Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»
Հայ հեղափոխական դաշնակցությունը 2013 թվականի փետրվարի 18-ի նախագահական ընտրություններին թեկնածու չի առաջադրի, չի սատարի իշխանության թեկնածուին և կհետեևի նախընտրական զարգացումներին՝ փորձելով կողմնորոշել Դաշնակցության կառույցներին ու համակիրներին, որոշումն ընդունվել է նախօրեին կայացած Գերագույն ժողովը: Դաշնակցության ներկայացուցիչներն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսել են այն պատճառների մասին, որոնք կուսակցությանը ստիպել են սեփական թեկնածուով հանդես չգալ, բայց և չբոյկոյկոտել ընտրությունները:
Ըստ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի՝ պատճառները, որոնք Դաշնակցությանը ստիպեցին սեփական թեկնածու չառաջադրել, բայց նաև չհայտարարել ընտրությունները բոյկոտելու մասին, 4-ն են:
«Առաջինը ընտրությունների բնույթի խնդիրն է, որը ինչպես տնտեսությունը, քաղաքական հարաբերույթյունները ստվերային է: Եվ այս ընթացքում մենք չկարողացանք այդ բնույթը փոխելու նախադրյալներ ստեղծել»:
Չմասնակցելու երկրորդ պատճառը, ըստ Դաշնակցության ներկայացուցչի, միասնական ընդդիմադիր ճակատ ձևավորելու և միասնական թեկնածու ունենալու փորձերի ձախողումն էր:
«Մասնակցել ինքնանպատակ, կանխորոշված ընտրություններին կնշանակեր գծված սցենարին մաս կազմել , իսկ մենք ասել ենք, որ Դաշնակցությունը երբեք ուրիշների խաղը չի խաղում և ուրիշների սցենարով չի առաջնորդվում»:
Եվ վերջապես՝ Դաշնակցությունը համոզված է, որ միայն ընտրություններն ու նախընտրական շրջանները չեն, որ կուսակցություններին հնարավորույթյուն են տալիս ներկայացնել սեփական դիրքորոշումները: Այդ պատճառով Դաշնակցությունն իր հայտարարության մեջ նշում է, որ հետևելու է նախըտրական զարգացումներին և հարկ եղած դեպքում փորձելու է կողմնորոշել իր կառույցներին ու համակրներին:
Ըստ Աղվան Վարդանյանի ՝ բոյկոտն իմաստ կունենար այն դեպում, երբ առնվազն ընդդիմադիր դաշտում համընդհանուր լիներ:
«Ցավոք, հենց սկզբից էլ ակնհայտ էր, որ կախված տարբեր գործոններից, մարդկանց ամբիցիաներից ու նպատակներից, նման համընդհանուր բոյկոտ հնարավոր չի»:
ՀՅԴ-ն հնարավոր է համարում թեկնածուներից որևէ մեկին սատարելու տարբերակը՝ բացառելով միայն իշխանության թեկնածուին: Իսկ կլինի՞ արդյոք նման թեկնածու, թե՝ ոչ, դաշնակացականներին կկողմորոշի ընտրարշավի ընթացքը:
Սեփական թեկնածու չառաջադրելը չի նշանակում, թե ՀՅԴ-ն մի կողմ է քաշվում գործընթացներից: Ըստ Արմեն Ռուստամյանի՝ ընդհակառակը, սա Դաշնակցությանն ավելի անաչառ դիրքերից և ավելի լիարժեք գործելու հնարավորություն է տալիս:
«Այնպես որ՝ մեր քաղաքական գործունեությունը սրանով չի դանդաղելու։ Ընդհակառակը՝ նոր երանգ է ստանալու և մենք փորձելու ենք աշխատել ընտրական գործընթացները ճիշտ հունով տանելու ուղղությամբ»: