյուրախաղերի նպատակը նաև տեղի պարարվեստին ու մշակույթին ծանոթանալն է, ինչիչց հետո հնարավոր է վերադառնան արդեն համագործակցության առաջարկով։




