Ազդ անցյալից

 Նորություն հայկական միջավայրում. երաժշտական դասագրքեր և երգարաններ. «Ազդ անցյալից»    

Մշակութային ծանուցումների առումով հայկական մամուլը բավական շռայլ է եղել 19-րդ դարից սկսած: Թատերական ներկայացումների, համերգների, գրքերի և դասագրքերի գովազդներ տպագրվել են թերթերի գրեթե բոլոր համարներում:

Հայոց լեզվով առաջին երգարանը ստեղծվել է դեռ 1513 թուականին: Այն Յակոբ Մեղապարտի հրատարակած հինգ գրքերից մեկն էր՝ «Տաղարանը», տպագրուած Վենետիկում: Բաքվում 1874-1912 թթ. վեց անգամ հրատարակվեր է «Սոխակ Հայաստանի» լիակատար երգարանը:

«Սոխակ Հայաստանի»- ազգային լիակատար Երգարանի առաջին հատորը, չորրորդ տպագրութեամբ, բաղկացած 402 մեծադիր երեսներից, 300-ից աւելի գործածական երգերով, բանաստեղծութիւններով և, երգերի վերաբերեալ արձակ գրուածքներով:

Իւրաքանչիւր օրինակի գինն է 1 ր., ճանապարհածախքով-1ր,20 կոպ.: 10 օրինակ գիրք պահանջողը ճանապարհածախք չէ վճարում: Ցանկացողները, յայտնելով իրենց ճիշտ հասցէն, դիմում են Բագու, «Սոխակի» հրատարակչին, սոյն հասցէով. քահանայ Գրիգոր Գրիգորեանցին:

Ծանուցում է «Նոր Դարը»-ը, իսկ կարճ ժամանակ անց «Մշակը» հայտնում է.

Սպառված են «Սոխակ Հայաստանի» Ազգային լիակատար երգարանի առաջին հատորի չորրորդ տպագրութեան բոլոր օրինակները:Հինգերորդ տպագրութիւնը լոյս կը տեսնի աւելի շքեղ, բարեփոխած եւ ճոխացրած:

Սոյն հատորի վերաբերմամբ որ եւ է գործ ունեցողը դիմում է Բագու «Սոխակի» հրատարակիչ Գրիգոր աւագ քահանայ  Գրիգորեանցին:

1876թ. Գևորգ Սանոյանցի կողմից Ալեքսանդրապոլում հիմնվում է 1-ին տպարանը: Այն ունեցել է բեղմնավոր գործունեություն: Հրատարակել է գրքեր  և  պարբերականներ: Ամենից հիշարժանը գուցե  Ջիվանու երգերի ժողովածուի առաջին հրատարակումն էր։  

Լոյս տեսաւ եւ վաճառվում է «Տաղեր ու խաղեր» վերնագրով չորս բաժանմունքով հարուստ երգարանը: Գինն է 60 կօպ.Ցանկացողները կարող են դիմել Ալէքսանդրապօլ Ալեքսանդր Մխիթարեանցին կամ Սանոեանցի տպարան:

1888թ Թիֆլիսի «Մշակ»-ի և «Աղբյուր»-ի, ինչպես նաև Մարսելի «Արմենիա»-ի, էջերից իմանում ենք, որ Միլանում պատրաստվում  էր հրատարակվել «Երաժշտական Հայաստան» պարբերականը:

Պարբերականի անհրաժեշտությունը բացատրվել է նրանով, որ երաժշտական արվեստը  օր ըստ օրէ բարգաւաճում էր, մինչդեռ  հայկական միջավայրը զուրկ էր թեմատիկ մամուլից: « Այս հրատարակութեան նպատակը շահադիտական չէ. Իր միակ վախճանն է երաժշտական արուեստը ազնուացնել ու յառաջադէմ ընել՝ բնութեամբ ու աւանդութեամբ բանաստեղծ ու երաժիշտ ազգի մը մեջ , որուն հետ կապուած եմ մեծ համակրութեամբ: 

