Վերնատուն

Արվեստի կրթությունը՝ Գաֆեսճյանում․ երբ պարզ աթոռը սովորեցնում է ճաշակ. «Վերնատուն»

Թանգարան այցելելու կանոններից և օրենքներից մինչև ճաշակի ձևավորում, գիտելիքներ՝ արվեստի բազմազանության, արվեստում հանդուրժողականության մասին և առհասարակ ՝ լայնախոհություն ու քննադատական մտածողություն․ այս ամենը կարելի է սովորել Գաֆեսճյան արվեստի կենտրոնի կրթական ծրագրերի շրջանակներում։

2009 թվականին, թանգարանի բացման օրից, մշակվել են կրթական ծրագրեր՝ հիմնված թանգարանի մշտական և ժամանակավոր ցուցադրությունների վրա։

«Թեմաները շատ բազմազան են․ երաժշտություն, բնապահպանություն, ճարտարապետություն, շատ ենք կարևորում ստեղծագործական ինտերակտիվությունն ու ազատությունը՝ ծանոթացնում ենք թանգարան այցելելու մշակույթին»,– ասում է արվեստաբան, Գաֆեսճյան արվեստի կենտրոնի կրթության գծով տնօրեն Լիզա Շիրինյանը։

Խոսելով արվեստի կրթության հաջողված ծրագրերից՝ Լիզա Շիրինյանը նշում է «Դիզայն լաբ»-ը՝ հիմնված Գաֆեսճյան հավաքածուի աթոռների ու թեյնիկների վրա։

«Պալեոլիթից սկսած մինչև ժամանակակից մոդեռնիստական աթոռներ մենք ուսումնասիրում ենք։ Երբ նայում ես ինչպիսի ճաշակ ունի մեր հասարակությունը՝ հասկանում ես, որ բարոկկո ոճը ամենուր ինտեգրված է մեր իրականության մեջ։ Իրենց բացատրում ես, որ իրականում հարմարավետությունը, մինիմալիզմը, էրգանոմիկան շատ ավելի կարևոր են։ Երբ դուրս գանք փողոց և հարցնենք, ամեն երկրորդն ուզում է դիզայնով զբաղվել, բայց չի պատկերացնում, որ դիզայնը մեծ հասկացողություն է․ սկսած պլաստիկ վիրահատությունից մինչև լանդշաֆթ և արդյունաբերական դիզայն։ Մենք ցույց ենք տալիս որ դիզայնը մեծ հասկացություն է՝ պարզ առարկայի, աթոռի կամ թեյնիկի միջոցով»,- ասում է Լիզա Շիրինյանը։

Կրթական ծրագրերը տարիքային սահմանափակում չունեն։ Օրինակ՝ «Կանայք հայ արվեստում» ծրագիրը, որի երկրորդ մասն են նախապատրաստվում իրականացնել, ստեղծվեց Թերեզա Միրզոյանի ստեղծագործությունների ցուցադրությունից հետո, երբ հասկացան, որ հանրության շրջանում անհայտ կին արվեստագետների օրինակները բազմաթիվ են։

Իրականացրեց ճանաչողական դասախոսությունների շարք, տպագրվեց քարտեզ՝ քաղաքի այն վայրերով, որտեղ կարելի է տեսնել կին արվեստագետների գործերը։ Այս օրինակով կրթական ծրագիրը դարձավ նոր ցուցադրության թեմա ու եղավ շարունակական։

 Գաֆեսճյան արվեստի կենտրոնում 2017 թվականից գործում է Պատանեկան խորհուրդ, ովքեր պարբերաբար իրենց առաջարկներն ու գաղափարներն են ներկայացնում, դրանք հետագայում վերածվում են նախագծերի՝ հասնելով մինչև ցուցադրություն։

«Ոչ թե՝ «արվեստը կփրկի աշխարհը», այլ ՝ կփոխի մարդուն»,- ասում է Լիզա Շիրինյանը։ Խոսելով ապագայի ծրագրերի մասին՝ կարևորում է ժամանակակից լինելն ու տեղում չլճանալը, իսկ ապագայի ծրագրերում սպասվում են նոր մոտեցումներ, տեխնիկական նոր գործիքների կիրառում։

Back to top button