Խոսելիս երգչախմբային արվեստի, նրա ավանդույթների և մշակութային նշանակության մասին, պետք է հաշվի նստենք որոշակի անհամաչափության հետ, քանի որ ունենք միայն հինգ պետական երգչախումբ և ըստ էության խմբերգային արվեստի զարգացման ընթացքը պայմանավորված է ոչ միայն այդ հանգամանքով, այլ նաև անկախ, ինքնազբաղ երգչախմբերի և երգեցիկ խմբերի հաշվին։
Ի տարբերություն պետականների նրանք չունեն երաշխավորված աշխատավարձ, փորձատեղ և համերգային ծրագրերը կանոնավոր կերպով ներկայացնելու հնարավորություններ։ Եվ ուրեմն երաժիշտների յուրաքանչյուր ինքնադրսևորում այդ դաշտում ոսկու գին ունի, քանի որ մարդկանց համախմբման հիմքում ոչ միայն կատարողական արվեստն է, այլ անսահման նվիրումն ու կատարելագործման մեծ ներքին մղումը։ Այդպիսին է «Խազեր» երգչախումբը, որը հիմնադրվել է 2013-ին խմբավար և երգչախմբի գեղարվեստական ղեկավար Անի Նավասարդյանի ջանքերով և նախաձեռնությամբ։
«Մենք տեսնում ենք մեր առաքելությունը առաջին հերթին կոմիտասյան ժառանգությունը պահպանելու, կենդանի պահելու և տարածելու մեջ։ Հենց այս գաղափարի շուրջ էլ, լրիվ կամավորական սկզբունքով, համախմբվեցին տասը տարի առաջ երիտասարդ երգիչները և հենց այդ առաքելությամբ էլ մինչ օրս շարունակում ենք աշխատել միասին, հաղթահարելով բոլոր դժվարությունները»,- ասում է խմբավարը։
Երգչախումբը համերգներով է հանդես գալիս Հայաստանի տարբեր համերգային հարթակներում՝ մայրաքաղաքում, Գյումրիում և մարզերում, նաև արտերկրում։ Վերջերս երգչախումբը հյուրախաղերով հանդես եկան Փարիզում և Բորդո քաղաքում, արձանագրելով տեղի մամուլի և հանդիսատեսի մեծ գնահատականն ու հաջողությունը։
Երգչախմբի երգիչներ Անի Մարտիրոսյանն ու Վահագն Ամիրխանյանը՝ մեր զրույցի մասնակիցները, նշում են որ տարբեր ճանապարհներով են հայտվել խմբում։ Անին, չլինելով երաժիշտ, գերվել է Կոմիտասով, իսկ Վահագնը պատանեկության տարիներից, երգելով «Խազերի» փոքրիկների կազմում, անցել է մեծահասակների խումբը։
Երգչախումբը հետևողականորեն կատարում է ձայնագրություններ՝ թողարկել է երկու ձայնասկավառակ, ինչը նպաստում է և՛ հայկական երաժշտության և‘ երգչախմբի հանրահռչակմանը։ Հաղորդման ընթացքում հնչում են «Խազեր» երգչախմբի բազմաթիվ կատարումները։