Դպրություն

Լեզվագիտությունը ոչ բնական գիտությունների մաթեմատիկան է․ «Դպրություն»

Անշուշտ կարևոր է, թե ի՞նչ պարզությամբ են դասագրքերը երեխային փոխանցում գիտելիքը և ինչպե՞ս է երեխան այն ընկալում։ Եթե նախկինում ըստ չափորոշչի ուսումնական գործընթացի վերջնարդյունքը պետք է լիներ սովորողի գիտելիքը, ապա նոր չափորոշչով որպես վերջնարդյունք՝ գիտելիքից բացի կարևորվում են նաև կարողությունները, հմտությունները, արժեքային համակարգը։

«Ինձ համար կարևորվում է և հստակ սկզբունք է, որ դպրոցում պետք է գործի «Հայոց լեզու» դասագիրք, «Մայրենի» դասագիրք և մյուս մասնագիտական առարկաներ։ Իմ ավագ ընկերներից մեկը մի առիթով ասաց․ «Լավ դասագիրք գրում են կամ շատ անփորձները կամ պրոֆեսիոնալները»։ Քանի որ մեր դասագրքի նյութը քերականությունն է, ուզում եմ անդրադառնալ այս օրերին հատկապես շատ մեծ ուշադրություն գրավող հարցին, որ քերականությունը բարդ է և դասագրքերում ներկայացվում է բարդ քերականություն, որը աշակերտներին դժվար հասանելի է։ Ես ուզում եմ ասել, որ քերականությունը, և ընդհանրպես քերականության կառուցվածքը ուսումնասիրվում է տարբեր նպատակներով և ըստ այդմ՝ քերկանությունը տարբեր տեսակ է լինում։ 5-6-րդ դասարաններում «Մայրենի» է, որտեղ լեզուն և գրականությունը միասին է մատուցվում։ 7–րդ դասարանի նոր դասագիրքը կազմելիս հաշվի ենք առել հենց այդ հանգամանքը և նախորդ դասարանի կիսամյակային և տարեվերջյան կրկնությանը դրել ենք պատմական, աշխարհագրական, գեղարվեստական բնույթի տեքստեր, որպեսզի անցումը սահուն լինի՝ աշակերտի տարիքային առնձնահատկությունները հաշվի առնելով և տեքստերն էլ այդ բովանդակությամբ»,–ասում է «Աստղիկ գրատուն» հրատարակչության 7–րդ դասարանի «Հայոց լեզու» նոր դասագրքի հեղինակ, բանասիրական գիտությունների դոկտոր Փառանձեմ Մեյթիխանյանը։

«Չմոռանանք, որ լեզվագիտությունը ոչ բնական գիտությունների մաթեմատիկան է։ Նրա մեջ է ամբողջ այն տրամաբանությունը, որը թույլ է տալիս, որ ցանկացած առարկայի, ոլորտի մասնագետ կարողանա իր ասելիքը, իր մտքերը ճիշտ ձևակերպի։ Չի կարելի ասել, թե հայոց լեզուն չի զարգանում, որովհետև նրա զարգացումը ոչ թե քերականության փոփոխությունն է, այլ բառապաշարի, արտահայտչամիջոցների հարստացումը։ Դասագիրք գրելիս մենք աչքի առաջ ունենք և՛ չափորոշիչները, և՛ առարկայական ծրագիրը և ինչ որ չափով էլ ավանդույթներ։ Եվ աշխատել ենք նոր եզրույթներ հնարավորինս չներմուծել՝ չբարդացնելու համար։ Հատկապես օտար եզրույթներից ենք խուսափել, որոնք ավելի անհասկանալի են, քան հայերեն նկարագրական եզրույթները։ Փորձել ենք առավելագույնս հաշվի առնել սպառողի տարիքային առանձնահատկությունները, տալ այն նվազագույն գիտելիքները, որ տվյալ դասարանում անհրաժեշտ են՝ հաշվի առնելով, որ ավագ դպրոցում ևս պետք է շարունակեն այդ նույն գիտելիքները զարգացնել, հարստացնել։ Այսինքն՝ մենք ավագ դպրոցի համար տեղ ենք թողել», – ասում է «Զանգակ» հրատարակչության 7–րդ դասարանի «Հայոց լեզու» նոր դասագրքի համահեղինակ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Հովհաննես Զաքարյանը։

Back to top button