Ժամանակի վկան

Ընտանիքը հայապահպանության պատվար․ Շանթ և Ալին Ղազարյաններ․ «Ժամանակի վկան»

Հայ ընտանեկան ավանդույթները հազարամյակների պատմություն ունեն։ Գրեթե այնքան, որքան հայը գոյություն ունի մոլորակի վրա։ Այդ ավանդույթները սերնդե-սերունդ փոխանցվել են՝ ժամանակի ընթացքում որոշակի փոփոխություններ կրելով։

Հայոց ցեղասպանությունից հետո հայությունն այդ ավանդույթների կրողը եղավ նաև հայկական սփյուռքում։
Հայկական ընտանիքը 20-րդ դարում և 21-րդ դարի առաջին քառորդում կենսունակ, նախնիների ավանդույթները շարունակող, հայկականը պահպանել ձգտող համակարգ է։

Ալին Ղազարյանի տիգրանակերտցի նախնիները

Այսօր իմ հյուրերն են կանադահայ ամուսիններ Շանթ և Ալին Ղազարյանները, որոնց բազմանդամ ընտանիքի օրինակով կներկայացնենք հայկական դասական սփյուռքյան ընտանեկան կապերն ու միջավայրը, ձգտումներն ու մտահոգությունները։

Ալին Ղազարյանի տիգրանակերտցի տատիկն ու պապիկն ընտանիքով

Նշեմ, որ լինելով ծանոթ այս ընտանիքին, հետաքրքրությամբ հետևում էի նրանց ընտանեկան, երեխաների դաստիարակության երևացող դրսևորումներին ու հաճելիորեն զարմանում՝ նկատելով ծնողների ջանքերն արտերկրում իրենց 4 զավակներին հայեցի կրթելու, ընտանեկան միջավայրը հայկականությամբ լցնելու ուղղությամբ։

Շանթ Ղազարյանը՝ Հայոց ցեղասպանության վերապրածների հետ հարցազրույց անելիս (Բեյրութ, 1985 թ․)

Ինչպե՞ս է դա նրանց հաջողվում, պարզելու համար հրավիրեցի նրանց հաղորդաշարին հյուր՝ առիթից օգտվելով, որ նրանք իրենց հանգիստն այս ամռանն անցկացնում են Հայաստանում։ Պատահում է նաև այսպես, որ կարելի է միասին սովորել նույն դպրոցում, ապա այլ երկրում հանդիպել որպես անծանոթներ, պարզել, որ դա այնքան էլ այդպես չէ ու ամուսնանալ՝ հիշում է Շանթ Ղազարյանը։

Շանթ Ղազարյանի ընտանիքը (1975 թ․)

Տիգրանակերտցի նախնիներ ունենալ երկու կողմից՝ այնքան էլ հեշտ բան չէ, քանի որ, երբ զույգի հարաբերություններն սկսեցին լրջանալ, Ալինի հայրը, որպես հարգանքի նշան, այդ մասին տեղեկացրեց գերդաստանի տարեցներին։ Ի պատասխան՝ ստացավ հարցերի տեղատարափ՝ «Տիգրանակերտցի՞ է ընտրյալը, ինչո՞ւ տիգրանակերտցի տղա մը չի գտավ․․․»։ Այս դրվագն Ալինը վերհիշեց ու պատմեց արդեն ձայնագրությունից հետո։

Ամուսինները քաջ գիտակցում են հայապահպանությանն ուղղված բոլոր մարտահրավերները, բայց երբեք ճնշման չեն գնացել։ Ալինն ամուսնու շնորհիվ և երեխաների դասերին հետևելով կատարելագործեց իր հայերենը։ Ընտանիքում՝ լինի Հայաստանում, թե Սփյուռքում, տատիկներն ու պապիկները կարևոր և հսկայական դեր ունեն ընտանեկան ավանդույթների, հիշողության, կենսափորձի փոխանցման առումով։ Մեղրամիսը Կարիբյան կղզիներում չանցկացրեցին, թեև հնարավորություն ունեին, և այժմ էլ երեխաները նախընտրում են հանգստանալ Հայաստանում։

Ղազարյան ընտանիքը

Ամուսինները երջանիկ են, որ կարողացել են ստեղծել հայկական բույն, որտեղ սերմանվածը, համոզված են, որ կփոխանցվի սերնդեսերունդ, իսկ որպես վերջնական հանգրվան՝ կուղղորդվի դեպի հայրենիք, ուր և իրենց բոլոր մտքերն ու իղձերն են։ Ամփոփելով հաղորդումը՝ ևս մեկ անգամ հիշեցնեմ, որ հայոց պատմության հոլովույթում միշտ արժևորվել, ավելին՝ սրբացվել է հայ ընտանիքը: Ինչպես Գևորգ Մարզպետունին էր ասում․ «Ամուր ընտանիքն ամուր պետության հիմքն է»։

Եվ, ինչպես որ ամրագրված է ՀՀ Սահմանադրության 35-րդ հոդվածում, թե՝ «Ընտանիքը հասարակության բնական և հիմնական բջիջն է», այդպես էլ հուսանք, որ մեր ընտանիքները կզարգանան բնականորեն ու արտաքին որևէ միջամտություն չի խաթարի այդ հիմնական բջջի կենսունակությունն ու կայունությունը պահպանելուն՝ թե՛ Հայաստանում և թե՛ Սփյուռքում։

Back to top button