Ժամանակի վկանՀասարակություն

Ներսիսյան դպրոցը 200 տարեկան է․ Ստյոպա Պետոյան․ «Ժամանակի վկան»

Այս տարի լրանում է Ներսիսյան դպրոցի հիմնադրման 200-ամյակը։ Հոբելյանական միջոցառումների մեկնարկը տրվել է հունվարի 26-ին Թբիլիսիում։ Պատմում է հաղորդման հյուրը՝ պատմական գիտությունների թեկնածու Ստյոպա Պետոյանը։

Երբ 1924թ. դադրեցվեց Ներսիսյան ճեմարանի գործունեությունը, շենքը հանձնվեց Վրաստանի կրթության նախարարությանը: Այնուհետև այն վաճառվել է քանիցս:

Իսկ Կովկասյան համալսարանի ղեկավարությունը, որը գործում է Վրաստանում 1998 թվականից, 2006 թվականին գնեց դպրոցի շենքը մասնավոր սեփականատիրոջից, ապա կատարվեցին վերականգնողական աշխատանքներ։ Մի քանի տարի առաջ նախկին Ներսիսյան դպրոցի շենքում գործունեությունը վերսկսել է Վրաստանում հեղինակավոր համալսարաններից մեկը՝ Կովկասյան համալսարանը։

Ետ գնալով երկու դար՝ վերականգնենք Կովկասում գործած ամենահեղինակավոր կրթական հաստատության պատմությունը։

Ժամանակի ամենաազդեցիկ գործիչ Ներսես Ե Աշտարակեցի Ամենայն հայոց կաթողիկոսը, որի շիրմաքարին գրված է «Պաշտպան հայրենեաց», իմաստուն էր նաև դպրոցի ինքնաֆինանսավորման խնդրին յուրօրինակ լուծում տալու հարցում։

Ներսիսյան դպրոցը գործել է 1824 թվականի դեկտեմբերից, ապա ճեմարանը տեղափոխվեց նոր մասնաշենք: 1877 թվականից դպրոցը դարձավ միջնակարգ ընդհանուր կրթության: Հայ մեծանուն բարերար Ալեքսանդր Մանթաշովի ընտանիքը մեծ ներդրում ունեցավ հովանավորելով դպրոցի հաջորդ՝ երրորդ շենքի կառուցումը։ Նշենք նաև, որ այդ մասնաշենքը կառուցվել է Հայաստանից բերված տուֆով։

Ներսիսյան հոգևոր դպրոցը կրթել ու դաստիարակել է սերունդներ։ Դպրոցի շրջանավարտներից են եղել ժամանակի ականավոր մշակութային, հոգևոր, ռազմական ու քաղաքական գործիչները։

1924 թվականին մեծ շուքով նշվեց Ներսիսյան դպրոցի հիմնադրման 100-ամյակը, սակայն շատ չանցած խորհրդային իշխանությունների որոշմամբ այն փակվեց։

Ներսիսյան դպրոցի պատմությունը կարելի ուսումնասիրել պահպանված բազմաթիվ վավերագրերով։

Ստյոպա Պետոյանն արխիվներում հատկապես շատ է փնտրել մի գրություն, սակայն ապարդյուն։ Անհայտ է նաև Ներսես Աշտարակեցու և Ալեքսանդր Մանթաշյանցի կիսանդրիների ճակատագիրը։

Չնայած որ Ներսիսյան դպրոցի գործունեությունն ընթացել է վայրիվերումներով, այն անգնահատելի ու կարևոր դեր է կատարել ոչ միայն հայ, այլև Կովկասի ժողովուրդների պատմության, մշակույթի, կրթության բնագավառներում։

Ներսիսյան դպրոցի հիմնադրման 200-ամյակի հոբելյանական ձեռնարկումները, որոնք տեղի են ունենում Վրաստանում և Հայաստանում, կարևոր ուղերձ են պարունակում։ 

Back to top button