ԿարևորՏնտեսական

Կրիպտոակտիվների վաճառքը կիրականացվի անկանխիկ եղանակով

Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերին: Առաջարկվող կարգավորումը կոչված է ապահովելու կիբերհանցավորության դեմ պայքարի համատեքստում արդյունավետ օրենսդրական հիմքերի ձևավորումը՝ միջազգային իրավական պահանջներին համահունչ և գործնականում առկա խնդիրների հաշվառմամբ ձևավորելով անհրաժեշտ նյութական հիմքեր և դատավարական գործիքակազմ։ Օրինագծերով կարգավորվել են հետևյալ հարցերը՝ ՀՀ քրեական օրենսգրքում հստակեցվել է կիբերհանցագործությունների շրջանակը, տարանջատվել են բաժանորդի, փոխանցվող և բովանդակային տվյալները, սահմանվել է դրանց շրջանակը, սահմանվել է նախնական դատական վերահսկողության այնպիսի տվյալների վերաբերյալ տեղեկատվության պահանջի քննչական գործողության նկատմամբ, ինչպիսիք են՝ ֆիքսված կամ բջջային հեռախոսային ցանցի դեպքում` բաժանորդի մուտքային և ելքային զանգերը, համացանցային հաղորդակցության, այդ թվում` համացանցային հեռախոսային հաղորդակցության և համացանցի միջոցով փոխանցվող էլեկտրոնային հաղորդումների դեպքում՝ համացանցային հեռախոսազանգերի մուտքային և ելքային զանգերը, համացանցին միանալու և համացանցից դուրս գալու վայրը, ժամանակը, տևողությունը, տեղաշարժը, համացանցային հասցեն, ներառյալ ինտերնետ պրտոկոլի (IP) հասցեն պարզելու համար անհրաժեշտ տվյալները: Կրիպտոակտիվների սեփականության իրավունքի ձևակերպումը, վաճառքը, դրա դիմաց վճարումը, վճարման ստացումը կլինեն բացառապես անկանխիկ եղանակով:

Հարցը ներկայացրել է ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը և նշել, ՏՏ զարգացմանը զուգահեռ կիբեռհանցագործությունները ևս շատացել են, մեծ ծավալի են հասնում ՀՀ-ում, բայց երբ ուզում ենք մտնել բովանդակության մեջ, հասկանալ՝ որոնք են կիբեռհանցագործությունները, նկատում ենք, որ հանրային տիրույթում կա շփոթ, որ ցանկացած հանցանք, որը կատարվում է կիբեռտիրույթում կամ ՏՏ գործադրմամբ, դիտարկում ենք որպես կիբեռհանցագործություն: Մինչդեռ, ըստ փոխնախարարի,  ՀՀ-ի ստանձնած պարտավորությունների համաձայն՝ կա հստակ ցանկ, թե որն է կիբեռհանցագործությունը: «Այսօր փաստացի չունենք այդպիսի ցանկ, և նախագծի առաջին փոփոխությունը հենց միտված է դրան, որպեսզի մենք Քրեական օրենսգրքում սահմանենք կիբեռհանցագործությունների ցանկը, որոնք բնորոշ կլինեն մեր միջազգային պարտավորություններին»,- ասել է Արփինե Սարգսյանը:

Փոխնախարարի խոսքով՝ ԿԲ գործընկերների հետ քննարկվում է շրջանառության սկզբունքների հետ կապված հարցը, բայց առկա է մի կարևոր բաղադրիչ, որ հանցագործությունների բացահայտման տեսանկյունից խոչընդոտներ է ստեղծում իրավական համակարգի համար. «Շատ ու շատ դեպքերում մենք նկատում ենք, որ շրջանառության մեջ կա կրիպտոակտիվով կատարված հանցագործություն, բայց երբ ցանկանում ենք հետագծելիությունը երաշխավորել և հասկանալ՝ որտեղ է ձեռք բերվել կրիպտոակտիվը, ով է ձեռք բերել, շատ հաճախ նկատում ենք, որ դրանք կատարվում ենք կանխիկ շրջանառության արդյունքներով՝ թե՛ գնման եղանակով, թե՛ վաճառքի տրամաբանության մեջ: ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք հենց կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվը: Կրիպտոակտիվների դրամապանակում տեսնում ենք որոշակի շարժ, բայց հետագծելիության տրամաբանության մեջ գալ և հասկանալ, թե  ի վերջո, ով է ձեռք բերել կանխիկով տվյալ կրիպտոակտիվը, չենք կարողանում: Հետևապես, առաջարկում ենք նախատեսել, որ կրիպտոակտիվների նկատմամբ սեփականության իրավունքի ձևակերպումը, նաև վաճառքը, դրա դիմաց վճարումը և վճարման ստացումը կարող է իրականացվել բացառապես անկանխիկ եղանակով՝ անկախ դրա չափից»:

