Դպրություն

Ուսանողներն այժմ ավելի կրեատիվ են․ «Դպրություն»

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ուսանողական խորհուրդը և ուսանողական գիտական ընկերությունը կազմակերպել էին «Beenginer-4» ուսանողական գիտաժողովը, որին մասնակցում էին ՀՀ պետական բուհերի ուսանողները։ Գիտաժողովի նպատակն է ուսանողների մոտ խթանել գիտական միտքը։

Գիտաժողովին մասնակցում էին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի, Հայ-ռուսական համալսարանի, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի և Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի ուսանողները։

ՀԱՊՀ ՈՒԽ նախագահ Գևորգ Հարությունյան, փոխնախագահ Ռաֆայել Թովմասյան ․ Մեր նպատակն է ուսանողներին, մագիստրանտներին, ասպիրանտներին տալ հնարավորություն ներկայացնելու իրենց կողմից կատարված գիտական մշակումները, նախագծերը, կազմակերպել համապատասխան քննարկումներ և լավագույն աշխատանքները ներկայացնել հրատարակման՝ նպաստելով համալսարաններում գիտական գործունեության առաջընթացին։

Էլեկտրոնային չափիչ համակարգեր և չափագիտության ամբիոնի դասախոս Վարդան Պետրոսյան․ Իմ գնահատականը գիտաժողովի անցկացման վերաբերյալ միանշանակ դրական է, պարզապես պետք է ավելի հաճախակի դարձնել, որովհետև դա հնարավորություն է տալիս բոլոր մասնակից բուհերի ուսանողներին ծանոթանալ միմյանց հետ, տեղեկանալ նոր գաղափարների մասին։ Այս տարիքում պետք է կայանա երիտասարդ գիտնականը։ Իմ համոզմունքն է։

ՀԱՊՀ-ի գիտական հետազոտությունների և ինովացիոն մշակումների կենտրոնի պետ Արմինե Ավետիսյան․ Մեր ժամանակների հետ համեմատած՝ այժմ ուսանողները իրենց կրեատիվությամբ ավելի բարձր մակարդակի շեմին են, ձգտումները ավելի են, նպատակասլաց են։ Պարզապես կուզեի , որ այս ճանապարհին հետազոտությունները մի քիչ ավելի խորքային լինեին և եթե դա էլ լինի, կարծում եմ գիտության ապագան շատ ավելի լավը կլինի քան այսօր ունենք։

Back to top button