Երաժշտական եռանկյունի

Դավիթ Մելքոնյան․ ավանդական հայկականի և եվրոպական բարոկկոյի խաչմերուկում. «Երաժշտական եռանկյունի»

Եվրոպական դասական երաժշտությունը խորը հիմքեր ունի, որոնցից կարևորագույնը հնագույն և բարոկո երաժշտության ժամանակաշրջաններն են, որոնց ընթացքում հղկվել են ոչ միայն երաժշտական ֆորմաները, ժանրերը, այլ նաև ձևավորվել են նվագարանները, որոնք նույնպես իրենց զարգացումը ստացել են հենց այդ շրջանում: Առավել հետաքրքիր են տարբեր աշխարհագրություն ունեցող երաժշտական տեսակները համեմատության մեջ: 20-21-րդ դարի կատարողական արվեստը հարուստ է նման համադրություններով և կարելի է ասել, որ այն համաշխարհային շարժման բնույթ է կրում:

Թավջութակահար Դավիթ Մելքոնյանի հետ մեր զրույցի բուն առիթը հանդիսացավ Արամ Խաչատրյան համերգային դահլիճում նրա կազմակերպած յուրահատուկ համերգը, որին մասնակցություն բերեցին ֆրանսիայից ժամանած երաժիշտներ, որոնք նվագում էին բարոկկո շրջանի նվագարանների վրա՝ կլավեսին, վիոլա դա գամբա, փայտյա փողայիններ՝ ֆլեյտա և հոբոյ և Գևորգ Դաբաղյանի ղեկավարությամբ ավանդական հայկական երաժշտության անսամբլը հետևյալ կազմով՝ երկու դուդուկ, քյամանչա, դհոլ և քանոն:

ՙԵս այնպես եմ կազմել ծրագիրը և կատարել մշակումներ, որպեսզի առավել ցայտուն կերպով ի հայտ բերեմ երաժշտական դարձվածքների և նյուանսների ընդհանուր լինելը աշխարհագրորեն և ժամանակով իրարից շատ հեռու գտնվող երաժշտական տեսակների միջև: Մենք կատարում էինք և՜ օրիգինալ երաժշտություն, և՜ միացյալ կազմով համադրում Արևելքի և Արևմուտքի ակնհայտորեն տարբերվող նվագարանները և երաժշտական և կատարողական ավանդույթները՚,-ասում է Դավիթ Մելքոնյանը:

Դավիթ Մելքոնյանը ծնվել է 1986 թ. Երևանում, սովորել Միրզոյանի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժնում, այնուհետև 1998-ից նվագել Արամ Թալալյանի դասարանում: Ավարտել է Սայաթ-Նովայի երաժշտական դպրոցը, ապա՝ Երևանի պետական կոնսերվատորիան, պրոֆեսոր Արամ Թալալյանի դասարանը: Կրթությունը շարունակելու նպատակով մեկնել է Գերմանիա, ուր ուսանել է Բրեմենի, Ռոստոկի և Բեռլինի կոնսերավոտրիաներում: Ավարտել է Բեռլինի կոնսերվատորիան՝ Յենս Պետեր Մաինցի դասարանը: Դավիթ Մելքոնյանը մասնակցել է բազմաթիվ միջազգային մրցույթների, որոնց դափնեկիրն է դարձել՝ Լայպցիգի Բախի միջազգային մրցույթ (2008), Վալենտինո Բուկիի անվան միջազգային մրցույթը՝ Հռոմում (2011) և այլն: Բազմաթիվ համերգային նախագծերի հիմնադիր է: Դաշնակահար Միքայել Բալյանի հետ ստեղծել է դուետ, որը համագերմանական ռադիոյի կողմից 2012 թ.  ճանաչվել է որպես ՙԱրտիստ ին ռեզիդենս՚: Դուետը ձայանգրել է Բրամսի և Ռոմբերգի սոնատները, որոնք հրատարակել է գերմանական ճանաչված ՙՀարմոնիա մունդի՚ լեյբլը: 2017 թ. համագործակցելով ֆրանսիացի թավջութակահար Քրիստով Քուանի հետ՝ կատարել է մի շարք ձայանգրություններ Ռոմբերգի, Օֆենբախի, Էվերիստո Դալ Աբակոյի թավջութակային դուետները: Ինչպես նաև Անտոն Ռայխայի ՙՍիմֆոնիա կոնչերտատեն՚ երկու թավջութակի և նվագախմբի համար:

Մելքոնյանը ՙԼուդուս ինստրումենտալիս՚ անսամլի թավջութակահարն է, որի հիման վրա 2019 թ. նա ստեղծեց ՙԿաիրոս՚ կամերային նվագախումբը: Դավիթ Մելքոնյանը ուսումնասիրելով 18-19-րորդ դարերի պատմական կատարողական արվեստը, նվագելու ոճային տարբերությունները՝ հրավիրվել է Բերնի համալսարանի, Բեռլինի երաժշտական գործիքների թանգարանի, Քյոլնի հին երաժշտության կենտրոնի կողմից դասախոսություններ կարդալու և վարպետաց դասեր անցկացնելու համար:

Back to top button