«Երաժշտական Հայաստան» պարբերականը պիտի հրատարակվի ի Միլան՝ ամիսն երկու անգամ, մեծադիր: Պարունակութիւնն է երաժշտական հատուածք՝ դաշնամուրի վրայ առանձին, և դաշնամուրի (pianoforte) վրայ ուրիշ զանազան գործեաց ընկերակցութեամբ խանդերգք (fantasie), նուագակցութիւնք (sinfonie), հայկական պարերգք (danze,arie), մրմունջք (romanze)

«Երաժշտական Հայաստան» իր աշխատակիցներն պիտի ընտրէ իտալացի հռչականուն և ընտիր երաժիշտներնէ և պատիւ պիտի համարի յօժարափոյթ ընդունիլ  նաև հայ երգահանից մասնակցութիւնը իր թերթին: Տարեկան ընկերագրութեան գինն է 8 րուբլի թղթեայ կամ 20 ֆրանկ:Ամեն թերթ պիտի ունենայ չորսէն մինչև ութ էջ երաժշտական կտորներ: Պարբերականիս վարչութիւնն ու խմբագրութիւնն է ի Միլան:

Ինչ լավ կլինի, եթե սկսենք գործածել «մրմունջք» գեղեցիկ բառը «ռոմանսի» փոխարեն և «խանդերգը»՝ «ֆանտազիայի»:

Ծանուցումն. Լոյս է տեսել «Քնարիկ մանկական» եւրոպական ձայնագրութեամբ, որ յարմարեցրած է դաշնմուրի վրայ նուագելու և երգելու համար: «Քնարիկը» պարունակում է իւր մէջ 27 հատ մանկական  ընտիր երգեր, պարերգեր և աղօթքներ, որ ս. Էջմիածնի նախկին ուսումնական ժողովի կողմից ընդունուած է ի շարս լաւագոյն դասագրքերի:

Արտասահմանի հայ գաղութների  խորին ուշադրութիւնն  ենք հրաւիրում այս դիւրամատչելի եղանակով կազմուած երգարանի վրայ, որ վաճառվում է Թիֆլիսի «Կենդրոնական գրավաճառանոցում», պ. Յովհ. Սուզանաճեանի երաժշտական մագազինում և ինձ մօտ: Ինձ դիմողները բացի մեծ զիջումից, նաև ճանապարհածախքը չեն վճարում: Հատով՝ 1ռ. 50 կոպ. 50 օրինակը՝ 1ռ. 20 կոպ. 100-ով գնողներին ՝ 1 ռ.: Ցանկացողները պիտի դիմեն այս հասցէով՝ «Սիմֆերոպոլ Ղազարոս քահ. Յովսէփեանց»:

Կոստանդնուպոլսում մեծ համարում ուներ Փունջ դասագրքրեի խմբագիր Ստեփան Դավթյանը: Հենց այս ազնիվ մարդն էր, որ   խորամանկեց և շրջանցեց օսմանյան կառավարության հրամանը «Հայաստան և ազատություն» բառերն արգելելու մասին: Նա Մ. Նալբանդյանի «Ազատություն» բանաստեղծության մեջ ,ազատություն բառը փոխարինեց աշխատություն բառով և տպագրեց դասագիրքը: Դե, անշուշտ աշակերտները գիտեին , թե ինչ էր  պետք հասկանալ «աշխատություն» բառի փոխարեն: Պոլսի «Հայրենիք»-ը գրում է.

 Փունջ հաւաքածոյ առակաց, երգոց եւալ. Ս. Դավթեանի

…Արդարեւ նոյն նպատակին յատկացեալ կան շատ մը հաւաքածոյք, սակայն Փունջ նորավարժ աշակերտաց հասողութեան յարմար, զուարճալի եւ հրահանգիչ առակներով, երգերով, մանրավէպերով եւ գիտական օգտակար տեղեկութեամբք փոքրիկ տղոց սիրելի գրքոյկ մ՛է: Վաարժարանաց վերաբացման առթիւ կը յանձնարարենք Փունջը դպրոցած վարիչներուն: Կենդրոնատեղին է Մարգարեան գրատուն, Կ. Պոլիս: Հոն կը գտնուին նաև Ս. Դաւթեանի ուրիշ գործեր. «Վարժութիւն  մանկանց» մաս Ա. և Բ. Որք ի պէտս են թրքախօս Հայաց:

