Մտքի ուժը

Արցախյան ֆենոմեն՝ ի՞նչ են ուսումնասիրում գիտնականները. «Մտքի ուժը»

Արցախի բնակչության շրջանում ադապտացիայի մակարդակը բարձր է, պարզվել է արցախցի ու հայաստանցի գիտնականների հետազոտության արդյունքում։ Արցախյան պատերազմը, հետպատերազմյան շրջանը, շրջափակումն ու արդեն բռնի տեղահանումն ի՞նչ ազդեցություն են թողել արցախցիների կյանքի որակի և հոգեֆիզիոլոգիական վիճակի վրա․ գիտական հետազոտությունները սկսվեցին Արցախում՝ 44-օրյա պատերամզից հետո, շարունակվեցին շրջափակման պայմաններում, այժմ արդեն դրանք Հայաստանում են իրականացվում։

Մարինե Մարդիյանը Երևանի Մ․ Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հանրային առողոջության ու առողջապահության կազմակերպման ամբիոնի պրոֆեսոր է, բժշկական գիտությունների դոկտոր, գիտական ծրագրի խորհրդատուն։ Պատմում է․ «Հետաքրքիր է, որ երբ մենք նայեցինք հետպատերազմյան շատ երկրների ցուցանիշները, Արցախի ցուցանիշները տարբերվում են։ Օրինակ, Չեչնիայի պատերազմից հետո ինչ փոփոխություններ են եղել։ Ամենակարևորը, որ Արցախի բնակչության շրջանում ադապտացիայի մակարդակը  բարձր էր՝ համեմատած այլ երկրների հետպատերազմյան այլ բնակչության ցուցանիշների հետ։ Ճիշտ է կյանքի որակի պարամետրերը ցածր էին, բայց երբ մենք դիտարկում էինք պատերազմ, մտածում էինք, որ պետք է կյանքի որակի պարամետրերը կիսով չափ տուժած լինեին։ Բայց մենք ստացանք, որ ճիշտ է տուժել է կյանքի որակը, հոգեբանասոցիալական ադապտացիան, բայց այդ ցուցանիշները կայուն էին։ Սա է ընկած Արցախյան ֆենոմեն հասկացության մեջ։ Արցախի ժողովուրդը բավականին կայուն ժողովուրդ է, ապրելու ձգտումը բերում էր նրան, որ կյանքի որակի երկու կարևորագույն պարամետրերը տուժել էին, բայց արագ էին ադապտացվում ու վերականգնվում»։  

Արդյունքում կհասկանան՝ որ ռիսկերն են ազդել արցախցիների կյանքի որակի վրա։ Հիվանդության ռիսկերը կփորձեն կապել կյանքի որակի ու նրանց կենսաբանական ցուցանիշների փոփոխությունների հետ։

Կլինե՞ն արդյոք էական փոփոխություններ բռնի տեղահունումից հետո, ի՞նչ կլիներ, եթե չլիներ բռնի տեղահանումը։ Հարցերի պատասխանները կլինեն, բայց հետազոտությունից հետո միայն։

Մարինե Մարդիյանն արձանագրում է՝ յուրաքանչյուր պոպուլյացիա հետաքրքիր դեմոգրաֆիկ քաղաքականություն է վարում։ Բացատրում է.  «Արցախի ժողովրդին միշը փորձել են ճնշել, նրանք էլ հետաքրքիր դեմոգրաֆիկ քաղաքականություն են վարել։ Գտել են, որ պետք է շատանան, այնտեղ իրենց ուժն են տեսել։ Մենք հետո իմ ասածը հետազոտությամբ կապացուցենք, բայց նրանք գտել են, որ բազմազավակ ընտանիքի գործոնով պայմանավորված ենք ցածր ցուցանիշ ստացել։ Մարդը ապրում է, որ իր երեխաների համար բարեկեցություն ստեղծի։ Արցախի ժողովուրդը, ունենալով շատ երեխաներ, այդ ուժը քառապատիկ է դարձրել։ Արցախյան ֆոնեմեն է դա, իրոք ազդել է ցուցանիշների փոփոխության ցածր միտումների վրա»։ 

Արցախի գիտական կենտրոնի ու Մ․ Հերացու անվան պետական բժշկական համալսարան»-ի համագործակցությունը տարիների պատմություն ունի։ Համատեղ գիտական հետազոտություններ իրականացրել են ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի «Արցախի հետ համագործակցության ծրագիր-2021» գիտական թեմայի շրջանակներում։ Կենսաբանական գիտութունների դոկտոր, Արցախի պետական համալսարանի կենսաբանության և քիմիայի ամբիոնի դոցենտ, Արցախի գիտական կենտրոնի ֆիզիոլոգիայի լաբորատորիայի վարիչ, գիտական ծրագրի ղեկավար Հասմիկ Գալստյանը պատմում է՝ լաբորատորիան հիմնադրվել է 2021 թվականին։ Նորաստեղծ լաբորատորան համալրվել է ՀՀ գիտության կոմիտեի ու Արցախի գիտական կենտրոնի համագործակցության արդյունքում։

