Վերնատուն

Ֆիլմ՝ Գրիգոր Խաչատրյանի ու նրա անվան մրցանակի մասին․ «Վերնատուն»

«Մրցանակ» վավերագրական ֆիլմը պատմում է արվեստագետ Գրիգոր Խաչատրյանի և նրա ստեղծագործության՝ «Գրիգոր Խաչատրյան մրցանակ»–ի մասին։ Ֆիլմի ռեժիսոր Մարիա Բալասանյանը և խմբագիր Վահե Բուդումյանը պատմում են ֆիլմի ստեղծման պատմությունը։

Մարիա Բալասանյանը 2021 թվականին Մոսկվայից Երևան գալով՝ սկսեց նկարահանել ֆիլմ արվեստագետ Ալեք Բայանդուրյան Լևասգանիի մասին, որից հետո նրանք միասին սկսեցին հեռուստատեսային ֆիլմեր նկարահանել հայ ժամանակակից արվեստագետների մասին՝ մեկ տարվա ընթացքում նկարահանելով շուրջ 10 ֆիլմ։

 «Մենք շատ չենք մտածել արվեստագետների մասին ֆիլմ անելու ուղղությամբ։ Այս շարքը ուղղակի ստացվեց։ Ու վավերագրական կինոյի միջոցով ես ավելի արագ ծանոթացա հայկական ժամանակակից արվեստի միջավայրին»,- ասում է Մարիան։

Մարիան պատմում է, որ Մոսկվայում նույն սերնդի մարդկանց էր նկարահանում և գրեթե նույն մտածողությամբ, տարբերությունը մեծ չէ։

«Գրիգոր Խաչատրյանին համաշխարհային արվեստագետ եմ համարում և ոչ միայն հայաստանյան միջավայրի»,- ասում է նա։

Գրիգոր Խաչատրյանը 1990 թվականից սկսած «Գրիգոր Խաչատրյան մրցանակ» է  շնորհում իր «ժամանակակիցներին», որոնք, նրա խոսերով, գերազանցել են իրենք իրենց։ Մրցանակը հենց ինքն է՝ Գրիգոր Խաչատրյանը, ով նետվում է մրցանակակիրների գիրկը և դա համարվում է «Գրիգոր Խաչատրյան մրցանակը»։

«Սա, եթե պատմենք մարդկանց , կթվա թե մի խենթություն է, որը տարիներ շարունակ խաղարկվում է։ Մարդիկ ամենայն լրջությամբ են ընդունում այս մրցանակը, որոշները նույնիսկ նշում են իրենց CV– ներում։ Մրցանակի հանձնման՝ արարողությունները լուսանկարվում են։ Լուսանկարները պաշտոնական տեսք ունեն», — պատմում է ֆիլմի խմբագիր Վահե Բուդումյանը։

Մրցանակակիրների թվում հայաստանյան միջավայրի հայտնի մարդիկ են՝ հայտնի մշակութային, քաղաքական գործիչներ, լրագրողներ, արվեստագետներ, այդ թվում նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը նկարահանվել է ֆիլմում։

Ֆիլմում 20 մրցանակակիրներ պատմում են «մրցանակի» և այն մասին, թե ինչո՞ւ են արժանացել դրան։ «Ֆիլմը ոչ միայն այդ երևույթի ու Գրիգոր Խաչատրյանի մասին է,  այլ նաև ժամանակի ու այդ սերնդի մասին»,- ասում է Մարիա Բալասանյանը։

«Մեր տեղական փաստավավերագրական ֆիլմարտադրության բացերից է, որ հաճախ դժվարանում են հեղինակները հետաքրքիր ու լավ պատմություններ գտնել։ Այս ֆիլմը ավելի շուտ ժամանակի, մարդկանց ու մարդկային հարաբերությունների մասին է, քան ժամանակակից արվեստի։  Ես կուզեի որ դիտողները բաց լինեն՝ նոր միջավայր ու նոր երևույթներ տեսնելու, ընկալելու, բացահայտելու», – ասում է Վահե Բուդումյանը։

Մարիա Բալասանյանի և Ալեք Բայանդուրյան Լևասգանիի «Մրցանակ» վավերագրական ֆիլմը կցուցադրվի սեպտեմբերի 8-ին ժամը 19։00-ին՝ Կինոյի տան դահլիճում։

Back to top button