ԿարևորՏնտեսական

Կդառնա արդյո՞ք կրիպտոարժույթը ապագայի փող

Տեղեկատվական ոլորտի  զարգացմանը զուգահեռ ավելացել են նաև կիբերհանցագործությունները՝ արձանագրում են Ներքին գործերի նախարարությունում։ Գործադիրում որոշել են որոշակիորեն կարգավորել կրիպտոարժույթների դաշտը։ 100-ից ավելի տելեգրամյան ալիքներ կան, որոնք կրիպտոակտիվների շրջանառության արդյունքում զբաղվում են ոչ միայն կիբերհանցագործություններով, այլև հարկ-տուրքերից խուսափելով, թմրանյութերի տարածումով, փողերի լվացումով։ ՆԳ նախարարի տեղակալը կառավարությանը տեղեկացրել է, որ վերջին շրջանում կրիպտոարժույթների օգտագործմամբ հանցագործությունների 249 դեպք են բացահայտել։

Կրիպտոարժույթը ստեղծվեց  սովորական արժույթին փոխարինելու համար։ Սովորական արժույթը կառավարում են կառավարություններն ու կենտրոնական բանկերը, մինչդեռ կրիպտոարժույթները ստեղծվեցին, որպեսզի ապապետականացված համակարգ լինի՝ մարդկանց կողմից կառավարվող։ Այն արժույթի փոխանակման միջոց պետք է դառնար, ասում է tvyalner.com–ի հիմնադիր, տնտեսագետ Աղասի Թավադյանը․

«Բայց իրականությունը այլ եղավ կրիպտոարժույթը սկսեց օգտագործվել «մութ գործարքների» համար, հետո որպես ներդրումային գործիք։ Հիմնականում այս պահին օգտագործվում է որպես ինվեստիցիոն գործիք, սակայն, այն համակարգերը, կամ այն տեխնոլոգիաները, որոնք ի սկզբանե ստեղծվեցին կրիպտոյի հետ, շատ օգտակար են ու այժմ ԿԲ–ի կողմից շատ են օգտագործվում, որպեսզի բանկային համակարգերը ավելի ամրացվեն ու ամրապնդվեն» ։

Դժվար է ասել, որ կրիպտոարժույթը ապագայի փողն է՝ ասում է մասնագետը։ Նշում է, որ, ի տարբերություն այլ արժեթղթերի, կրիպտոարժույթի հետևում շուկայի տատանումներն են, բայց այժմ շատ ֆոնդեր են այն կիրառում ակտիվները ավելացնելու նպատակով։ Հայկական շուկան այնքան էլ լավ զարգացած չէ, ի տարբերություն Վրաստանի, ասում է Աղասի Թավադյանը։

 «Մեր քաղաքացիներին կասեմ զգուշավոր լինեն այդ ամեն ինչից»։

Հայաստանում կրիպտոակտիվ գնելն ու վաճառելը կիրականցվի բացառապես անկանխիկ եղանակով։ ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի խոսքով՝ նախագծով որոշակիորեն կկարգավորվի կրիպտոարժույթների դաշտը։ Կենտրոնական բանկի գործընկերների հետ քննարկում են առհասարակ շրջանառության սկզբունքների հետ կապված հարցը, բայց մի կարևոր բաղադրիչ կա, որը հանցագործությունների բացահայտման տեսանկյունից խոչընդոտներ է ստեղծում իրավապահ համակարգի համար։

«Շատ ու շատ դեպքերում նկատում ենք, որ շրջանառության մեջ կա կրիպտոակտիվով կատարված հանցագործություն, բայց, երբ ցանկանում ենք հետագծելիությունը երաշխավորել և հասկանալ, թե որտեղ է ձեռք բերվել կրիպտոակտիվը և ով է ձեռք բերել, շատ հաճախ տեսնում ենք, որ դրանք կատարվում են կանխիկ շրջանառության արդյունքներով թե՛ գնման, թե՛ վաճառքի դեպքում։ Հայաստանի Հանրապետությունում կան տասնյակ ընկերություններ, որոնք հենց կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվը։ Մենք, իհարկե, կրիպտոակտիվի դրամապանակում տեսնում ենք որոշակի շարժ, բայց հետագծելիության տրամաբանության մեջ գալ և հասկանալ, թե ի վերջո ով է ձեռք բերել կանխիկով տվյալ կրիպտոակտիվը, չենք կարողանում»։

Նախագծով առաջարկում են սահմանել, որ կրիպտոակտիվների նկատմամբ սեփականության իրավունքի ձևակերպումը և վաճառքը, դրա դիմաց վճարումը և վճարման ստացումը կարող է իրականացվել բացառապես անկանխիկ եղանակով՝ անկախ դրա չափից։ Փոխնախարարի տեղեկացմամբ, կան 100-ից ավելի տելեգրամյան ալիքներ, որոնք կրիպտոակտիվների շրջանառության արդյունքում զբաղվում են ոչ միայն կիբերհանցագործություններով, այլև հարկ-տուրքերից խուսափելով, թմրանյութերի տարածումով, փողերի լվացումով: Նախարարի տեղակալը հստակեցնում է՝  կրիպտոարժույթների օգտագործմամբ հանցագործությունների 249 դեպք են բացահայտել։ Վարչապետն արձագանքում է՝ այս հարցում ուշանում են․

«Եթե սպասենք, տեսնենք, թե երբ ամբողջ աշխարհն այս հարցերին հարաբերվելու նոր կուլտուրա կունենա, մենք այստեղ էլի ուշանալու ենք՝ բաց թողնելով և՛ տեխնոլոգիական զարգացումը… Ի վերջո, կրիպտոարժույթը ինչ է, կրիպտոարժույթը տեխնոլոգիական ապրանք է, ինչպիսին եղել է ժամանակին փողը, անկանխիկ փողը»:

Փաշինյանը նաև նկատեց՝ կրիպտոարժույթի մասով ՀՀ-ում օրենսդրական կարգավորում չկա: ՊԵԿ նախագահի պարզաբանմամբ, քանի որ չկա օրենսդրական կարգավորում, ՊԵԿ-ը հարկերի հավաքման հարցում խնդիրներ է ունենում:

ԿԲ նախագահ Գալստյանը արձագանքեց՝ օրենքը մշակվում է, շուտով նախագիծը կդրվի շրջանառության մեջ:

Մասնագիտական դաշտում ֆինանսական գիտելիք չունեցող քաղաքացիներին հորդորում են խուսափել այդ շուկայից, քանի որ կարող են պարզապես հանցագործությունների զոհ դառնալ։

Back to top button