ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Վարչապետի իմպիչմենտի երկրորդ փորձը՝ երկու տարի անց

Այն պահից սկսած, երբ «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման մասնակիցները հասան Երևան և հավաքվեցին Հանրապետության Հրապարակում, ձևակերպվեց շարժման առաջին քաղաքական պահանջը, որը իրականացնելու պատրաստակամություն ստանձնեց խորհրդարանական ընդդիմությունը՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները։

Նրանք նորից պատրաստ են իմպիչմենտի գործընթաց սկսել վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, սակայն, այդ գործում ակնկալիքներ ունեն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներից։ Բանն այն է, որ ընդդիմադիրները բավարար մանդատ չունեն խորհրդարանում գործընթացը սկսելու համար։

Խորհրդարանում ընդհանուր 35 մանդատ ունեցող «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները համաձայնել են սկսել վարչապետի իմպիչմենթի գործընթացը և «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման պահանջը տեղափոխել ԱԺ։ Խորհրդարանական ընդդիմությանը, սակայն, պակասում է մոտ 20 ձայն այդ գործընթացը նախաձեռնելու համար։ Այդ ուղղությամբ ընդդիմության աշխատանքների ուղղությունը նախ հուշում է սովորական թվաբանությունը․ խորհրդարանում կա ընդամենը մեկ անկախ պատգամավոր՝ Իշխան Զաքարյանը, որը դեռ 2021-ին էր դուրս եկել «Պատիվ ունեմ» խմբակցությունից։ Սա նշանակում է, որ ընդդիմադիրներն իրենց նպատակին հասնելու համար պետք է աշխատեն խորհրդարանական մեծամասնության՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության առանձին անդամների հետ։

Մայիսի 9-ի հանրահավաքում շրջանառության մեջ դրվեց մի տեղեկություն, ըստ որի իշխող քաղաքական թիմից արդեն կան պատգամավորներ, որոնք շփումների մեջ են եղել Բագրատ սրբազանի կամ, ինչպես իշխանության ներկայացուցիչներն են նրան սկսել դիմել աշխարհիկ անունով, Վազգեն Գալստանյանի հետ։ Շրջանառվել է, օրինակ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Ռուստամ Բաքոյանի անունը և լուրը նրա ներկայացրած ազգային փոքրամասնության՝ եզդիների համայնքի «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը միանալու մասին։ Բաքոյանը չի թաքցնում, որ շփվել է Բագրատ սրբազանի հետ, բայց 44 օրյա պատերամի օրերին և դրանից հետո, երբ որոնում էին զոհված հարազատի դին․

«Դա եղել է 2020 թվականի աշնանը, դա եղել է մեր առաջին և վերջին շփումը։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը բավականին ամուր է և մեկ միլիմետրի շեղում չի կարող մեր խմբակցությունում լինել։ Չի կարող նաև մեր համայնքը միանա շարժմանը։ Համայնքից կարող են լինել անհատներ, ովքեր կարող են ունենալ քաղաքական այդպիսի կողմնորոշում և գնան միանան։ Իսկ եթե որևէ մեկը կմտածի, որ իմ համայնքի անունից կարող է նման հայտարարություն անել, ես ձեզ ասում եմ, որ նման ճշմարտություն գոյություն չունի»։ 

Այլ ճշմարտության մասին է պնդում շարժման անդամներից քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը։ Նա պնդում է, որ «ՔՊ» խմբակցության անդամների հետ շփումներ, այնուամենայնիվ, կան․

«Ես չէի ասի՝ դրանք խորհրդակցություն են։ Խորհրդակցություն չեն, բայց երեկվանից արդեն «ՔՊ»-ից որոշ կոնտակտներ արդեն իրենց նախաձեռնությամբ մեզ հետ եղել են։ Ներողություն եմ խնդրում, որ չմանրամասնեմ, բայց ասեմ, որ այդ ուժում որոշում կայացնողներից, որոշման վրա ազդեցություն ունեցողներ, նվազագույնըտ 4-5 հոգի։ Հիշո՞ւմ եք, որ Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ 30 հազար մարդ լինի, ես կգամ, ժողովրդի հետ կխոսեմ և այլն, հրապարակը լցնեք, ես հրաժարական կտամ և այլն։ Բա ո՞ւր մնացին այդ խոսքերը։ Լավ, այդքան մարդ, 100 հազարից ավելի մարդ իր հստակ պահանջը դրեց, ինչի՞ համար չեղավ գոնե նվազագույնը՝ հանդիպումը, քննարկումը»։

