Վերլուծական

Ինչ ուղի է ընտրել նոր կառավարությունը

Հայաստանում բան է փոխվել եւ այդ փոփոխությունները ժողովրդի օգտին են՝ այս կարծիքն է լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ հայտնել քաղաքագետ Երվանդ Բոզոյանը՝ անդրադառնալով ձեւավորված նոր կառավարությանը:

Նոր կառավարության անդամների վերաբերյալ տեսակետները տարբեր են:

Լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ անդրադառնալով նոր կառավարության կազմին՝ քաղաքական գործիչ Ազատ Արշակյանը կարծիք հայտնեց, որ նորանշանակ նախարարների հայտնի չլինելն արդեն դրական է, պետք է սպասել որոշ ժամանակ, նոր գնահատական տալ նրանց աշխատանքին:

«Լավ է, որ նոր մարդիկ են, հիմա ուրիշ խնդիր կա՝ կոմպետե՞նտ են այդ մարդիկ, թե ոչ. դա ինձ անհանգստացնում է, ազնիվ, լավ մարդը պարտադիր չէ, որ լավ մասնագետ լինի, պետք է սպասենք: Այս դեպքում շոգեքարշը՝ Նիկոլ Փաշինյանը, վստահ է իր կառավարության համար, և ռիսկը նրա վրա է»:

Ինչ վերաբերում է «Ծառուկյան» դաշինքի և «Հայ Յեղափոխական Դաշնակցության» պորտֆելներին, ապա Ազատ Արշակյանը կարծում է, որ հիմնական խնդիրն այն է, թե ինչ հրահանգներ է տալիս վարչապետը։

«Սխալ է հետ բերել նրանց, ովքեր մասնակցել են ՀՀ-ի կեղեքմանը, աղքատությունը: Կարծում եմ, որ դա ական է ներկայիս իշխանության տակ»:

ԱԻՄ անդամ, ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանը համակարծիք էր, որ դեռեւս վաղ է գնահատական տալ կառավարության նոր կազմին: Նրանց, կարծում է, պետք է  ժամանակ տալ:

«Վերջիվերջո, նորանշանակ վարչապետի իրավունքն է՝ կազմել այնպիսի կառավարություն, որոնց հետ իրեն ավելի կոմֆորտ է զգում, գտնում է, որ կարելի է ավելի ճիշտ աշխատել»:

Այլ հարց է, որ պետք է գնահատենք, թե նոր կառավարությունն ինչ ուղի է ընտրել՝ ո՞ր է գնում երկիրը՝ ասաց Գագիկ Սարուխանյանը: Նա միաժամանակ հիշեցրեց, որ գործ ունենա ժամանակավոր կառավարության հետ.

«Անհապաղ պետք է աշխատել այն ուղղությամբ, որ լինեն նոր ընտրություններ, նոր ԱԺ ձևավորում և դրանից հետո՝ նոր կառավարություն»:

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանի խոսքով նույնպես անհրաժեշտ է ժամանակ՝ տեսնելու նոր նշանակված կառավարության անդամների աշխատանքը: Նա միաժամանակ կարեւոր է համարում, թե ինչ ծրագրով են հանդես գալու ժամանակավոր այս փուլում՝ մինչեւ արտահերթ ընտրությունները.

«Որովհետեւ դրանից է կախված, թե ապագայում մենք ինչ բովանդություն կունենանք»:

Շատ կարեւոր է, որ ձեւավորվի նորմալ ընտրական համակարգ՝ հանրության կողմից վստահություն վայելող ընտրությունների համար՝ եզրափակեց  քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:

Back to top button