Արփինե Սարգսյանը նշել է, որ կա ավելի քան 100 տելեգրամյան ալիք, որոնք  կրիպտոակտիվների շրջանառության արդյունքում զբաղվում են ոչ միայն կիբեռհանցագործություններով, այլև հարկ-տուրքերից խուսափելով, թմրաշրջանառության տարածմամբ, փողերի լվացմամբ: Փոխնախարարը նշել է՝ 2023-ին արձանագրվել է կրիպտոարժույթների օգտագործմամբ հանցագործությունների 249 դեպք:

Անդրադառնալով օրինագծերին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է.  «Իմ կարծիքով՝ բովանդակության առումով ամեն ինչ ճիշտ է և պետք է կարգավորվի: Բայց մեթոդական առումով, ինձ թվում է էլի որոշակի մոտեցման մեջ խնդիր ունենք, որովհետև մենք այս ընթացքում ինչ խոսել ենք կրիպտոարժույթների մասին, ըստ էության, խոսել ենք բացասական ենթատեքստով: Անընդհատ խոսել ենք, որ դրանով հանցագործություն են անում, դրանով թմրանյութ են վաճառում: Բայց այդ նույնն անում են նաև մեզ հայտնի ավանդական փողով, բայց ոչ մեկ չի ասում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում այսքան փող կա:  Եվ այստեղ ես կարծում եմ՝ մենք կրկին, մեր սովորություններին համաձայն, ուշանում ենք և սպասում ենք տեսնենք, երբ ամբողջ աշխարհն այս հարցերի հետ հարաբերվելու նոր կուլտուրա կունենա: Մենք այստեղ կրկին ուշանալու ենք՝ բաց թողնելով և տեխնոլոգիական զարգացումները: Ի վերջո, կրիպտոարժույթն ի՞նչ է: Կրիպտոարժույթը տեխնոլոգիական ապրանք է, ինչպիսին, իմիջիայլոց, ժամանակին եղել է փողը, ինչպիսին ժամանակին եղել է անկանխիկ փողը և այդպես շարունակ:

Սա էլ այն դեպքերից է, երբ հստակ է՝  քաղաքական առաջնորդությունը երբեմն շատ բան, երբեմն էլ ոչ մի բան չի նշանակում, որովհետև ես, օրինակ, վաղուց աշխատանքային և ոչ աշխատանքային ֆորմատներով արտահայտել եմ տեսակետը, որ մենք այս հարցի հետ պետք է հարաբերվենք: Մենք պետք է հստակ կարգավորենք: Մենք օրենսդրական կարգավորում ունե՞նք, թե դա ի՞նչ է ընդհանրապես, թե դա ի՞նչ կանոններով է աշխատում և այլն»:

