Կյանքին ասել այո՛Տեսանյութեր

Երբեք չենք նստի այն ինքնաթիռը, որը կթռչի Եռաբլուրի վրայով․ Մկրտիչ Գևորգյան․ «Կյանքին ասել այո՛»

Մկրտիչ Գևորգյանը ծնվել է 1994 թվականին Թալինի տարածաշրջանի Ներքին Բազմաբերդ գյուղում։ Երկու եղբայր են, ինչպես սասունցի տատն էր նրանց անվանել ՝ Հրագն ու Ճրագը։ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում աշխատող հայրը 2006 թվականին մահացել է քաղցկեղից, մայրը հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի է։ Մկրտիչը երեք տարեկանից զբաղվել է ազգագրական երգ ու պարով։ 2009-ից «Սասուն» համույթում է։ Ավարտելով Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Սոս Սարգսյանի ու Դավիթ Հակոբյանի արվեստանոցը, Մկրտիչը 2015-ին զորակոչվեց բանակ։ Ժամկետային զինծառայություն է անցել Լուսակերտի ուսումնական, ապա Արարատի մարզի զորամասերից մեկում՝ որպես հրետանու հրամանատար։ 44-օրյա պատերազմին մասնակցել է Արագածոտնի կամավորական ջոկատի կազմում։ Հոկտեմբերի 23-ից մինչև նոյեմբերի 11-ը եղել է Ասկերանի շրջանի տարբեր հատվածներում։

Այժմ աշխատում է Ավետիք Իսահակյանի անվան գրադարանում որպես բաժնի վարիչ։ Շարունակում է ելույթները «Սասուն» ազգագրական երգի-պարի համույթում։ Պատերազմից հետո հեղինակած «Կամավորի օրագիրը» տպագրական փուլում է։ Կարևոր ճակատագրական փուլում է հատկապես Մկրտիչի անձնական կյանքը։ Պատերազմից հետո բախտը ժպտաց ու Մկրտիչի կյանքում հայտնվեց արցախցի Իրինան։ «Հենց իմացա արցախցի է, ասացի՝ վե՛րջ, այս աղջիկը իմ կինը պետք է լինի։ Մենք՝ ի տարբերություն արցախցի-հայաստանցի տարանջատումների, ընդունել ենք միասնական Հայաստանի կերպարը»,-ասում է Մկրտիչն ու հավելում՝ ես և Իրինան միշտ ասում ենք՝ երբեք չենք նստի այն ինքնաթիռը, որը կթռչի Եռաբլուրի վրայով։

Back to top button