Արցախում թողեցին մի ամբողջ լաբորատորիա՝ հետաքրքրիր սարքավորումներ՝ վելոէրգոգրաֆ, կենսամկնիկներ, գլյուկոմետրեր, ճնշաչափ, պուլսօքսիմետր, կշեռք բժշկական, հասակաչափ, էկրան-մոնիտոր, համակարգիչներ։ «Արցախի բնակչության կյանքի որակի բժշկակենսաբանական վերլուծությունը հետպատերազմյան շրջանում» կատարած ամենամեծ աշխատանքն էր։ Պայմանները ծանր էին, բայց հաջողեցին։ Նախ ուսումնասիրեցին Արցախի բնակչության պատանեկան ու հասուն շրջանի մարդկանց կյանքի որակի առանձին բաղադրիչները։ Գնահատեցին արցախցիների մոտ օրգանիզմի ֆունկցիոնալ վիճակը, տագնապայնության և հավակնությունների մակարդակը, մի շարք անհատական հոգեբանական առանձնահատկություններ՝ կապված խառնվածքի հետ։

Թեման երաշխվորվել է Մ․ Հերացու անվան բժշկական համալսարանի էթիկայի կոմիտեի կողմից։ Հետազոտությունը՝ Արցախի գիտական կենտրոնի ֆիզիոլոգիայի լաբորատորիայում՝ համապատասխան հարցաթեթրիկների միջոցով ու մի շարք սարքավորումների կիրառմամբ է կատարվել՝ պատմում է լաբորատրոիայի վարիչ Հասմիկ Գալստյանը.  «Հետազոտվել է երեք տարիքասեռային խմբերի մոտ 180 քաղաքացի՝  տղամարդիկ և կանայք՝ պատանեկան, հասուն առաջին  ու երկրորդ խմբի մարդիկ։ Հետազոտությունը իրականացվել է ֆիզիոլոգիայի լաբորատորիայում։ Առաջին փուլում հարցաթերթիկային հետազոտոթյուն է իրականացվել։  Նրանք մշակվել են, պարզվել է, որ  հետապատերազմյան իրավիճակը մեծ ազդեցություն է թողել  ոչ միայն ֆիզիկական, այլ նաև հոգեկան առողջության բաղադրիչների վրա։ Հետաքրքիր է, որ կյանքի որակի ձևավորման վրա մեծ տեղ է հատկացվել սոցիումի առանձնահատկություններին։ Դա բնորոշ է հենց արցախահայությանը։ Մեր առաջին հետազոտությունը նոր գիտելիքների ու ֆենոմենների բացահայմանն էր ուղղված»։ 

Գործիքային փուլում կենսամկնիկներն են օգտագործել արդյունքերը հետաքրքիր են՝ ասում է Հասմիկ Գալստյանը՝ նշելով, որ հոգեֆիզիոլոգիական պարամետրերում փոփոխություններ նույնպես արձանագրել են։ Շրջափակման ինն ամսում ամեն հաջորդ օրը  պայմանները սրվում էին, ասում է արցախցի գիտնականը։ Աշխատում էին գիտական աշխատանքի վրա, բայց շտապում էին։ Գիտական հետազոտության արդյունքում պարզել են նաև, որ Արցախում միկրոսոցիալական աջակցության դերն էր բարձր։ Իրար օգնելով պետք է դուրս գայինք՝ այսօր արդեն վերլուծելով անցած ամիսները, ասում է Հասմիկ Գալստյանը։ Ընդգծում է՝ մինչև վերջ պատրաստ էին դիմադրել, գիտակցելով, որ առջևում ձմեռ է, ավելի ծանր էր լինելու։ Սա ևս գիտական հետազոտության թեմա է։

Երկրորդ ծրագրով նոր մեթոդաբանություն են առաջարկում, նոր մոտեցում՝ գնահատել հիվանդության զարգացման ռիսկը կյանքի որակի ու ադապտացիոն հնարավորությունների հիման վրա։ Սովորաբար ռիսկը գործոնով են գնահատում, ասում է Մարինե Մարդիյանը։ Այժմ արդեն Երևանում կշարունակեն հետազոտությունը։ Դժվարություններ կան, բայց տվյալների բազան կհեշտացնի աշխատանքը։ Կընդլայնեն հետազոտության մասնակիցների շրջանակը․ կհետազոտվի նաև հայաստանաբնակ պոպուլյացիան։ 

Back to top button