1896 թվականին Մակար Եկմալյանը լույս է ընծայում «Երգեցողութիւն Սրբոյ Պատարագի» պարտիտուրան։ «Նոր Դար»-ը 1897-ին ծանուցում է այդ մասին: Հենց այդ տարիներին էլ ՝ 1895-1896թթ. Թիֆլիսում Կոմիտասը Եկմալյանի ղեկավարությամբ ուսումնասիրել է երաժշտական տեսական առարկաներ: Իսկ Ամենայն հայոց կաթողիկոս Մկրտիչ Խրիմյանի հայրապետական կոնդակով Մ. Եկմալյանի «Պատարագը» պաշտոնապես ընդունել է Հայ եկեղեցին, և սկիզբ է դրվել նրա բազմաձայն կատարմանը։  

Արտասահմանից ստացվեց եւ վաճառւում է Մ. Եկմալեանի ներդաշնակած «Երգեցողութիւնք Սրբոյ Պատարագի» եռաձայն և քառաձայն: Գինը պարտիտուրի 10 ր., ճանապարհածախս  8 ֆունտի համար. չորս ձայներին  (սոպրանօ, ալտ, տէնօր, բաս) չորս տետրակի մէջ 10 ր. ճանապարհածախս 7 ֆունտի համար: Դիմել Մ. Եկմալեան, Թիֆլիս, Ներսիսեան դպրոց:

Իսկ այժմ համերգային մի քանի հայտարարությունների մասին: 

«Հաւլաբար Կախետինսկայա փողոց, Թիֆլիսի գնդի  զօրանոցի դահլիճում կիրակի, յունիսի 25-ին Համերգ Խաչատուր Մ. Կարա-Մուրզայի»:

 

Երգիչ Ֆիզահի իր Ալէքսանդրապօլցի ընկերների հետ այժմ գտնվում է Բաթումում եւ խնդրում է Բաթումի հայ հասարակութիւնից պատուել  իրան եւ ընկերներին՝ նեկայ լինելով խմբի երգեցողութեանը: Խումբը ածում է սկրիպկայի, թառի եւ դէֆի վրա: Պետերբուրգսկայա փողոց Եագօր Գալուստօվիչի տանը:

Կիրակի, փետրուարի 26-ին Թիֆլիսի ժողովարանում յօգուտ րէալական ուսումնարանի աւարտող աղքատ աշակերտների  կը լինի Կօնցերտ: Մասնակցութեամբ   տ.տ. Պանշի, Զարուդնայայի, Բիշուրինայի և պ.պ. Լեվիցկու, Վիկնորովի, Լեհմանի, Տօրիանի և Մասստի: Տոմսակները  վաղօրօք կարելի է  ստանալ  Լանկօյի և Ցատուրովի խանութներում:

 

Արտիստական ընկերութեան դահլիճում հինգշաբթի , մարտի 6-ին, 1897 լինելու է դաշնակահար- կոմպոզիտոր Լոյ (луи) Պաբստի կոնցերտը մասնակցութեամբ Տիկին Պաբստի:Տոմսակները կարելի է ստանալ Միրիմանեանի երաժշտական դեպօյում, Դվորցովայա փողոց:

Թիֆլիս են եկել սազանդարների մի նշանավոր խումբ, որ նուագում և երգում է յաջողութեամբ պարսկական, թրքական, հայոց և վրաց լեզուներով խնջոյքներին, հարսանիքներին: Խումբը հրաւիրել ցանկացողները դիմում են Շադինեանի քարվանսարայն N 12-ը, որ ժամին կամենան:

Այսքանը՝ հայկական մամուլում երաժշտական դասագրքերի, ձեռնարկների, ինչպես նաև համերգների մասին:

Շնորհակալություն աշխարհի ամեն անկյունում Հայ տպարաններ և մամուլ հիմնած երախտավորներին նաև Հայաստանի Ազգային գրադարանին այդ մամուլի հսկայական հավաքածուն մատչելի դարձնելու համար:

Back to top button