Վարչապետի կարծիքով՝ այստեղ էլ կառավարությունը պետք է ի վիճակի լինի որոշումներ կայացնել. «Եվ այստեղ է, որ ասում եմ՝ քաղաքական առաջնորդությունը ոչ մի բան չի նշանակում, որովհետև հենց խոսում ենք կրիպտոարժույթների մասին, մի նախադասություն, Հայաստանի բոլոր պետական ինստիտուտները խուճապային նամակներ են գրում, որ ամեն հիմա ինչ կքանդվի, այդ թեմայի մասին պետք չի խոսել: Բայց իմ կարծիքով՝ այդ գծերը գոնե անցել ենք: Ինչի՞ ենք այս փաթեթն ընդհանրապես ընդունում՝ չիմանալով, թե ինչի մասին ենք ընդունում: Մեր երկրի տնտեսական համակարգում կրիպտոարժույթն ի՞նչ է: Մարդն իրավունք ունի՞ ունենալ կրիպտոարժույթ, թե չէ: Մեկը հաշվել է, թե մենք պետական բյուջեի ինչքա՞ն եկամուտ ենք թերհավաքագրում կրիպտոարժույթների դաշտը չկարգավորելու պատճառով: Հաշվե՞լ է որևէ մեկը՝ էական չի, թեկուզ 10 դրամ ենք բաց թողնում: Բայց ո՞վ է մեզ իրավունք տվել մեր պետության 10 դրամ եկամուտը ուղղակի դնել մի կողմ: Եվ այստեղ ես մեծ պրոբլեմ եմ տեսնում ու ակնկալում եմ, որ ՀՀ կառավարությունը և Կենտրոնական բանկը այս ուղղությամբ արվող աշխատանքներն արագացնեն ու այդ մտավախությունների դաշտից դուրս գան: Մտավախություններն ամեն տեղ են՝ եկեք տանից դուրս չգանք, որովհետև ես հիմա կարող եմ այնքան սցենարներ ներկայացնել, թե ինչ կարող է տեղի ունենալ, բայց փորձը ցույց է տալիս, որ այդ բաները տեղի են ունենում այն ժամանակ, երբ մենք բան չենք անում: Բան չանելուց ավելի մեծ ռիսկ, որը կարող է երկրի վրա պայթել, երկրի տակից պայթել, ավելի մեծ ռիսկ գոյություն չունի: Մեր բոլոր պրոբլեմները նրա մասին են, որ մենք ասել ենք՝ լավ, եկեք, չանենք, որովհետև վտանգավոր է, առանց արձանագրելու, որ բան չանելուց ավելի վտանգավոր բան գոյություն չունի»:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է՝ կրիպտոարժույթի մասով ՀՀ-ում օրենսդրական կարգավորում չկա. «Ճիշտը կլիներ այն, որ այս փաթեթի մեջ առաջին հիմնական օրենքը լիներ կրիպտոարժույթների մասին, թե դա ինչ է իրենից ներկայացնում և ինչպես է օգտագործվում և վերլուծություն լիներ՝ մարդիկ գործարքների ո՞ր մասն են, ո՞ր կրիպտոարժույթով են վճարում, և մեզ համար այդքան էլ տեսանելի չէ»: 

Թեմայի շուրջ ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն, ներկայացվել են մի շարք հարցադրումներ, դիտարկումներ և առաջարկություններ:ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը հայտնել է, որ օրենքը նախաձեռնվել է, շուտով կդրվի շրջանառության մեջ: ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը նշել է՝ պետք է պարզել, թե կրիպտոակտիվները ինչ հնարավորություններ կարող են ստեղծել ՀՀ-ի համար: Նախարարը տեղեկացրել է, որ ԲՏԱՆ-ն առաջիկայում մտադիր է մի շարք աշխատանքային քննարկումներ նախաձեռնել. «Եթե մենք  նույն կրիպտոարժույթների մասով որոշենք, որ պիտի խիստ պահպանողական կեցվածք որդեգրենք, իրականում դրանից աշխարհում ոչինչ չի փոխվելու, և մենք տասնամյակներ անց ուղղակի արձանագրելու ենք, որ այս զարգացումներից հետ ենք մնացել»:

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն էլ իր հերթին նշել է՝ ՊԵԿ-ը հարկերի հավաքագրման հարցում խնդիրներ է ունենում,  քանի որ ոլորտը կարգավորված չէ:

Ամփոփելով՝ վարչապետը նշել է, որ հարցը պետք է լուծել. «Երբեք, ոչ մի դեպքում պետք է հույս չունենանք, որ միանգամից դնելու ենք մի կարգավորում, որը կատարյալ բոլոր հարցերը լուծելու է: Ոչ, պետք է գործընթացը սկսել և հընթացս   լավարկելու ճանապարհով առաջ գնալ»:

Կարդացեք նաև
Close
Back to top button