19-րդ դարի 80-ականներից հայկական մամուլում հայտնվում են երաժշտական գործիքների վաճառքի, նորոգության մասին ծանուցումներ ու գովազդներ: Դրանք վկայում են այն մասին, որ տանը ռոյալ կամ դաշնամուր ունենալը հարգի էր դառնում:
«Մշակ»-ը գրում է.
Ամենայայտնի գործարանների րօեալներ, դաշնամուրներ, ֆիս-հարմօիումներ, ջութակներ, կիթառներ, ֆլեյտաներ, կլարնետներ, ձայնախազեր, լարեր, և այլն, եւ այլն: Բոլոր տեսակ գործիքների համար գինը կարելի է վճարել մաս-մաս: Նոր-պրեյսկուրանտն ուղարկվում է ձրի: Երաժշտական գործիքների եւ ձայնախազերի կովկասեան–կենտրօնական դէպօ Միրիմանեանի՝ մատակարար կայսերական երաժշտական ընկերութեան:
Ռումինիայի Արմենոպոլիս քաղաքում ծնված, Ավստրիայում հաստատված, ամենայն հավանականությամբ Կիլիկեցի Կյուրեղ Դեմյանը նվագարաններ պատրաստող վարպետ էր, նաև երաժշտական խանութի սեփականատեր: Ի սկզբանե պատրաստում էր ռոյալներ, դաշնամուրներ և երգեհոններ, ինչպես նաև երաժշտական այլ գործիքների մասեր: Բայց՝ իր երկու որդիների՝ Կարլի և Գվիդոնի հետ երկար-բարակ մտմտալուց հետո, ստեղծեց մի նոր գործիք՝ ակորդեոն: Վիեննան չի մոռացել նվագարանների ստեղծման մեջ Կյուրեղ Դեմյանի ներդրման մասին և երախտապարտորեն քաղաքի Երաժշտության տանը ցուցադրում է նրա աշխատանքներից:
Прелесть-Аккорденон
Ներկայումս ամենաւ ձեռքի հարմոնիումներ զարմանալի կերպով թեթև են, ունին քաղցր ձայն, որոնց վրայ դիւրութեամբ կարելի նուագել, ունի պատենտաւոր գրիֆ և փուքսերի անկիւնները մետաղից են: Վաճառւում են են երաժշտական ամենալաւ մագազիններում: Երաժշտական գործիքների առեւտրի և գործարանի գլխաւոր պահեստ Ի.Ֆ. Միլլերի, Մոսկուայում.Մանրամասն նկարագիրը և լիակատար պատկերազարդ պրէյսկուրանտը—ձրի: Իմ բոլոր Прелесть—Аккорденон»—ները պէտք է ունենան հետեւեալ դրոշմանիշը:
Ծանուցում է Նոր Դարը:
1818 թվականին Պետերբուրգում գերմանացի Յոհան Շրյոդերը հիմնում է դաշնամուր, ռոյալ պատրաստելու գործատուն, ցուցահանդեսներում արժանանում բարձր գնահատականի: Նրա որդի Կարլի օրոք «Schröder» ռոյալները մատակարարվում էին Ավստրայի, Գերմանիայի, Դանիայի և Ռուսաստանի արքունիքներին:
Դեպօ րօեալներ եւ պիանինօներ Կ.Մ. Շրեդէրի արքունական գործատան. Ծախու եւ վարձով: Ընդունում են բերել տալու երաշխաւորութեամբ:Գոլովինսկի պրոսպեկտ N 18
Թիֆլիսյան թերթերը գովազդում էին ռոյալներ, որոնք հիմնականում բերվում էին ռուսական կամ Եվրոպական քաղաքներից: Բերվում էին ֆուրգոններով, և , մինչև տեղ հասնելը, շարքից գրեթե դուրս էին գալիս: Ֆրիդրիխ Ռեյեռ անունով մեկը որոշում կայացրեն արտադրությունը տեղում կազմակերպելու մասին: Իսկ իր արտադրանքը սկսեց վաճառել Թիֆլիսի Երևանյան հրապարակում բացված Սուզանջյանի, ինչպես նաև Միխայելովսկայա փողոցի Կոպպի խանութներում:
Ֆենիքս-օրգաններ, մեխանիքական երաժշտական գործիքներ, որոնք նուագում են ձեռքի պատումով: Մետաղական նոտեր: Պողպատի ձայներ: Հնչիւն եղանակ. Գինը առանց նոտերի 10 ռ., նոտերը-35-ական կոպէկ: Ֆենիքս–օրգան-24 եղանակ, գինը առանց նոտերի 26 ռ. Նոտերը 60-ական կոպէկ: Օրկեստր ֆենիքս-48 եղանակ (երկձայն)-գինը առանց նոտերի 40 ռ., նոտերը 60-ական կոպէկ: Պրէյսկուրանտը՝ ձրի: Գնելիս գրաւական է առնում արժեքի ½ մասը, մնացածն առնում է վերադիր վճարով՝ ուղարկուած ժամանակ: Հուլիոս Հենիխ Ցիմմերման երաժշտական գործիքների գլխաւոր պահեստ եւ գործարան
«Նոր Դար»-ում հիշատակված Հուլիոս Ցիմմերմանը՝ նվագարաններ արտադրող այս հայտնի գերմանացին,Մոսկվայում և Պետերբուրգում ուներ պահեստներ և ներկայացուցիչն էր հայտնի Blüthner, Steinway & Sons, Schröder ֆիրմաների:
