Երկրորդ շնչառություն

Ազգային երգն ու պարը՝ ավագ սերնդին ապրեցնող․ «Երկրորդ շնչառություն»

Ազգագրական երգուպարի «Ընտրյալներ» տարեցների համույթը հայտարարում է ընդունելություն. կարող են միանալ 60 և ավելի տարեկան այն անձինք, որ հետաքրքրված են, ցանկանում են առօրյան լցնել և իրենց դրսևորել երգուպարում՝ անկախ այն բանից ունեն երաժշտական կրթություն, նախկինում զբաղվել են, թե ոչ:

Խոսելով տարեցների համույթ ստեղծելու գաղափարի մասին՝ գեղարվեստական ղեկավար և հիմնադիր տիկին Ժասմենան հիշում է, որ երբ թոռնիկներին պարի բերող տատիկ-պապիկները միանում էին իրենց, ակնհայտ էր, որ նրանք էլ երգուպարի միջոցով դրսևորվելու կարիք ունեն:

Ավան համայնքի ղեկավարի աջակցությամբ տարիներ առաջ ունեցել են մշտական տարածք, իրենք սկսել են մշակել համերգային ծրագիր: Ելույթ ունեցել մանկապարտեզներում, խնամքի հաստատություններում, փառատոնների ժամանակ:

«Մենք ունենք 85 տարեկան, որ ամբողջ կյանքում տանը կար է արել, տան ու երեխաների հոգսերով է ապրել, իսկ այսօր ելույթ է ունենում և արդեն մենակատար է եղել, մեր ամենատարեց մասնակիցն 92 տարեկան է»,- ասում է Ժ.Կարապետյանը:

Նրա խոսքերով, չնայած տարիքին, մարդիկ երկու և ավելի ժամ կարողանում են պարապել, ելույթ ունենալ, հանդես գալ մեծ բեմերից: Ակորդեոնահար Ալեքսան Կարապետյանն իր հիմնական մասնագիտությունից զատ, 18 տարեկանից ակորդեոն է նվագում, անսամբլի երաժշտական պատասխանատուն է:

«Այս տարի դարձա 76 տարեկան, տարեց մարդիկ պետք է հոգով երիտասարդ լինեն, դա է իմ դրական գործոնը: Երբ միջին տարիքի մարդիկ ինձ հարցնում են, թե քանի տարեկան եմ ասում եմ՝ շաբաթ կիրակիները հանած ձեզնից ջահել եմ»,-կատակում է Ալեքսանն ու իր երկարակեցության գաղտնիքը համարում նաև կենսասիրությունը և արդեն մոռացության մատնվող հին ընկերոջը՝ ակորդեոնին:

Նշենք, որ այսօր անսամբլի առաջ ծառացած երկու հիմնական խնդիր կա. մշտական տարածք է հարկավոր ու բեմական հանդերձանք: «Ընտրյալները» հույս ունեն, որ Հայաստանում և արտերկրում կգտնվեն բարերարներ, որ կցանկանան կանգնել տարեցների կողքին և ստեղծագործելու և երկար ու բովանդակալից կյանքով ապրելու հնարավորություն տալ:

Back to top button