Ժամանակի վկան

Զորավար Անդրանիկի ամենասիրելի և փառաբանյալ քաջը՝ Մախլուտոն․ Կարինե Եղիազարյան․ «Ժամանակի վկան»

Զորավար Անդրանիկը հրաժեշտի ելույթում` դիմելով իր մարտիկներին, նշել է․ «Ես ձեզ բոլորիդ հոգուս չափ սիրեցի, բայց իմ ամենասիրելին և փառաբանյալ քաջը եղավ զորավար Մախլուտոն»:

Հաղորդումը նվիրված է նշանավոր հայդուկ, Անդրանիկ զորավարի անձնական քարտուղար և զինակից, Հայաստանի առաջին Հանրապետության զորավար, գեներալ Սմբատ Բորոյանին՝ հանրահայտ Մախլուտոյին։

Թեման ներկայացնում ենք ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի դոցենտ, պատմական գիտությունների թեկնածու Կարինե Եղիազարյանի հետ։

19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի ազգային-ազատագրական շարժման գործիչ-ֆիդայի՝ Սմբատ Բորոյանի (Մախլուտո) «Յուշիկք հայրենեաց» գիրք-հուշագրությունը 2021 թվականին լույս տեսավ Երևանում։ Սմբատ զորավարի ընկերը՝ Մկրտիչ Երիցյանցը, դեռևս 1936 թ. Փարիզում հրատարակել էր զորավարի հուշերը, սակայն այդ հրատարակությունն ամբողջական չէր:

«Յուշիկք հայրենեաց» գիրք-հուշագրությունը ամփոփում է զորավարի հուշերն իր կյանքի և հեղափոխական գործունեության մասին:

Հայաստանի պատմության թանգարանի արխիվային ֆոնդերում պահվող հուշերը թանգարանին է նվիրել ՀՍՍՀ Արդարադատության մինիստրության Երևանի աոաջին պետական նոտարական գրասենյակի նոտար Սաղաթելյանը՝ 1956 թ. մարտի 21-ին: Արխիվում հատկապես ուշադրության են արժանի Սմբատ Բորոյանի՝ 612-617 համարների տակ պահվող ձեռագիր հուշերը՝ «Յուշիկք հայրենեաց» վերնագրով։ Դրանք ամփոփված են 6 տետրերում:

Սմբատ զորավարը պայմանական բաժանումներով շարադրել է հուշագրությունը․ Ա. Պատմական Հայաստանը քաղաքականապես, Բ. Մեր հեղափոխությունը, իմ կյանքս, մասնակցությունս ու տեսածներս, Գ. Տարոնի աշխարհը եւ Տարոնացին՝ իր քաղաքական եւ գրական արժեքներով, բարքերով ու սովորություններով, առանձին հավելվածով տվել է «Արտասահմանի կյանքս եւ տպավորություններս», Մարսել (Ֆրանսիա), 1941: Եվս մեկ հավելված կա Բ գլխում, որտեղ նա պատմում է Զեյթունի և Սասունի ապստամբությունների, Բանկ Օթոմանի գրավման, Խանասորի արշավանքի, Մշո Աոաքելոց վանքի կռվի մասին:

Այս հուշագրությունը ականատեսի արժեքավոր վկայություններով հարստացնում է 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի հայ ազատագրական շարժումների, հայոց ազատամարտի տարեգրությունը։ Այն Տարոնի պատմության ուսումնասիրության համար անգնահատելի աղբյուր է:

Երբ 1928 թվականի հունվարին Անդրանիկ զորավարաի աճյունը Ֆրեզնոյի «Արարատ» գերեզմանատնից փոխադրվեց Փարիզ և վերաթաղվեց Պեր-Լաշեզ գերեզմանոցում, տարիներ անց՝ 1945 թ., զորավարի շիրիմին կանգնեցվեց Լևոն Մուրադովի կերտած սպիտակաթույր արձանը, որը պատկերում է զորավարին ճերմակ նշույգին հեծած։ Այդ օրը նրա ամենասիրելի զինվորը՝ Մախլուտոն, հանդես եկավ հիշատակի խոսքով, որում մասնավորապես ասաց․

«Անդրանիկ ջան, ահա տարիներ են անցել, ու դու հեռացար անդարձ, թողնելով հայ ժողովրդին եւ այնքան սիրելի՝ զենքիդ հավատարիմ ընկերներին սուգի մեջ, օտար երկնքի տակ, որոնց համար երեսուն տարուց ավելի մարտնչեցիր մեր ոխերիմ եւ անարգ թշնամու բռնակալության դեմ, կուրծքդ վահան եւ կամքդ նիզակ դարձրած։ Անդրանիկ ջան, միշտ եւ միշտ ականջումս քո վերջին խոսքերը կարձագանքեն, որ ասեցիր. «Մահս չեմ ողբում, այլ կիսատ թողած գործերս»: Թող քո տառապած եւ հոգնած ոսկորները հանգիստ լինեն, այդ կիսավարտ գործդ, մեզ համար ամենասուրբ եւ նվիրականն է։ Հայ ժողովուրդը խորին հարգանքով կխոնարհվի եւ ատրուշաններ կվառի կիսավարտ գործերիդ առջեւ, եւ որպեսզի հանգիստ ննջես, աշխարհասփյուռ Հայ ժողովուրդը ոտքի է կանգնած, մեկ շունչ, մեկ բերան եւ մեկ հոգի, այդ թանկագին գործդ ավարտելու աշխատանքին լծված։ Ես, Անդրանիկ ջան, վստահ եմ եւ խոր հավատք ունեմ, որ շուտով կավարտի այդ կիսատ գործը, եւ արդեն քո սիրելի ժողովուրդը քեզ Տարոն աշխարհ կտեղափոխի, որտեղ ամփոփված են սիրելի ընկերներդ՝ Աղբյուր Սերոբը, Հրայրը, Լեւոնը, Գալեն, Գեւորգ Չաուշը, Պանդուխտը, Մկրոն, Զավենը եւ շատ ու շատերը։ Գիտեմ, Անդրանիկ ջան, դու միայն սիրելի ընկերներիդ մոտ հանգիստ կլինես։ Կիսավարտ գործերդ ավարտելուց հետո Հայ ժողովուրդը պիտի այդ սուրբ հողի վրա Քո ասպետական, ինչպես նաեւ բոլոր հերոս ընկերներիդ կոթողները կանգնեցնի։ Իսկ ես՝ իմ անմոռանալի Զորավար, ես ինչպես վիրավոր կռունկ, երամից զրկված, անզոր թեւերով ման կգամ, մինչեւ որ տեսնեմ Ձեր սուրբ գործի լրիվ ավարտումը։ Այո, ես դեռ պետք է ապրեմ ու տեսնեմ մեր մարտիրոս ժողովրդի երջանիկ օրը։ Ու երբ ես էլ հրաժեշտ տամ այս անցավոր աշխարհին, ու գամ Ձեզ միանալու, Ձեզի պետք է բերեմ այդ սրբազան ավետիսը։ Առայժմ Անդրանիկ ջան, ես հարգանքով կխոնարհվեմ շիրիմիդ առջեւ, եւ կհամբուրեմ այդ հողը, որ խորթ է եւ ծածկել է Քո հուժկու մարմինը» (04. 11. 1945 թ.)։

Սմբատ զորավարը պարգևատրվել է ցարական երկու խաչով և մեկ մեդալով։ Նրա կիսանդրին տեղադրված է Գյումրիում, իսկ քանդակը՝ Ջերմուկում։

Back to top button