Ժամանակի վկան

Ֆրանսիայի ազգային հերոս Միսաք Մանուշյանի վերապրումը հանուն հավերժության․ «Ժամանակի վկան»

«Հոգիս բուրվառ է մշտավառ, ուր կը ծխան սերերս համայն,
Կը խնկարկեմ ես զայն կյանքի տաճարին մեջ հավերժական,
Բազմահազար հավատացյալ ամբոխներու երեսն ի վեր,
Ու կը ժողվեմ անոնց դեմքեն հավատամքի լույսեր տարբեր»…

Միսաք Մանուշյան, «Կյանքիս երգը»։

Հակաֆաշիստական պայքարի առաջամարտիկ, Ֆրանսական դիմադրության շարժման ականավոր գործիչ, Ֆրանսայի ազգային հերոս Միսաք Մանուշյանի և նրա կնոջ՝ Մելինե Մանուշյանի աճյունները 2024 թ․-ի փետրվարի 21-ին վերահուղարկավորվեցին Ֆրանսիայի մեծագույն գործիչների ազգային պանթեոնում նահատակությունից ութսուն տարի անց։

Պետական բարձր մակարդակով կազմակերպված արարողակարգի ժամանակ նախագահ Էմանուել Մակրոնի հիշատակի խոսքը հուզիչ էր, գեղարվեստականության բարձր չափանիշներով կառուցված, ամփոփում էր պատմական դարակազմիկ իրադարձությունները, համեմված էր մեծ բանաստեղծների ու գրողների մտքերով, հռետորական բարձրարվեստ ընթերցմամբ խոնարհումի ու ակնածանքի արտահայտություն էր։ Ամբողջ արարողակարգի նրբաճաշակ, պարզ և միաժամանակ շքեղ ներկայացումը ևս մեկ անգամ ցույց տվեց, թե ինչպես են հարգում ազգային հերոսներին, հերոսներ որոնք կյանք են տվել հանուն երկրի, հանուն ազգի ու մարդկության։ Հերոսներ, որոնք ապրեցրել են սերունդներ, որոնցով կերտվել են նոր ճակատագրեր։

Հիրավի օրինակելի, բարձրակարգ արտահայտություն զոհված հերոսների գործը և հիշատակը գնահատելու, արժևորելու և հիշելու։

Միսաք Մանուշյանն առաջին օտարազգի,  ազգությամբ հայ անհատն է, որ արժանացավ այդ պատվին՝ այսուհետև ննջելու Ֆրանսիայի մեծ գործիչների կողքին։ Նշենք, որ մինչև այժմ 81 գործիչներ են ամփոփված այդտեղ, ինչպիսիք են Վիկտոր Հյուգոն, Ժան Ժակ Ռուսոն, Վոլտերը և այլք։

Չենք կարող չնկատել ևս մեկ նրբություն․ Միսակ Մանուշյանը, որ արդեն հետմահու պարգևատրվել էր Ֆրանսիայի պետական բարձրագույն՝ Ազգային լեգեոնի շքանշանով, այսինքն համարվում էր Ազգային հերոս, կարող էր միայնակ ամփոփվել պանթեոնում։

Բնականաբար, եթե միայն Միսաք Մանուշյանի մասունքները տեղափոխվեին պանթեոն, դա լրիվ ընկալելի կլիներ հանրության համար, մանավանդ, եթե նկատի ունենանք, որ մահապատժի ենթարկված 24 հոգու մեջ Մելինեն չկար։ Բայց Ֆրանսիան նախընտրեց ամուսիններին միասին վերաթաղել։ 

Կարծում եմ, Ֆրանսիայի նախագահի և կառավարության առանձնահատուկ ուշադրության և գնահատանքի առանձնահատուկ արտահատությունն էր տեր և տիկին Մանուշյաններին միասին պանթեոնում վերահուղարկավորելու փաստը։ Սա նաև Մելինե Մանուշյանի վաստակի գնահատումն էր, այն ջանքերի, որ գործադրեց ամուսնու գործը հանրահռչակելու, նրա հիշատակի հիշողությունը պահպանելու համար։

Ֆրանսիայի Ազգային պանթեոնում Ֆրանսիայի ազգային հերոս Միսաք Մանուշյանի հիշատակին նվիրված հիշատակի խոսքը նախագահ Էմանուել Մակրոնն ամփոփելով՝ ասաց․ «Ահա՛, թե ինչպես են տղամարդիկ վերապրում։ Ահա՛, թե ինչպես են Մեծ Մարդիկ Ֆրանսիայում ապրում հավերժության համար»:

Back to top button