ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Ռուսական հեռուստաալիքները չեն լինի, եթե չլինի փոխհամաձայնություն․ ԲՏԱ նախարարն ամփոփել է 100 օրը

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն այսօր ամփոփել է պաշտոնավարման 100 օրը։ Ոլորտի պատասխանատուն անդրադարձել է իրականացված ծրագրերին, օրենսդրական նախաձեռնություններին ու ակնկալվող արդյունքներին։ Հայրապետյանը շեշտել է՝ նախարարությունը շարունակում է հարկային արտոնություններ տրամադրել Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը ներկայացնող ընկերություններին, այս պահի դրությամբ արդեն ավելի քան 6 տասնյակ ընկերություն է դիմել ծրագրից օգտվելու համար։ Նախախարը կարևորել է նաև ռազմարդյունաբերության ոլորտում գրանցած արդյունքները։ Մասնավորապես, 25 ընկերություն արդեն իսկ պաշտպանության նախարարության կողմից շուրջ 122 միլիարդ դրամի պատվեր ունի։ Մխիթար Հայրապետյանը լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է նաև ռուսական հեռուստաալիքների շուրջ ստեղծված աղմուկին ու ռուսական կողմի հետ ընթացքող բանակցություններին։

Ռուսական հեռուստաալիքների ու առանձին հաղորդումների շուրջ ստեղծված աղմուկից ամիսներ անց  բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը չի բացառում, որ Հայաստանը խզի միջկառավարական համաձայնագիրը Ռուսաստանի հետ։ Բայց նա նաև լիահույս է, որ քննարկումների ու հանդիպումների միջոցով հնարավոր կլինի ընդհանուր հայտարարի գալ ու պարզապես խմբագրումներ անել համաձայնագրում։

«Խոսքը ՀՀ–ի ու ՌԴ–ի միջև արդեն իսկ ավելի քան 3 տարի գործող միջկառավարական համաձայնագրի մասին է։ Այս համաձայնագրում նշված են խաղի կանոններ, որ օրինակ՝ համաձայնագրի ստորագրումից հետո այս մի քանի հեռուստաալիքները հանրային մուլտիպլեքսով ցուցադրվելու են։ Հետո համաձայնագրում շարադրված է, թե ըստ էության ինչ հեռուստակոնտենտ կարող է լինել, որը ընդունելի չէ կողմերի համար, և այստեղ ավարտվում է համաձայնագիրը․ այսինքն սա մի փաստաթուղթ է, որում շարադրված են խաղի կանոններ, բայց դրանք չպահելու համար սանկցիայի մեխանիզմեր գոյություն չունեն»,– մանրամասնում է նախարարը։

ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյան

Հայկական կողմն այս փաստաթուղթը ստորագրել է 2020–ի տարեվերջին, հույս ունենալով որ, հնարավոր խնդիրները կլուծվեն քննարկումների ու կոնսուլտացիաների միջոցով՝ շեշտում է նախարարը, սակայն իրավիճակը փոխվեց 2023-ի հոկտեմբերին, երբ հայկական մուլտիպլեքսում առկա ռուսական «Առաջին ալիքի» եթերում ծաղրական ու վիրավորական արտահայտություններ էին հնչում Հայաստանի ու կառավարության ղեկավարի հասցեին։

Դեռ այն ժամանակ Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն ուսումնասիրեց խախտումներն ու նամակ–առաջարկով դիմեց ոլորտը կարգավորող նախարարությանը։ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն ասում է՝ շաբաթներ առաջ Մոսկվայում հանդիպում են ունեցել ՌԴ թվային զարգացման, կապի և զանգվածային հաղորդակցության նախարարության ներկայացուցիչների հետ։

«Մենք այս շաբաթ կփորձենք ամբողջացնել մեր առաջարկությունները։ Այդ միջկառավարական համաձայնագրի վերախմբագրման մասին առանձին կետերի հետ կապված ԲՏԱ նախարարությունը ունի առաջարկներ, հստակ պատկերացումներ։ Առաջիկայում կներկայացնենք ու կրկին լավատես ենք, որ ՌԴ մոր գործընկերները դրան դրական կարձագանքեն ու դրանից հետո կվերանայենք համաձայնագիրը»։ 

Մինչև այս էլ պարբերաբար բանակցություններ եղել են, բայց փորձը ցույց է տալիս, որ առանց ամրագրված կարգավորումների ու սանկցիաների, համաձայնության գալը ավելի դժվար է․ Մխիթար Հայրապետյանն արձանագրում է՝ հայկական կողմը իր մտահոգությունների մասին բազմիցս բարձրաձայնել է։

«Հավատացնում եմ ձեզ՝ մեր նպատակը ոչ փաստաթղթի խզումն է, ոչ էլ հեռուստաալիքներ փակելը, մեր նպատակը, որ կողմերը հավատարիմ մնան փաստաթղթին, որովհետև մենք պատասխանատվորեն ենք մոտենում մեր դրած ստորագրությանը։ ԲՏԱ նախարարությունը խնդիր չի դրել հաղորդումներ փակելու, անկախ նրանից, թե այդ հաղորդումներին հրավիրված դեմքը, դեմքի արտահայտությունը, անցած ճանապարհը մեր սրտով է, թե ոչ։ Եթե իրենք խաղի կանոններին հետևում են, ապա մենք հավատարիմ ենք մեր դրած ստորագրությանը»,– շեշտում է Մխիթար Հայրապետյանը։

Հայրապետյանը սակայն չի բացառում, որ եթե քննարկումների արդյունքում փոխըմբռնում չլինի, հայկական կողմը կարող է գնալ նաև համաձայնագրի միակողմանի խզման։ ԲՏԱ նախախարն ընդգծում է՝ վերջերս հանդիպումներ են ունեցել նաև հանրային մուլտիպլեքսում գործող տարբեր հեռուստաընկերությունների ներկայացուցիչների հետ՝ եղած խնդիրները գույքագրելու ու լուծումներ գտնելու համար։

«Վերջին տարիների ընթացքում, հատկապես գովազդային շուկայում, որոշակի խաղի կանոների փոփոխության արդյունքում այս հեռուստաընկերությունները բավականին լուրջ դժվարությունների առաջ են կանգնած։ Ես, օգտվելով առիթից, ցանկանում եմ նշել, որ այդ հանդիպումներից հետո ձևավորվել է աշխատանքային խումբ, մենք ակնկալում ենք «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում մեծածավալ փոփոխություններ, բայց չենք բացառում, որ նաև հնարավոր է առանձին ծրագրեր իրականացվեն հեռուսատաալիքներին աջակցելու համար»։

ԲՏԱ նախարարն իր պաշտոնավարման100 օր ամփոփելիս անդրադառնում է նաև մյուս կարևոր ոլորտներին ու իրականացված ծրագրերին։ Ընդգծում է՝ եռամսյակում հասցրել են մի քանի օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալ, ինչպես նաև շարունակում են աշխատել ոլորտային ռազմավարության ու մայր օրենքի ուղղությամբ։

Back to top button