Դպրություն

1300–ից ավել ուսուցիչ կարող է զրկվել աշխատանքից․ «Դպրություն»

Ուսուցիչներին առաջարկվում է մասնակցել ատեստավորմանը և առնվազն 60 տոկոսանոց շեմը հաղթահարելու դեպքում՝ պահպանել իրենց աշխատատեղը։ Սակայն, 1300–ից ավելի ուսուցիչներ, որոնք չունեն բարձրագույն կրթության դիպլոմ, օգոստոսի 20-ից պետք է ազատվեն դպրոցից։

«Նախապատմությունը սկսվում է նրանից, որ օրենքում փոփոխություններ կատարվեցին դեռևս 12 տարի առաջ և դեռ այն ժամանակվանից հայտնի էր, որ ուսուցիչները, որոնք չունեն բարձրագույն կրթություն, պետք է հրաժեշտ տան դպրոցին։ Եթե օրենքի այդ կետի գործունեության ժամկետը շատ քիչ նորից երկարաձգվի, այդ ուսուցիչները բնական ճանապարհով դուրս կգան համակարգից։ Սա մեր կրթական համակարգին հնարավորություն կտա սահուն կերպով նոր ուսուցիչներ ներգրավել հանրակրթության համակարգ, լրացուցիչ ցնցումներ չբերել մեր դպրոցներին, որոնք առանց այդ էլ կրթության որակի ապահովման տեսանկյունից շատ վատ վիճակում են։ Ի՞նչ մտահոգություն կա ուսուցիչների մոտ։ Նրանք հիմնականում արդեն թոշակի տարիքի ուսուցիչներ են։ նրանց մի մասը իհարկե բարձրագույն կրթություն է ձեռք բերել, մյուս մասն էլ անընդհատ հետաձգել է գործընթացը։ Այս ուսուցիչների մտահոգությունը այն է, որ չի կարելի ուսուցչին գնահատել նրա բուհական կամ դպրոցական գիտելիքները ստուգելով», – ասում է կրթության ոլորտի փորձագետ ֆ․մ․գ թեկնածու, դոցենտ Ատոմ Մխիթարյանը։

«Միջին մասնագիտական կրթություն ունեցող ուսուցիչները 1340-նն են և օրենքի համաձայն նրանց գործունեությունը սահմանվում է մինչև 2023թ․–ի օգոստոսի 20–ը։ Բայց, եթե տվյալ ուսուցիչները դիմում են, մասնակցում են կամավոր ատեստավորման գործընթացին և գրանցում են համապատասխան արդյունք՝ սա արդեն փաստում է իրենց առարկայական գիտելիքի լավ իմացությունը, որով և հնարավորություն է ընձեռված տվյալ ուսուցիչներին մնալ և շարունակել իրենց աշխատանքային գործունեությունը»,- պարզաբանում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության հանրակրթական և արտադպրոցական ծրագրերի մշակման և իրականացման բաժնի գլխավոր մասնագետ Աննա Խաչատրյանը։

Back to top button