Ընդդիմադիր գործչի հարցերի պատասխանները տալիս է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։ Ընդդիմադիրների նկարագրած զարգացումները նա բացառում է։ Չեն պատրաստվում նաև խորհրդարանում ընդունել ցուցարարների ներկայացուցիչներին և հարցեր քննարկել։

 ««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ամբողջությամբ և անվերապահորեն իրագործում է ՀՀ ժողովրդի կամքը, որը արձանագրված է ընտրություններով և մենք, իհարկե, որևէ մեկի հետ չենք պատրաստվում քննարկել մատնանշված հարցը։ Չկա նման օրակարգ։ Անկեղծ ասած, չեմ էլ հասկանում՝ օրակարգը ո՞րն է։ Երբ առաջարկվում է, որ իշխանությունը հրաժարական տա, ո՞րն է նրա տեսլականը, ո՞ւր է նա տանելու Հայաստանը, ո՞ւմ հետ, որո՞նք են նրանց պատկերացումները անվտանգության, արտաքին քաղաքականության, տնտեսության, արդարության, ժողովրդավարության մասին։ Ինչպե՞ս են նրանք մտածում։ Ես չեմ տեսնում բովանդակություն։ Տեսնում եմ պարզապես արդեն դեժա-վյու դարձած գործընթաց, որ երբ ամեն անգամ Հայաստանը փորձում է սպասարկել իր անվտանգային շահերը, հայտնվում են տարբեր մարդիկ և փորձում են Հայաստանում բարձրացնել իշխանափոխության հարցը»։

Վարչապետի պաշտոնանկությւոնը սկսելու համար անհրաժեշտ ձևաթուղթը Աժ-ում ընդդիմադիրները դեռ չեն վերցրել։ Ժամկետի համար օգտագործվում է «առաջիկա օրեր» ձևակերպումը։ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը իր 6 հոգանոց խմբակցության անունից վստահ է, որ բոլորը կմիանան նախաձեռնությանը։

 «Հայտնի է, որ հանդիպում ենք ունեցել շարժման նախաձեռնության առաջնորդների հետ։ Այդ քննարկման հիմնական նպատակը եղել է այդ պահին ֆիքսելու պատրաստակամությունը խորհրդարանական ընդդիմադիր ուժերի այս պահին սպասարկելու այն օրակարգը որը կապված է անվստահության գործընթացի հետ։ Մենք շարժման առաջնորդներին հայտնել ենք մեր պատրաստակամությունը գործընթացի մեջ մտնելու համար և քննարկումը այս փուլում, հիմնականում սահմանափակվել է դրանով։ Գործընթացի հետ կապված դրան զուգահեռ որոշակի ընթացակարգային հարցեր կան, որոնց մի մասը տեխնիկական են, մի մասն էլ մեզանով չեն պայմանավորված»։

Շարժման և ընդդիմադիր պատգամավորների ծրագրած զարգացումները խորհրդարանում իրատեսական չի համարում Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

 «Իմպիչմենտի գործընթաց թող բերեն, անեն։ Բայց տվյալ հոգևորականը ասում էր 20 ձայն է պակասում, որտեղից է լինելու այդ ձայները։ Այս 3 տարի է այստեղ են, իրենք տեսնո՞ւմ են թեկուզ 2.5 ձայնի հնարավորություն։ Անձամբ ես չեմ տեսնում նույնիսկ 1.5 ձայն։ Ընդդիմության ներկայացուցիչները որտե՞ղ են։ Այս երկիրը հետպատերազմյան փուլեր է անցնում, ինչ է նշանակում ՝ դեռ կգանք։ Իրենք պետք է աշխատանքի լինեն, մարդիկ, որոնք ստանում են մանդատ, պետք է իրացնեն այդ մանդատը աշխատանքի միջոցով։ Իրենց բարձրացրած հարցեր լուծում են պահանջում Աժ-ում, որտեղից իրենք բացակայում են։ Այդ 4 հոգուն իրենք որտեղի՞ց են գտնելու, Աժ-ում չէ՞, էլ չեմ ասում 20 հոգի»։

Նիկոլ Փաշինյանին դեմ իմպիչմենտի գործընթաց սկսելու փորձը արդեն երկրորդն է «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների համար։ Առաջինը 2022-ի սեպտեմբերին էր, երբ պատգամավորները հստակ հաշվարկել էին, որ պակասում է 18 պատգամավորի ստորագրություն։ Այն ժամանակ ստորագրությունների անհրաժեշտ քանակը հավաքել չհաջողվեց։

Back to top button