Փիանօներ. փոխադրուած ի թիւ 1246 Ճէյ փողոց: Falkenstein’s music house,Կրանթ Ֆօքընսթին տնօրեն, Այվըրս և Փօնտ Փիանօներուն տուն:
Ու. Փ. Հայնզ եւ ընկ., Լէսթըր, Տը րիվաս և Հէրրիս Պուշ և Լէյն, Վիքթօր, Պէննինկ Քրօկըր եւ ուրիշ տեսակ Փիանօներ: Քիչ գործածուած փիանօներ $190, ընտիր օրկըն մը $50.00
Նօթա և նուագածութեան վերաբերեալ ամէն պիտոյք: Զքանչելի հին Ջուդակ մը և Կիթար մը, Քօրնէթ մը, 17.50, Թրօնպօն $35, Պէս Յըրմ $30, Սնեյր Տրըմ $16,.00, գործածուած ֆօնօկրաֆ և 60 հատ րէքըրտ $10.00: Փիանօ թիւն ընելու մասնագիտութիւն: Ֆօֆֆըսթին Միւզիք հաուզ Թէլէֆօն 69:
Ֆրեզնոյի «Նոր կեանք»-ը 1919-ին տպագրված այս մեկ ծանուցմամբ գովազդում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում արտադրված հայտնի գործիքները: Օրինակ՝ հիշատակված «Lester» ընկերությունը, որ հիմնվել է 1888 Ֆիլադելֆիայում, դաշնամուր արտադրել է մինչև 1960 թվականը: «Kroeger» դաշնամուրները արտադրվում էին 1879-1957 Նյու Յորքում:
Դռան վրայի անունը այնքան կարեւր է, որքան է փիանօին վրայի անունը
Այսօր շուկայի վրայ կան հարիւրաւոր տեսակներով փիանօներ, որոնցմէ ոմանց անունը ձեզ ծանոթ չէ, տեսնելով մէկտէղ անոնց ծանուցուիլը, որովհետեւ ի վիճակի չես այդ յայտարարութիւններուն իսկութիւնը ճշդելու փիանօի շինուածքի մասին մասնագիտական ծանօթութիւն չունենալուդ համար: Ահա թէ ինչու խանութի դռան վրայ գրուած անունը փիանօի անուան չափ կարեւոր է: Եթէ անունը լաւ ու վստահելի մէկու մը անունն է, այն ատեն կրնաս անոր խօսքերուն հաւատալ: Այս տեսակ վստահելի մէկէ մը գնած փիանօդ երկար տարիներ քեզի գոհացում պիտի տայ եւ դուն պիտի զգաս որ վճարած դրամդ բան մը արժած է:
Կը վաճառենք Սթէնուէյ եւ ուրիշ ամէն տեսակ Փիանօներ, վիքթրոլաներ եւ րէքըրաներ: Sherman Clay & Co.
Վիքթրոլաներ եւ րէքըրաներ… 1901 թվականին գրամաֆոնի և սկավառակների գյուտարար Էմիլ Բեռլիների հետ ծանոթանալով՝ Նյու Ջըրսիից մեխանիկ Ջոնսոնը ստեղծեց զսպանակով շարժիչ, ազատելով գարամոֆոնը անընդհատ ձեռքով գործի դնելու պարտադրանքից և ապահովելով սահուն հնչողություն: Ի վերջո ստեղծեց Victor Talking Machine Company.
Պիանինօ, րօյալներ Եա. Բեկկէր եւ ռուսական ու արտասահմանեան ուրիշ գործարանների գրամմօֆօններ, ֆիս հարմոններ, ջութակներ, կիթառներ, մանդօլիններ, ֆլէյտաներ, կլարնէտներ, կօրնէտ-ապիստօներ, ցիտրաներ, վիօլօնչէլներ և այլ: Մշտապէս թարմ լարեր: Կարելի է վճարել մաս-մաս՝ ամենաձեռնտու պայմաններով:Պահանջածին պէս ուղարկւում է նոր պատկերազարդ պրէյսկուրանտ.
Երաժշտական գործիքների կովկասեան կենտրօնական գլխաւոր դէպօ Բ.Մ. Միրիմանեանի
1841-ին Սանկտ Պետերբուրգում Յոհան Բեկկերի կողմից հիմնված նվագարանների գործարանը 1918-ին բոլշևիկները ազգայնացրին՝ անվանափոխելով «Կրասնի Օկտյաբր»-ի:
Անգլիական Չէբըլ տան լաւագոյն դաշնակները. Միակ ներկայացուցիչ Արեւելքի Ա. Գալէնտէր: Կալաթա, Իւնիօն խան 51, հեռաձայն 15-02:
Ծանուցում է Պոլսի «Ոստան» թերթը:
Երաժշտական գործիքների պահանջարկը ժամանակի հետ մեծանում էր: Ուրեմն նաև առաջ էր գալիս դրանց նորոգման խնդիրը: Դեթրոյթի «Մասիս» թերթը տեղեկացնում է Ֆօնօկրաֆի հայազգի մասնագէտ Յակոբ Տիւլկէրեանի ծառայությունների մասին.
Կւ նորոգեմ եւ կը փոխեմ ամէն տեսակ ֆօնօկրաֆներ: Նաեւ քու հին ֆօնօկրաֆդ օժտելով օրթօփոնիք թօն արմով ձայնը կը յստակեցնեմ: Մանրամասնութեանց համար դիմէ ինձ, 1514 Քլեմենթս պողոտա, Դեթրոյթ, Միչիգան:
Ահա այսպիսի գովազդներ և ծանուցումներ գտա անցած դարի սկզբի հայկական մամուլի էջերին:
Շնորհակալություն աշխարհի ամեն անկյունում Հայ տպարաններ և մամուլ հիմնած երախտավորներին նաև Հայաստանի Ազգային գրադարանին այդ մամուլի հսկայական հավաքածուն մատչելի դարձնելու համար: