Միշա Մանուկյանը ծնվել է 2002 թվականի մայիսի 12-ին Շիրակի մարզի Սարալանջ համայնքում։ 2020 թվականին ընդունվել է Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ ու օգոստոսի 5-ին զորակոչվել բանակ։ Ծառայել է Արցախի Մարտունի 3 զորամասում։ Ծառայության ընթացքում պարգևատրվել է մի շարք կրծքանշաններով՝ «Լավագույն զինվոր-մարտիկ», «Մարտական հերթապահություն», «Լավագույն դիպուկահար» (3-րդ կարգ) և այլն։ Պատերազմի ժամանակ մասնակցել է Մարտունի քաղաքի ինքնապաշտպանությանը, որի համար ԱՀ նախագահի կողմից արժանացել է Արիության մեդալի։ «Դասակով խոստացել էինք, որ բոլորս ողջ ենք մնալու, բայց խոստումը պահեցինք ընդամենը մի քանիսս։ Նոյեմբերի 2-ին թշնամու կիրառած քիմիական զենքից տղաների մի մասը պարզապես մոխրացել էր։ Ամեն ինչ տեսել եմ իմ աչքերով»,-պատմում է Միշան։
Նոյեմբերի 3-ին նա ոտքի թեթև վիրավորում է ստացել, պատերազմից հետո շարունակել ծառայությունը Արցախում։ Միշան ասում է, որ այս պատերազմում ոչ միայն ընկերներ ու հայրենիք կորցրեց, այլև կորցրեց սիրած աղջկան, որը լքեց նրան հենց պատերազմի օրերին։
2022-ի օգոստոսին զորացրվելուց հետո ֆիզիկական ու հոգեբանական խնդիրների պատճառով չշարունակեց ուսումը ինստիտուտում, փոխարենը՝ ժամանակը լցրեց գրականությամբ։ Բանաստեղծությունների առաջին ժողովածուն, «Հարբած տողեր» վերնագրով, տպագրվել է 2020-ին՝ մինչև զորակոչվելը։ Առաջիկայում կտպագրվի արցախյան առաջին պատերազմի մասնակից Արայիկ Խանդոյանին նվիրված «Միայնակ գայլը» հուշապատումը։ Միշան աշխատում է նաև «Սիրահակվածություն» ժողովածուի վրա։ Պատերազմից հետո բանաստեղծությունների հիմնական նյութը դարձյալ հայրենիքն է ու սերը։ Փոխվել է միայն բանաստեղծի հայացքը, որն անխուսափելիորեն հասունացավ հատկապես պատերազմի 44 օրերի ընթացքում։
«44 օր»
…բարձր լացելու ձայնի չափ,
նրանք կարոտել են
արնածարավ խրամատներում
անմահացածներին,
և նրանց կյանքում միայն
սպասումի աշուն է,
ուր անձրևի փոխարեն
արյուն է կաթկթում երկնքից,
ուր ճաքճքած հողի ճաքերը՝
փակվում էին արյամբ.
այնտեղ հետո դեռ պետք է
ծաղիկներ ծլեին՝
տղաների փոխարեն…
իսկ նրանց սպասողները
(անսրտացել են ցավից)
դեռ պետք է սպասեն՝
շիրմաքարերը գրկելով միայն,
ու արցունքաքամ լինեն,
ու մի պահ իրենց անտեր զգան,
անտուն զգան,անբախտ զգան,
ու չհավատան,
որ իրենք դեռ կան
և ապրում են այդքանից հետո…
և երկինք բարձրացածներն
ամեն օր աստղերի տեսքով կերևան
մեր աչքերին,
այդպիսին է երկինքը՝
իրեն փայլեցնելու համար
չիմացավ, թե քանիսներին կխամրեցնի՝
սպասումի խրամատներում…
և՛ երկինք բարձրացածներն
ամեն օր աստղերի տեսքով կերևան
մեր աչքերին…
Միշա Մանուկյան