Հանքարդյունաբերության հին ու նոր թափոնների վտանգը, որ սպառնում է հասարակությանը
Հանքարդյունաբերությունը մեր երկրում արդեն երկու տասնամյակ է գերակա ոլորտ է հռչակված:
Նոր կառավարությունում դեռ գերակա ուղղությունների փոփոխությունների մասին չեն հայտարարվել, սակայն, փորձ է արվում փոխել ընդերքօգտագործման ոլորտի քաղաքականությունը:
Իսկ հանքարդյունաբերության ոլորտում խնդիրները շատ են:
Հայաստանում վերջին տարիներին պետական մակարդակով որևէ ուսումնասիրություն չկա, թե հանքարդյունաբերության առատությամբ աչքի ընկնող մարզերում բնակիչներն ինչ հիվանդություններ ունեն:
Մեկ- երկու մասնավոր կազմակերպություն սեփական նախաձեռնությամբ խնդրին պարբերաբար անդրադառնում է: Խնդրի մասին նաև բնապահպաններն են ահազանգում: Իսկ լքված հանքավայրեր, Հայաստանում որքան ուզեք:
Պետական վիճակագրություն, թե նրանք քանիսն են, կրկին չկա: Աշխարհագրագետ, Հայկական բնապահպանական ճակատի անդամ Լևոն Գալստյանը փաստում է՝ թափոնաջրերը բնակավայրերը մշտապես աղտոտում են, դրանք բաց են թողնվում բնական միջավայր՝ առանց լուրջ մաքրման:
Մաքրվում են միայն մեխանիկական եղանակով, ապա լցվում են գետերը: Դրանց մի մասը պոչամբարների պատճառով է, մյուսները՝ թափոնակույտերից… ու ոչ միայն. «Եթե պոչամբարից գետ են բաց թողնում պետք է հասկանաս ինչ են բաց թողնում»:
Զրուցակիցս ընդգծում է՝ հանքավայրերի մի մասը ոչ մեկին չեն պատկանում, դրանք մնացել են խորհրդային տարիներից: Հաճախ առաջանում են թթվային դրենաժների արտահոսքեր: Գալստյանն ընկերների հետ բոլորովին պատահաբար երկու լքված հանքավայր է գտնել.
Մեկը՝ Կավարտի լքված հանքավայրը, Կապանի մոտ, մյուսը՝ Տանձուտի լքված հանքավայրը, Վանաձորի Շահումյան ավանից երեք կմ հեռու: Փորձագետ Սեյրան Մինասյանն ասում է՝ ձևակերպումներում այն ռեկուլտիվացիայի ենթարկված պոչամբար է, սակայն իրականում:
«Այն դեպքում, որ հիմա արդեն հատակային մասում մոտ 12 հազար խորանարդ մետր ծավալով ծծմբաթթվային լիճ: Թթվային դրենաժի կուտակման արդյունք է: Նույնը Ախթալայի ձորում է, նույն ճակատագաիրն է նաև մյուս վայրերում,ո րտեղ անպատասխանատու հանքարդյունաբերություն է»:
Այս հանքավայրի ջրերը լցվում են Տանձուտ գետ, ապա՝ Փամբակ: Լևոն Գալստյանն ասում է՝ լքված հանքավայրերի մասին ամբողջական տեղեկատվություն գտնելը բարդ է:
Բնապահպան փորձագետները պնդում են՝ անհանգստացնող է նաև պոչամբարների խնդիրը: Հայաստանում բազմաթիվ պոչամբարներ կան, որոնք լուրջ վտանգ են ներկայացնում շրջակա միջավայրին:
Բնապահպան փորձագետ Սեյրան Մինասյանի խոսքով՝ վերահսկողության մեխանիզմ չկա:
Բնապահպանը մտահոգ է՝ նույնն է նաև Արծվանիկի պոչամբարի ճակատագիրը: Ընդհանուր առմամբ՝ 22 պոչամբար կա, դրանցից 14 չգործողները պատկանում են պետությանը, նաեւ, օրինակ, Փխրուտի, Դարաձորի և Ողջիի պոչամբարները:
Հունիսի մեկին կառավարությունը նախագիծ հաստատեց, որով այսուհետ ընդերքօգտագործման իրավունքի դադարեցման դեպքում հանքավայրերը ռեկուլտիվացիայի կենթարկվեն, ավելի պարզ՝ կփակվեն և ոչ թե բաց կթողնվեն: Կառավարությունում խոստանում են՝ քայլ առ քայլ ոլորտը կկարգավորեն: